Մեկնաբանություն

25.04.2014 20:47


Արթուր Բաղդասարյանի հետագիծն ու ճամփաբաժանը

Արթուր Բաղդասարյանի հետագիծն ու ճամփաբաժանը

Ինչպես և սպասվում էր, Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Նա հայտարարեց, որ իր ու Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվում են։

Բաղդասարյանի հրաժարականը հուշում է ոչ միայն այն մասին, որ իշխող բուրգում խնդիրներ կան, այլ նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանի հետ չեն ուզում ճանապարհ գնալ մարդիկ և ուժեր, որոնք թվում է, թե այլընտրանք պետք է չունենային, քան ՀՀԿ ղեկավարի կողքը մնալը։

Իշխող կոալիցիայից ՕԵԿ–ի դուրս գալը յուրօրինակ ինդիկատոր է։ Դա ցույց է տալիս, որ այդ կառույցը գերադասում է հանրային երկխոսություն սկսելու դժվարին ուղով գնալ, քան մնալ փտած համակարգի ներսում։

Բաղդասարյանն այդ փտածությունը տեսավ ներսից ու չցանկացավ մնալ փլատակների տակ՝ հատապես, որ որևէ ձևով որոշումների կայացման վրա բավարար չափով ազդեցություն չուներ։

ՕԵԿ–ն ազդեցություն չուներ, բայց մյուս կողմից էլ ՕԵԿ–ը պետք կլիներ Սերժ Սարգսյանին, քանզի երաշխավորված «կողմ» ձայներ կային ԱԺ–ում, ու հատկապես այս շրջանում դրանց խիստ կարիքը կզգացվի։

Որքան էլ հիմա որոշ ՀՀԿ–ականներ ասեն, թե ՕԵԿ–ի հեռացման հետ կապված խնդիր չեն տեսնում, քանզի ԱԺ–ում ունեն բացարձակ մեծամասնություն և կարող են իրենց ուզած որոշումներն անցկացնել, միևնույն է դա այդպես չէ։ ՕԵԿ–ն ունի վեց ձայն, և այդ ձայները հաճախ որոշիչ են եղել քվեարկությունների ժամանակ։

Հիմա այդ ձայները սպասվող զարգացումներում կարող են օգտակար լինել ընդդիմադիր դաշտի համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ–ում խրոնիկ բացակայողներ կան ու ցանկացած պահի խորհրդարանական մեծամասնությունը քվեարկության արդյունքում կարող է վերածվել փոքրամասնության։

Այդ մասին էր, թերևս, ակնարկում Ա. Բաղդասարյանը, երբ ասուլիսի ժամանակ հիշեցնում էր, որ ՀՀԿ–ն շատ հաճախ ՕԵԿ–ի ձայներով է հարցերն անցկացրել։

Այժմ ՕԵԿ–ը նոր էջ է բացում իր քաղաքական կենսագրության մեջ։ Իսկ թե ինչպիսի հետագիծ է ունեցել այդ կառույցը և ինչպիսի ճամփաբաժանի վրա է կանգնած, կխոսենք ներքևում։

ՕԵԿ–ի հետագիծը

Ա. Բաղդասարյանը 2008–ին մասնակցեց նախագահական ընտրություններին և, ինչպես հայտնի է, պաշտոնական տվյալներով զբաղեցրեց երրորդ տեղը՝ ձայն ստանալով հիմնականում միջին խավից։

Նրանք, ովքեր կարծում են, որ 2006–ին ՕԵԿ–ը գործուղվել է ընդդիմադիր դաշտ, որպեսզի հետագայում միանա Սերժ Սարգսյանին, քաղաքականության մասին ունեն մակերեսային և «բանասիրական» պատկերացումներ։

ՕԵԿ առաջնորդը բարձր վարկանիշ ուներ փոքր ու միջին բիզնեսի շրջանակներում և ստացած քվեները պատահականություն չէին։

Արթուր Բաղդասարյանը, տիրապետելով քաղաքական մենեջմենթի կանոններին և ունենալով հանրային կյանքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կյանքից չկտրված պատկերացումներ, կարողացել էր կայուն աճի միտված էլեկտորատ ստեղծել ՕԵԿ–ի համար։ Դա էր պատճառը, որ նա ահագին ձայն ստացավ նախավերջին նախագահական ընտրությունների ժամանակ։

2008թ. հայտնի զարգացումների փուլում Բաղդասարյանն ուներ երեք տարբերակ՝

1. միանալ Լևոն Տեր–Պետրոսյանին, 2. միանալ Սերժ Սարգսյանին և 3. հանրությանը հիմնավոր բացատրություններ տալուց հետո գրավել չեզոք դիրք՝ ակտիվ դիտորդի կարգավիճակով նախապատրաստելով սեփական աստեղային ժամը։

ՕԵԿ նախագահն ընտրեց, ըստ իս, ամենավատ տարբերակը՝ միացավ Սերժ Սարգսյանին։

Ճիշտ է, ՕԵԿ–ում և՛ այն ժամանակ, և՛ հիմա պնդում են (էին), որ եթե չմիանային, ապա ցնցումներն ավելի ուժգին կլինեին, սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Էականն այն է, որ ՕԵԿ–ում այժմ խոստովանում են (հակառակն անելն անիմաստ կլիներ), որ մաս կազմելով իշխող կոալիցիային՝ զգալի վարկանիշային կորուստ են ունեցել։ Այսինքն՝ ամրագրում են, որ Սերժ Սարգսյանի կողքին հայտնվելը միայն բացասական հետևանքների է բերում։

Փաստն այն է, որ մտնելով կոալիցիա՝ ՕԵԿ–ը կորցրեց ոչ միայն իր վարկանիշը, այլ նաև՝ դիմագիծը։

Այժմ այդ կառույցը փորձում է ռեաբիլիտացվել՝ գիտակցելով, թե ինչ ծանր աշխատանք է սպասվում։

Սերժից հեռու, Աստծուն մոտիկ

Այսօրվա ասուլիսի ժամանակ Արթուր Բաղդասարյանը մի քանի գնահատականներ ու մեսիջներ փոխանցեց։ Դրանք են՝

–ՕԵԿ–ն ուզում է դեմքով շրջվել դեպի հասարակությունը,

–Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը վեր է (ճիշտ է, Սերժ Սարգսյանին Պլատոնի հետ համեմատելը կվիրավորի շատերի ինտելեկտը, բայց տվյալ դեպքում ՕԵԿ առաջնորդի ասածներն այդ բանաձևի մեջ էին տեղավորվում),

–երկրում վարվել է անարդյունավետ սոցիալ–տնտեսական քաղաքականություն, ՕԵԿ–ն իր մեղքի բաժինն ունի այդ ամենում, բայց իրենք ազդեցություն չեն ունեցել որոշումների կայացման վրա (շեշտվեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ուշացած էր),

–ՕԵԿ–ը դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ գտնելով, որ դրանց հրատապ անհրաժեշտությունը չկա (անուն չտրվեց, բայց թափանցիկ ակնարկ արվեց՝ հիշեցնելով, որ Բելառուսի և Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրությունները փոխելով՝ գնացել են երրորդ ժամկետի

Իր այս գնահատականներով ու մեսիջներով ՕԵԿ–ը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի վերարտադրության խաղի մեջ չկա։

Ուշագրավ էր նաև հանրային երկխոսություն սկսելու մասին հնչեցված տեսակետը։ Թե որքանով հանրության այն հատվածը, որը վստահել էր ՕԵԿ–ին ու հիասաթափվել այդ ուժից, ընդառաջ կգնա Բաղդասարյանի գլխավորած ուժին, ցույց կտա ժամանակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը