Մեկնաբանություն

01.05.2014 11:57


Մի՛ անհանգստացեք, գաղջի ֆինանսավորումը կշարունակվի

Մի՛ անհանգստացեք, գաղջի ֆինանսավորումը կշարունակվի

Ասում են` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դադարեցրել է ATV հեռուստաընկերության և իրեն պատկանող էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի ֆինանսավորումը:

Առայժմ չի խոսվում տարատեսակ բլոգերների, քաղտեխնոլոգ կոչվածների ու տարաբնույթ կազմակերպությունների «խմբաքանակի» մասին, որոնց նույնպես ֆինանսապես աջակցում էր նախկին վարչապետը, ով դեռ «ձիու վրա» էր:

Բայց հիմա խոսքն առավելապես հիշյալ լրատվամիջոցների մասին է:

Պարզ է, որ վերջիններս անտեր չեն մնալու: Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետի առջեւ խնդիր դրեց շարունակել Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է քաղաքականություն բոլոր ուղղություններով, այդ թվում, եթե չասենք՝ առաջին հերթին մեդիաոլորտի կոնկրետ հատվածին աբիսողոմաղայություն անելը:

Այնպես որ, նախկին վարչապետի լրատվական «պոլիգոնը» այսուհետ կշարունակի գործել նոր վարչապետի բարձր հովանու ներքո: Համենայնդեպս, Ս. Սարգսյանի՝ նորանշանակ վարչապետին փոխանցած պատգամներից դա է բխում։

Ինչ վերաբերում է բլոգերներին եւ մյուսներին, ապա նրանք նույնպես մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ «Տիգրան Սարգսյան-2»–ը նրանց եւս տիրություն կանի:

Պարզապես զարմացնում է մի բան: Վեց տարի Սերժ եւ Տիգրան Սարգսյանները «աշխատացրել» են ու «աշխատացնում» են անհաշիվ լրատվամիջոցների, սեփականաշնորհել են լրատվական դաշտի 99 տոկոսը, սակայն բոլոր ամբիոններից շարունակում են խոսել Հայաստանում արձանագրված խոսքի ազատության «նկատելի առաջընթացի» մասին:

Իշխանությունները ոչ մի առիթ բաց չեն թողնում հայտարարելու, որ, ի տարբերություն «նախորդ տարիների», հիմա մեզանում խոսքի ազատությունը «իրողություն» է, որ տարեցտարի երկրում մամուլն «ավելի ու ավելի ազատ է դառնում, եւ խոսքի ազատության ցուցանիշով մենք տարածաշրջանում առաջինն ենք»:

Հետո էլ մեր աչքն են խոթում «Ֆրիդոմ հաուզ»-ի զեկույցը, որտեղ, ասենք, մի երկու սանդղակով ՀՀ-ն «առաջ է եկել»:

Այս ամենը ծիծաղելի է, քանզի երբ երկրի առաջին, երկրորդ եւ երրորդ դեմքերը (և ոչ միայն նրանք) հանդես են գալիս ստնտուի դերում ու իրենցով են անում էլեկտրոնային եւ տպագիր մամուլի ահռելի հատվածը (էլ չասած հեռուստաընկերությունները), նման երկրում խոսքի ազատության մասին կարելի է միայն հումորով խոսել:

Ոչ միայն հումորով, նաեւ՝ հեգնանքով ու տհաճությամբ, մանավանդ որ լսում ես, թե ով է խոսում «երկրում գաղջ մթնոլորտի ձեւավորման» մասին: Մեկը, ով պատվիրում ու տիրաժավորում է այդ գաղջը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը