Կարծիք

28.05.2014 18:15


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՄՐՋԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

Այժմ արդեն ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը կադրային նշանակման հարցում ոչ միայն մեծ ազատություն չունի, այլ ավելի վատ վիճակում է գտնվում, քան Տ.Սարգսյանը: Անգամ ձևավորված ավանդույթի ուժով վարչապետին պատկանող քվոտանները՝ տնտեսական բլոկ ու կառավարության աշխատակազմի ղեկավար, Արգամիչին չվերապահվեց: Պատճառ էլ պարզ է՝ Տիգրան Սարգսյանին Ազատիչը հիմնականում վստահում էր, իսկ Հովիկ Աբրահամյանին բացարձակապես չի վստահում:
Այս պարագայում ի՞նչ իմաստ ուներ, որպեսզի նորանշանակ վարչապետը համաձայնվեր ավելի վատ պայմանների, քան ուներ հայոց պատմության ամենաթույլ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, երբ Արգամիչը բավական առանցքային դերակատարություն կարող էր ունենալ առաջիկա քաղաքական զարգացումներում՝ մնալով ԱԺ նախագահ:
Մի քանի տարի Աբրահամյանն իր դերակատարությունը գերարժևորել էր քաղաքական դաշտում՝ հանդիսանալով կամուրջ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: Բայց, երբ Ազատիչին չհաջողվեց Ծառուկյանին սիրաշահել իր խնամու նշանակումով, ապա դրանից հետո Աբրահամյանը ոչ մի պարագայում չպիտի համաձայվեր վարչապետ դառնալ: Կամուրջի դերը շահեկան է խաղաղ պայմաններում, իսկ պայքարի փուլում առաջինը կամուրջներն են այրում: Ու հիմա Աբրահամյանը «վառված» հետ է քաշվել ու տեղավորվել Ազատիչի թևի տակ, բայց իներցիայով փորձում է նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատել ոչիշխանական ուժերի հետ՝ ձգտելով նոր կամուրջի դեր ստանձնել: Ասեմ, որ դրանք սին հույսեր են և զուր ջանքեր։
Երբ Սերժ Ազատիչն իրեն Լյուդովիկոսի տեղ դրած՝ գտնում է, որ Հայաստանը դա ինքն է, չպետք է մոռանալ, որ նման մտածելակերպի անբաժանելի մասն է. «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»-ը: Ուստի Հովիկ Աբրահամյանին ոչ մի կերպ չի հաջողվի՝ լծվելով երկիրը անդունդը գլորելու Սերժ Սարգսյանի «բարդ ու պատասպանատու» գործին, միևնույն ժամանակ հանրության մոտ բարեփոխումներ իրականացնողի տպավորություն թողնել ու երկիրը անդունդից հանող գործչի կերպար կերտել:
Անգամ եթե Աբրահամյանը շարունակում է համոզված մնալ, որ քաղաքականության համար խելք պետք չի, ուզում եմ հիասթափեցնել նրան ու պնդել, որ, այնուամենայնիվ, գոնե մի քիչ պետք է, որպեսզի նա ընկալի, որ բոլորն ամեն ինչ հասկացել են, և իր իմիտացիոն խաղերի վրա չեն խաբվելու:
Ասա՝ մեծ մարդ ես, խելք հավաքի, ոչ թե Ազատիչի մոտ միավորներ, որոնք իսկի չեն էլ գնահատվելու:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը