Լրահոս

24.08.2009 13:59


Նոնա Գալստյան. «Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»

Նոնա Գալստյան. «Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»

Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը չի դադարում մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Մարիամի ընկերներն ու նրա շահերի պաշտպան Նոնա Գալստյանը լրագրողներին են ներկայացրել գործի մանրամասները։ Ըստ Նոնա Գալստյանի՝ ՄԱԿ-ի ֆինանասավորմամբ իրականացվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում Մարիամ Սուխուդյանն ու իր ընկերները Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կամավոր աշխատանք կատարելու ընթացքում աշակերտներից պարզել են, որ  դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը սաների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել: Դեպքի կապակցությամբ  «Հայլուրի» լրագրող Սյուզան Սիմոնյանը տեսանյութ է պատրաստել ու հեռարձակել «Հ1»-ի եթերով:

Սյուզաննա Սիմոնյանը պնդում էր, որ Մարիամ Սուխուդյանի դրդմամբ չի պատրաստել այդ հաղորդումը. ավելին, նա նշել է, որ նույն դպրոցի մի ուրիշ աշակերտ իր կամքով դիմել է լրագրողին և պատմել իր նկատմամբ կատարված նմանատիպ սեռական ոտնձգության մասին։ Երկրորդ աշակերտի պատմությամբ եթեր է հեռարձակվել  ևս մեկ տեսանյութ։

Երբ 2009թ. օգոոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու համար, առաջին աշակերտը ճնշման տակ հրաժարվել է իր պատմածից, մինչդեռ երկրորդ աշակերտուհին պնդել է իր ասածը ոչ միայն Էրեբունու քննչական բաժնում ցուցմունքներ տալիս, այլև ուսուցչի հետ առերեսման ժամանակ:

Ի դեպ, դպրոցի սաներն իրենց պատմությունները պատմել են կամավորական խմբի բոլոր անդամների, ինչպես նաև «Հետքի» լրագրող Լենա Նազարյանի ներկայությամբ, որն այսօր փաստել է, թե իրենց խոսակցությունից առաջ ոչ ոք այդ աշակերտների հետ առանձնազրույց չի ունեցել նրանց ուղղորդելու նպատակով։

Կամավորական խմբի ակտիվիստներից Արման Ղարիբյանն էլ նշել է, որ ՀՀ ոստիկանապետի պնդումը, թե դպրոցի տնօրենից ծրագրի համար նախատեսված 1 մլն դրամի պահանջը չկատարելու համար է Մարիամ Սուխուդյանը սուտ տեղեկություններ տարածել դպրոցի մասին, ամբողջությամբ անհիմն է։

-Մինչև այդ գումարի պահանջելն էինք մենք արդեն տեղյակ այդ արատավոր երևույթից և բարձրաձայնում էինք այդ մասին բոլորի մոտ,-ասել է նա։

Թե՛ Սուխուդյանի ընկերները, թե՛ գործի հետ առնչվող լրագրողները  բողոքել են ապօրինություններով ուղեկցվող գործի նախաքննությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ քրգործի հիմքում առաջին աշակերտի պատմածն է: Այսինքն, գործի հիմքում այն աշակերտի խոսքն է, որը ճնշման տակ հրաժարվել է իր պատմածներից: Մինչդեռ երկրորդ աշակերտի պատմածը, որը նաև պնդել է իր ասածը ոստիկանությունում, որևէ իրավական գնահատականի չի արժանացել:

Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը նշել է, որ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, և որ իրենց նպատակն այս գործով ճշմարտությանը հասնելն ու իրականությունն ամբողջությամբ բացահայտելն է:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը