Մեկնաբանություն

29.04.2014 08:41


ՀՀԿ–ում բոլորը հավասար են

ՀՀԿ–ում բոլորը հավասար են

Զարմանալի է, թե իշխանությունն ինչու այդքան ջանք թափեց, որպեսզի կարողանա փոխել ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը հանգիստ կարող էին կազմակերպել ձեռքերը վեր բարձրացնելու միջոցով, որոնք կհաշվեր նախագահությունում նստած մեկը եւ վե՛րջ: Կամ էլ չէր հաշվի, ուղղակի, կհայտարարեր՝ անցավ միաձայն ու Գալուստ Սահակյանը կնստեր ԱԺ նախագահի աթոռին:

Ի՜նչ էին ընկել ձեւականությունների հետեւից: Իբր օրինապա՞շտ են:

Երբ ՀՀԿ ԳՄ նիստերում Սերժ Սարգսյանը պետական կարեւորագույն խնդիրների վերաբերյալ որոշումներ է կայացնում, միանձնյա որոշում է այս կամ այն հարցի, կառույցի, անձի ճակատագիրը՝ ո՞ւմ է հարցնում: Ո՞վքեր են քվեարկում կամ ո՞ր հաշվիչ հանձնաժղովն է հաշվում ձայները:

Այդ մի ձայնն է, Սերժ Սարգսյանի ձայնն է, իսկ մնացածները ձայնակցում են շեֆին՝ հետագա օրերին բոլորին բացատրելով, թե ո՜րքան իմաստուն որոշում ընդունեց իրենց առաջնորդը:

Ուրեմն՝ էլ ի՞նչ փակ, գաղտնի քվեարկություն կամ հաշվիչ հանձնաժողով:

Մեկն ասում է՝ սա այսպես պետք է լինի, իսկ մնացածը գլխի դրական շարժումով պատասխանում են՝ այո՛:

Դրա համար ոչ մի հաշվիչ հանձնաժողով էլ պետք չէ: Հո գլխի դրական տմբտմբոցները կամ բարձրացրած ձեռքերը չի՞ հաշվելու:

Կամ՝ երբ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները գազի հարցով 300 միլիոն դոլարի պարտք էին կուտակել, ո՞վ գիտեր այդ մասին: Մինչ պարտքի կուտակումը այդ հարցն, ի՞նչ է, դրվել էր քվեարկությա՞ն: Իհարկե, ոչ: Հետեւաբար, ձայները հաշվելու խնդիր էլ չէր կարող լինել։

Եվ կամ՝ երբ Սերժ Սարգսյանը մոտ չորս տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո կտրուկ փոխեց որոշումը եւ մտավ Մաքսային միություն՝ իր այդ մտափոխության հարցը դրե՞ց քվեարկության: Իհարկե, ոչ:

Էլ չենք խոսում հայ-թուրքական գործընթացի մասին, որն սկսելուց առաջ Սերժ Սարգսյանն այդ հարցը որեւէ մեկի հետ քննարկելու ցանկություն ու մտադրություն չդրսեւորեց, ուր մնաց թե իր «ֆուտբոլային» դիվանագիտությունը բերեր խորհրդարան ու դներ քվեարկության՝ «Արժե՞ սկսել, թե՞ ոչ» հարցադրմամբ:

Եւս մեկ օրինակ: Երբ Սերժ Սարգսյանը որոշեց սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ո՞ւմ հարցրեց կամ ո՞ւմ հետ քննարկեց այդ հարցը՝ «Որքանո՞վ է հրատապ ու կարեւոր այսօր փոփոխություններ կատարել Մայր օրենքում» հարցադրմամբ:

Ոչ ոքի: Իրեն ոչ ոքի ձայնը չի հետաքրքրում, ինքն է ու իր մի հատիկ ձայնը:

Վե՛րջ:

Իսկ մի ձայնի համար այդ ո՞ր մի «ախմախն» է հաշվիչ հանձնաժողով պահում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը