Կարծիք

01.05.2014 23:29


ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Սերժ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե իբր այսքան տարվա դիվանագիտական կորուստները ոչ միայն կոմպենսացվեցին, այլ մի բան էլ շահած դուրս եկանք, քանի որ աշխարհը տեսավ, թե Թուրքիան ինչպիսի ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ ի հակադրություն Հայաստանի նախաձեռնողականության:

Կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի այսպես կոչված նախաձեռնողականությունը և «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունք հանդիսացող հայ–թուրքական արձանագրությունները ապագա չունեն և չէին կարող ունենալ։
Ս.Սարգսյանն իր սխալը ճշտի տեղ անցնացնելու սովորությունից դրդված՝ հիմա էլ զբաղված է արտաքին քաղաքական խաբարբզիկությամբ, թե տեսեք, մեր այն հարևանը, որի հետ ունենք չկարգավորված լուրջ խնդիրներ, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, ունենք փակ սահմաններ, և ուզում ենք այս ամենը կարգավորվի, բայց հայտարարում ենք ի լուր աշխարհի, որ մեր հարևանը ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ ճանաչեք նրան: Սա առվազն դիվանագիտական մանկամտություն է, քանզի աշխարհը վաղուց է ճանաչում Թուրքիային ու Սարգսյանի լրացուցիչ բացատրությունների կարիքը չունի, մանավանդ որ Հայաստանին հիմա, հայտնի պատճառներով, աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնում չեն լսում։
Շուրջ 4 տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո Ս.Սարգսյանը անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում մտնել Մաքսային միություն: Բայց դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա կշռադատված որոշում չէր, որ հանգամանորեն հաշվարկված չէին դրականն ու բացասականը, որ գնահատված չէին ռիսկերը: Սա պարզապես քաղաքական հայտարարություն էր՝ Սերժ Սարգսյանի հերթական հապշտապ նախաձեռնողականության ժանրից:
Հիմա ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ մենք ոչ միայն պատրաստ ենք ՄՄ մտնելու, այլև այնքան ենք առաջ գնացել, որ կարող ենք միանգամից մտնել Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ): Ոչինչ, որ ՄՄ անդամ պետությունները տարաձայնություններ ունեն իրար մեջ ու նաև ՀՀ-ի այդ կառույցին անդամակցության հարցում։ Ոչինչ, որ տարաձայնություններ կան նաև ԵՏՄ ստեղծման նպատակահարմարության ու ժամկետների հարցում։ Այդ խնդիրները կարծես մեզ չեն վերաբերում: Մենք ոչ մի տարաձայնություն էլ չունենք, ու այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք արդեն մտել ենք դեռ գոյություն չունեցող ԵՏՄ ու սպասում ենք մյուսներին, որպեսզի իրենց հարցերը լուծեն ու շուտ գան:
Բայց, եթե ստացվի այնպես, որ այս հարցում էլ ոչինչ չստացվի, ուրեմն մի որոշ ժամանակ հետո էլ Ս.Սարգսյանը կհայտարարի, որ այս գործընթացից Հայաստանը հերթական անգամ շահած դուրս եկավ, որ մենք աշխարհին ապացուցեցինք, որ ՀՀ-ն նախաձեռնողական քաղաքականություն է վարում, իսկ դրան հակառակ՝ ՄՄ անդամ երկրները դրսևորում են իրենց ապակառուցողական դեմքը:
Բայց Ս. Սարգսյանը, հավատարիմ մնալով իր «բազմավեկտոր նախաձեռնողականությանը», այժմ էլ կարող է դիմել Արաբական պետությունների լիգային՝ անդամագրվելու հարցով: Կմերժեն՝ հոգ չէ, մենք էլ կհայտարարենք նրանց ապակառուցողական վերաբերմունքի մասին ու անմիջապես կդիմենք Աֆրիկական տնտեսական համագործակցությանը: Թող փորձեն մերժել: Չէ՞ որ մեր երկրի թե՛ ժողովրդավարության մակարդակը, թե՛ տնտեսական վիճակը մեզ լիովին հասցրել է միջին վիճակագրական աֆրիկական պետության մակարդակի, ու բացի այդ մեզ ՌԴ-ում դեռ մինչև հիմա «սև» են ասում: Իսկ որ աֆրիկացիներն էլ մերժեն, շատ եմ խնդրում Սերժ Սարգսյանին, որ հանկարծ չդիմի Օբամային ու Պուտինին՝ եռամիություն ստեղծելու առաջարկով, որպեսզի երեքով աշխարհում կարգուկանոն հաստատեն: Դե կարևորը մենք ենք ու Ամերիկան (մի քիչ էլ Ավստրիան)։ Հա, չմոռանամ՝ համ էլ Ռուսաստանը: Իսկ եթե Պուտինն ու Օբաման էլ մերժեն Սարգսյանի առաջարկները, ապա այլևս նախաձեռնողականության տեղ չի մնա։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհասկանալի է, թե ի՞նչ է ուզում անել Սարգսյանը։ Նրա կերպարը և վարած քաղաքականությունն ամբողջ աշխարհի համար վաղուց բացահայտված է, հիմա ինքն ո՞ւմ է ուզում աշխարհի աչքում բացահայտել:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը