Լրահոս

25.08.2009 18:32


Մարիամ Սուխուդյանի գործով, դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել մամուլի հրապարակումները

Հանրային հեռուստաընկերության «Հայլուր»լրատվական ծրագրով 13.11.2008 թ հեռարձակվել էր հեռուստառեպորտաժ՝ Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լևոն Ա.-ի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ա.-ի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ: Նշված ռեպորտաժի հիման վրա Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունը հանձնարարել էր ոստիկանության Էրեբունու քննչական բաժնին՝ ստուգել մատնանշված  հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից՝ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հաստատվել նշված տեղեկությունները, կրթահամալիրի սաներ Լ. և Դ. Ա.-րը, Մ. Դ.-ն, Ա. Պ.-ն, Մ. Շ.-ն և Դ. Մ.-ն կտրականապես հերքել են Լ. Ա.-ի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ա.-ն նշել է նաև, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով: Նույնպիսի ցուցմունքներ են տվել նաև նրա հարազատները:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ չի հաստատվել նաև սաներից մեկին բռնաբարելու  վերաբերյալ հայտարարությունը:

Նախաքննության տվյալներով՝ Մարիամ Սուխուդյանը դպրոցի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ, ուսուցչի վերաբերյալ կատարել սուտ մատնություն և ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը 15.08.09թ նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մ. Ս.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննությունը ոստիկանությունում շարունակվում է: Քրեական գործի   քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է քննիչին քննության առարկա դարձնել դիտարկվող քրեական գործին վերաբերող մամուլի հրապարակումները: 

 ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն է համարվում ինչպես անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարումը, այնպես էլ  նման արարքի մեջ անձին հանիրավի մեղադրելը, սուտ մատնություն կատարելը: Դատախազությունը հետամուտ է  քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը եւ մեղավորներին քրեական պատասխատվության ենթարկմանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը