Մեկնաբանություն

01.05.2014 13:13


Ժամանակն է, որ խաղի կանոններ թելադրողը լինի ժողովուրդը

Ժամանակն է, որ խաղի կանոններ թելադրողը լինի ժողովուրդը

Մինչ շատերը կենտրոնացել են ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ի քվեարկության վրա (պարզվեց` իշխանությունն անգամ մեծամասնություն ունենալու պարագայում առանց կեղծելու յոլա չի գնացել), ՀՀԿ-ն արդեն բացեիբաց հայտարարում է ցմահ իշխելու իր մտադրության մասին:

Պետք է «շնորհավորել» հայ ժողովրդին, քանի որ իշխող ուժի ներկայացուցիչը՝ Էդուարդ Շարմազանովը, «վերծանելով» Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությունների տողատակերը, այսօր հայտարարեց, որ առաջիկա տասնամյակը ևս ՀՀԿ-ինն է լինելու, եւ հանկարծ ոչ ոք չփորձի հույսեր փայփայել, որ առանց ՀՀԿ-ի «քուրայի» միջով ացնելու՝ կարող է դառնալ նախագահ, վարչապետ, ընդհանրապես՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա:

Լրագրողների հետ անսպասելի հանդիպում կազմակերպելով՝ Շարմազանովն ասելիքն ասաց եւ հեռացավ՝ չպատասխանելով եւ ոչ մի հարցի:

Ըստ Շարմազանովի՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքն այլեւս չի հավակնելու ՀՀ նախագահի պաշտոնին, իսկ սահմանադրական փոփոխություններով եթե ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, նաեւ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, այսպիսով մեզանում արձանագրվել է նոր քաղաքական իրականություն, այլեւս սահմանվել են նոր խաղի կանոններ, ինչն առայժմ ոչ բոլորն են գիտակցում: Հատկապես այն պահը, երբ Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնում, որ նույն անձը երկու ժամկետից ավելի չի կարող առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, «նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում է»:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն իշխելու է առաջիկա տասնամյակում նույնպես, ինչի մասին Շարմազանովը հայտարարեց ու շեշտեց մի քանի անգամ՝ հատուկ ընդգծելով՝ ապագա տասնամյակում ՀՀԿ-ն է լինելու ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը:

Ահա թե ինչ: Պարզվում է՝ այս երկրում վերանում են ընտրությունները, այլապես ինչպե՞ս հասկանալ Շարմազանովի պնդումները առաջիկա տասնամյակում եւս իշխանությունն իր ձեռքում պահելու ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի «անբեկանելի» որոշման մասին: Եթե որոշել են, որ առաջիկա տասնամյակում դարձյալ իրենք են շարունակելու իշխել, ապա էլ ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել: Էս գլխից իրենք որոշել ու իրենք իրենց «ընտրել-պրծել» են:

Ուրեմն, ՀՀ քաղաքացիների ապագան «լռվելու-մնալու» է Մելիք-Ադամյան փողոցում: Հայ ժողովուրդը դատապարտված է էլի մի տասնամյակ «առաջին ջութակի» դերում տեսնել ՀՀԿ-ին:

Ու այս իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, բազմակուսակցական համակարգից, սահմանադրական կարգից ու օրենքներից:

Իրոք, միայն «Վերջի բոլշեւիկը» կարող էր նման տեսլական առաջ քաշել և փորձել պարտադրել երկրին ու ժողովրդին:

Միայն թե Շարմազանովը չի նշում, թե որտեղ է լինելու Սերժ Սարգսյանը, առաջիկա տասնամյակում ո՞ր աթոռին է նստած լինելու նա:

Ժողովրդին «լիակատար երջանկություն» պարգեւելու համար դա էլ պետք է ասեր: Ավաղ, այդ մասով ՀՀԿ-ն ու «Վերջի բոլշեւիկը» դեռ լռում են: Դե, որովհետեւ միանգամից այդքան շատ «ուրախությանը» ժողովուրդը չի դիմանա: Ասենք, երբ իմանա, որ կարճ ժամանակ անց հայտնվելու է միակուսակցական համակարգ ունեցող երկրում եւ ապրելու է ԽՄԿԿ-ի հարազատ ու հարատեւ ղեկավարման ներքո:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ճիշտ ժամանակն է, որ հենց ժողովուրդն ի՛նքը թելադրի իր խաղի կանոնները՝ ՀՀԿ-ին առաջնորդով հանդերձ զրկելով իշխանությունից և հետագա տասնամյակներում զարգացում ապահովելով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը