Քաղաքական

30.04.2014 12:45


Տեղի է ունեցել «քառյակի» հերթական հանդիպումը

Տեղի է ունեցել «քառյակի» հերթական հանդիպումը

Այսօր առավոտյան ԱԺ–ում տեղի է ունեցել ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հերթական դռնփակ հանդիպումը։ Նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած և ԱԺ քննարկմանը դրված նախագիծը։

–Այդ նախագծի վերաբերյալ քառյակի մտահոգությունները մնում են նույնը։ Մենք նորից կներկայացնենք մեր առաջարկները և դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները։ Եթե ԱԺ մեծամասնությունը չընդունի մեր առաջարկները, ապա հետագայում կորոշենք մեր անելիքները,–ասել է Ռ. Հակոբյանը:

Այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու «քառյակի» մտադրությունը դեռ օրակարգում է:

Ռ. Հակոբյանը նաև ընդգծել է, որ ճիշտ կլիներ, եթե «քառյակը» չմասնակցեր ԱԺ նախագահի ընտրությանը։

–Լավ կլիներ, եթե քառյակը միասնական դիրքորոշում ունենար: Շատ չբացելով մեր ներքին խոհանոցը՝ ասեմ, որ այս հարցը միասնական օրակարգային հարց չդարձավ, ու չեղավ մեկ միասնական որոշում: Ես չէի ցանկանա ծայրահեղ գնահատականներ տալ ԲՀԿ-ի քայլերին: Նշեմ միայն, որ քիչ առաջ տեղի ունեցած մեր քննարկումը շատ կառուցողական էր, իսկ ԲՀԿ-ն շուտով, թերևս, որոշակի դիրքորոշում կհայտնի իր քայլի վերաբերյալ,- նշել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը