Լրահոս

25.08.2009 12:35


Երիտասարդ քաղաքացիների կողմից բաց նամակ՝ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին

Մենք` ՀՀ երիտասարդ քաղաքացիներս, դիմում ենք ՀՀ պետական այրերին` ակնկալելով համարժեք արձագանք Մարիամ Սուխուդյանի նկատմամբ անհիմն քրեական գործի հարուցման առիթով:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Մարիամ Սուխուդյանին` իբրև բնապահպանի, խոցելի խմբերի պաշտպանի, քաղաքացիական ակտիվիստի և պարզապես ՀՀ քաղաքացու, ում հանիրավի հետապնդում են: Մարիամ Սուխուդյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն իսկական խարան և ամոթանք է ՀՀ իրավապահ համակարգին, որը մեղավորներին պատժելու փոխարեն, ոչ միայն փորձում է կոծկել տեղի ունեցած հանցագործությունը, այլև մեղքը բարդել հանցանքը բարձրաձայնողների վրա:
Մենք արձանագրում ենք, որ իրավապահների նման կեցվածքը լուրջ սպառնալիք է ոչ միայն արդարադատությանը, այլև առհասարակ ՀՀ-ում խոսքի ազատությանը, քաղաքացիական և իրավապաշտպանական շարժումներին:

Հայտարարում ենք նաև բոլոր նրանց, ովքեր Մարիամ Սուխուդյանի հետապնդումով նպատակ ունեն կասեցնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական և իրավապաշտպանական գործունեությունը, որ այս ամենը հանգեցնելու է մի նոր, առավել հզոր շարժման' հանուն բոլոր մարիամների և հանուն արդար Հայաստանի:

Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին` անհապաղ հրապարակայնորեն հանդես գալ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի և բոլոր երիտասարդ ակտիվ քաղաքացիների, ովքեր ոչ թե լքում են հայրենիքը, այլ պայքարում են հանուն թույլերի պաշտպանության, օրինականության հաստատման և արդար Հայաստանի: Ձեր լռությունը կդիտարկվի իբրև ուղղակի աջակցություն և խրախուսանք հանցանքի կոծկմանը և ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից թույլ տված կամայականությանը:

Ստորագրել է մի քանի տասնյակ երիտասարդ

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը