Մեկնաբանություն

07.05.2014 15:53


Վարչապետը՝ համատեղության կարգով մամլո խոսնակ

Վարչապետը՝ համատեղության կարգով մամլո խոսնակ

Հովիկ Աբրահամյանը շարունակում է համատեղության կարգով նաև մամլո խոսնակ աշխատել Սերժ Սարգսյանի համար: Նա արդեն հասցրել է մամլո խոսնակի դերում հանդես գալ երեք անգամ: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին: Եթե մի ժամանակ Սերժ Սարգսյանին վերաբերող հարցերին պատասխանում էր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, ապա այսօր այդ գործառույթը կատարում է հենց Հովիկ Աբրահամյանը:

Նույնիսկ Տիգրան Սարգսյանը նման գործառույթ չէր կատարում: Վերջինս հիմնականում պատասխանում էր իրեն ուղղակի վերաբերող քննադատություններին, իսկ Հովիկ Աբրահամյանն ավելի հավատարիմ երևալու համար պատրաստ է նույնիսկ մամլո խոսնակ դառնալ, որպեսզի ցույց տա, որ հավատարիմ է ՀՀԿ-ի՝ ԳՄ-ում հնչեցրած Սերժ Սարգսյանի պահանջներին:

Քանի որ Սերժ Սարգսյանը սահմանափակել է Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականություն մշակելու հնարավորությունները, ապա վերջինս ստիպված է մամլո խոսնակի դերակատարությունը վերցնել իր վրա: Կարծես Հովիկ Աբրահամյանը մնում է այն կարծիքին, որ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»: Հենց խելքի պակասի պատճառով էլ նա խոսնակի դեր է կատարում: Նույնիսկ պատասխանների ոճից երևում է, որ տեքստում արտահայտված մտքերը հիմնականում իրենը չեն:

Եթե շատ խելք լիներ, ապա Հովիկ Աբրահամյանը կհասկանար, որ վարչապետի պաշտոնում մամլո խոսնակի գործառույթով չեն զբաղվում: Նա նույնիսկ չի հասկանում, որ իր պատասխանի տեքստերով անձամբ պետք է զբաղվի, որովհետև հայտարարությունից պարզ երևում է, որ իր մտքերը չեն:

Ընդհանրապես, եթե ինչ–որ մեկը քաղաքական պաշտոնի համար պայքարում է, ապա այդ պաշտոնին հասնելուց հետո էլ պետք է առավելագույնն անի, որպեսզի նախկին պաշտոնյային մի քիչ գերազանցի, բայց ոչ թե իր անմիջական ղեկավարին դուր գալու, այլ հանրային խնդիր լուծելու հարցում: Սակայն Հովիկ Աբրահամյանը չի կարողանում նույնիսկ Տիգրան Սարգսյանի չափ լինել ու վերածվել է Բաղրամյան 26-ի մամլո խոսնակի: Սա հուշում է այն մասին, որ վերջում նա Տիգրան Սարգսյանից ավելի ծանր վիճակում է հայտնվելու:

Երբ քաղաքական գործիչը մտածում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, Հայաստանի կառավարման համակարգում վտանգ կա, որ նա կհայտնվի վարչապետի պաշտոնում, բայց իրականում վարչապետ չի դառնա, այլ մամլո խոսնակ: Իսկ դա քաղաքականությամբ զբաղվել չէ: Նման դեպքում քաղաքականությունն է սկսում զբաղվել տվյալ պաշտոնյայով:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը