Լրահոս

24.08.2009 17:51


Ալեքսանդր Իսկանդարյան. «Պետական ապարատում բաց տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Պետական ապարատում բաց տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան»

«Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ այն, ինչ մինչ օրս արվել է հայ-թուրքական հարաբերություններում, արդեն իսկ բավական լուրջ է։  Նրա կարծիքով այն, որ այսօր Թուրքիայի ներսում քննարկվում է հայկական հարցը, իսկ Հայաստանում խոսվում է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների մասին, արդեն առաջընթաց է։ 

Նա նաև նշել է, որ Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և սահմանի բացման վերաբերյալ տարաձայնություններ կան, սակայն այդ տարաձայնությունները գալիս են  հասարակության և մի քանի քաղաքական ուժերի, օրինակ՝  Դաշնակցության կողմից։ Ինչ վերաբերում է պետական դիրքորոշմանը, ապա այն սկզբունքորեն կողմ է և միասնական, իսկ պետական ապարատում բաց տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան։ Ըստ նրա՝ այդպես չէ Թուրքիայում։ Այդ հարցի վերաբերյալ Թուրքիայում տարաձայնություններ կան ոչ միայն հասարակության մեջ, այլև պետական ապարատում, որտեղ ևս կան մարդիկ և նույնիսկ գերատեսչություններ, օրինակ՝ ԱԳՆ-ն, որոնք դեմ են արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Անդրադառնալով ճանապարհային քարտեզին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ իրականում ճանապարհային քարտեզ չկա, ավելի ճիշտ, այն կա, սակայն բավական հում վիճակում է.

-Իսկական ճանապարհային քարտեզը, այսինքն՝ գործողություների ծրագիրն այն է, երբ կա որոշակի ուղի նախորդող և հաջորդող քայլերով։ Այն փաստաթղթում, որը հրապարակված է, կան գործողությունների տարբեր ուղղություններ։ Նրա համար, որ այս ճանապարհային քարտեզը դառնա նորմալ գործողությունների ծրագիր, հարկավոր է հաղթահարել մի շարք խոչընդոտներ, որոնցից ամենակարևորը Թուրքիայի ներսում առկա տարաձայնություններն են։  

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը