Կարծիք

07.05.2014 15:29


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԲՈՅԿՈՏԵԼ

Առաջիկա օրերի քաղաքական ինտրիգը կարելի է համարել, թե ինչ վերաբեմունք կարտահայտեն խորհրդարանական ոչիշխանական ուժերը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:

Գաղտնիք չէ, որ վարչապետի փոփոխությունը դեռ չէր հասցրել առաջացնել որոշ սպասումներ հասարակության շրջանում, երբ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանից պահանջվում է շարունակել նախորդ կառավարության ծրագիրը՝ հիմնականում «հին» նախարարներով ու նախկին դեմքերով: Այսինքն, նոր կառավարության ձևավորմամբ էլ Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ կասկածանքով է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի նվիրվածությանը:

Եվ ինչ ջերմեռանդությամբ նորանշանակ վարչապետը փորձի փարատել Ս.Սարգսյանի անվստահությունը, զուգահեռաբար ու նույն չափով կորցնելու է հանրության մոտ իր գործունեության հանդեպ սպասումները: Հովիկ Աբրահամյանը պարտադրված է առաջին հերթին վճռական որոշում կայացնել, թե ում վստահությունն է իր համար առավել կարևոր՝ հանրությա՞ն, թե՞ ՀՀԿ ղեկավարի, քանի որ հնարավոր չէ համատեղել անհամատեղելին: Ասել է թե՝ հերթական «և, և»-ը կձախողվի՝ դեռ կյանքի չկոչված:

Այս պարագայում, երբ իշխանությունները ո՛չ բարեփոխումներ իրականացնելու ցանկություն ունեն, ոչ էլ՝ հնարավորություն, «քառյակը» պետք է ուղղակի հակադարձի՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումները բոյկոտելով:

Եթե ի սկզբանե հայտարարում են, որ այս ծրագիրը նախորդի շարունակությունն է լինելու՝ ընդամենը մի քանի ոչ էական նախադասություն փոխած, էլ ի՞նչ իմաստ ունի բովանդակային քննարկման մասնակից դառնալ: Հարցադրումներ ու պահանջներ, այո՛, պետք է առաջ քաշել, սակայն քվեարկությանը մասնակցելու իմաստ չկա։ Հատկապես ՕԵԿ–ի՝ կոալիցիայից հեռանալուց հետո ՀՀԿ–ն խնդիրների առաջ կկանգնի ու ստիպված կլինի մոբիլիզացնել ուժերը, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ։
Իսկ Հովիկ Աբրահամյանը դրանից պետք է եզրակացնի, որ ո՛չ իշխանություններն ընդհանրապես, ոչ էլ նոր կառավարությունը՝ մասնավորապես, չունեն հանրային աջակցություն, ու եթե վարչապետն այս պարագայում ցանկանում է գոնե սեփական գործնական որակների հաշվին, իր այլևս համեստ լիազորությունների շրջանակներում, ինչ-որ դրական քայլեր անել, թող անի, և արդեն անձնապես փորձի արժանանալ հանրության բարեհաճ վերաբերմունքին այնքանով, որքանով դա իրեն կհաջողվի: Իսկ սա միայն բարի կամքի դրսևորում չի կարող լինել, ինչպես դա արվում է «կուտակայինի» հարցում, այլ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերում:

Իսկ այս ամենը չպետք է պայքարի ելած քաղաքական ու քաղաքացիական ուժերին շեղի հիմնական թեմայից՝ Սերժ Սարգսյանի վարչակազմն օր առաջ իշխանությունից հեռացնելուց։

Կառավարության ծրագրի թեման փակելուց հետո, միևնույն է, օրակարգում է մնում Մելիք–Ադամյան փողոցը քաղաքական մենաշնորհից մաքրելու հարցը։ Այլապես Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա մեր երկրի լճացումը հետևողական ջանքերի շնորհիվ մի տասնամյակում հասցնել ճահճացման:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը