Լրահոս

02.05.2014 11:29


Մերի Մովսիսյան. «Ներսից սոցիալական լարվածությունն է, դրսից՝ թույլերի հետ հաշվի չնստելու սկզբունքը»

Մերի Մովսիսյան. «Ներսից սոցիալական լարվածությունն է, դրսից՝ թույլերի հետ հաշվի չնստելու սկզբունքը»

Հանրային դաշինքի տեսաբանները բավականին պարզ և հստակ ձևակերպել են պետության ստեղծման անհրաժեշտությունը: Նրանք պետության անհրաժեշտությունը հիմնավորում էին ոչ միայն որպես մարդու անվտանգ կացության միջոց, այլ ինքնատիպ մարդկային հանրույթի գոյաբանական հիմք:
Ցավոք, մեր երկրի կառավարող էլիտան այնքան է տարվել թալանով, որ մոռացել է սեփական գոյի ու անվտանգության ապահովման խնդրի մասին: Պետությունը նաև մի կառույց է, որն ապահովում է անհատի մասնավոր սեփականության իրավունքը: Ճիշտ է, մեր երկրում ազգային հարստությունը կենտրոնացված է երկրի գերագույն օլիգարխի ու նրա մոտ շրջապատի ձեռքերում, բայց, այնուամենայնիվ, նրանք էլ պետք է հասկական, որ թույլ երկիրը և նրա կորուստն առաջին հերթին նրանց շահերից չեն բխում: Բյուջեի թալանը դրամով լի ճամպրուկների տեղաշարժը չի մի տեղից մյուսը, օրինակ` շվեյցարական բանկեր. դա նաև անշարժ գույքի վերածված միջոցներն են: Պետությունն օր օրի թուլացնելով` կառավարող էլիտան նվազեցնում է թալանված սեփականության ապահովման երաշխիքները: Ի դեպ, վտանգը թե' ներսից է, թե' դրսից: Ներսից սոցիալական լարվածությունն է, դրսից՝ թույլերի հետ հաշվի չնստելու սկզբունքը: Եվ ինչպես ներկա պահին իշխանությունն է նեոբոլշևիկյան քաղաքականություն վարում սեփական ժողովրդի նկատմամբ, այնպես էլ թույլ պետության և նրա կորստի դեպքում նույնը կանեն այլք: Հետևապես, իշխանությունը սեփական ագահության հետևանքով վտանգի տակ է դնում ոչ միայն մի ամբողջ պետության արժանապատիվ գոյությունը, այլև չի լուծում սեփական գոյի խնդիրը:
Կյանքի օրենքները, որոնց հիմքում ընկած են բնության օրենքները, բոլորի համար նույնն են: Ներկայում մեր երկրի իշխանությունն այդ օրենքներին դեմ է գնում: Իսկ բնությունը միշտ էլ ձգտում է վերադառնալ իր սկզբնական վիճակին:
Քաղաքական կյանքում այդ վերադարձն առավել քան ցավոտ է լինում: Հետևապես, քանի դեռ հնարավորություն կա, իշխանությունը պետք է հետևություններ անի:

Հ. Գ. Ամառվա ընթացքում արվող բոլոր ջանքերը` իշխանությունը պահելու, առավել սաստիկ պատասխան կստանան աշնանը` ձմռանը մոտ:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը