Խմբագրական

24.08.2009 01:35


Լոպազության և զոռբայության արանքում

Լոպազության և զոռբայության արանքում

Հայաստանի տնտեսությունն ազատ անկում է ապրում, և վարչապետ Տիգրան Սարգսյանին այլ բան չի մնում, քան կապել «ամրագոտին»  և պատրաստվել վթարային վայրէջքի։ Նույնիսկ մեր «հրաշագործ» վիճակագրությունը չի կարողանում փրկել իրավիճակը. ասեղը պարկում չես պահի, և այս տարվա հունվար-հուլիս ամիսների տվյալներով՝  ՀՆԱ-ի  18,5 տոկոսանոց անկումն արդեն պաշտոնապես է արձանագրված։

             Իսկ ամեն ինչ այնքա՜ն «լավ» էր սկսվել. նոր կառավորության ղեկավարը շաբաթը մեկ դասախոսություն էր կարդում «Հայկական աշխարհի», 305  դրամանոց  դոլարի անհարժեշտության,  էժանով վաճառված պահուստային ոսկու և այլ «բարձր» մատերիաների մասին։ Այդ ընթացքում փակվում էին խանութներ, ու պարապուրդի մատնվում արտադրամասեր։ «Այդպես էլ պետք է լիներ»,-դեմքի խորաթափանց արտահայտությամբ նկատում  էին տեխնոքաղաքների ու միջազգային կենտրոնների հովերով տարվածներն ու զզվանքով խոսում անհաջողակների մասին։  

Հիմա կարծես այդ նույն «գլոբալիստները» զգացել են, որ հասարակությունն իրենց նյուվասյուկիզմի ողջ «հմայքը» վերջնականապես հասկացել է, տեսնում է երիտբարեշրջիչների մասնագիտական «պրաֆանիզմը» և կարող է պարզապես «ծեծել»։ Դա է պատճառը, որ այժմ մեր տնաբույծ կոմբինատորները պանիկայի մեջ են։

 Ինչ վերաբերում է միջազգային ճգնաժամին, ապա այս տարվա սկզբին Տիգրան Սարգսյանը «թուղթ ու գիր» էր արել, որից հետո, ենթադրաբար, միջազգային տնտեսական փոթորիկները պետք է շրջանցեին մեր ծովազուրկ ու լեռնապատ հայրենիքը։ Բայց պարզվեց, որ այդպես չէ. ոմանց ձայնի եկեղեցական տեմբրն էլ չփրկեց։ Արևմտյան նավերը, ճիշտ է, պետք եղած ժամանակ չեն կարողանում բարձրանալ մեր լեռները, բայց ճգնաժամ բերելիս այդ նույն «նավերը» մագլցելու լավ կարողություն են ցուցաբերում ու ներթափանցում Հայաստան։

Ճգնաժամը՝  Ճգնաժամ, բայց  մեր երկրում  արձանագրվող անկումն ունի առավելապես ներքին պատճառներ։ Պարզապես իշխանությանը ձեռնտու է դարձել սեփական ապաշնորհությունն ու անհեռատեսությունը դուրս գրել միջազգային տնտեսական ճգնաժամի վրա։ Առիթ ունեցել եմ սույն թեզը հիմնավորելու և կարծում եմ` մեկ անգամ ևս արժե հստակություն մտցնել այս հարցում ու բացահայտել ՀՀ տնտեսության ներկա  վիճակի պաթոլոգիաները ծնող պատճառները և հիվանդության զարգացումը։

Անկախ այն հանգամանքից՝ կլիներ, թե չէր լինի միջազգային տնտեսական ճգնաժամը, մեր տնտեսության կառուցվածքը ճգնաժամաստեղծ է։ Մինչև Սերժ Սարգսյանի միանձնյա և ամբողջական իշխանության վերցնելը մեր երկրում ձևավորված էր փակ կլանային տնտեսական համակարգ։ Ի՞նչ էր դա։ Ռոբերտ Քոչարյանի օրոք փոքր ու միջին բիզնեսը համեմատաբար ազատ էր։ Փոքր բիզնեսը զարգանալու տեղ և հնարավորություն ուներ, իսկ ահա դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը միջին բիզնեսի համար փակ էր։ Խոշոր բիզնեսի  հատվածում գործում էր քվոտաների համակարգը, կային մենաշնորհներ, և այն սերտաճած էր իշխանության հետ։ Քոչարյանին հաջորդող իշխանությունը պետք է էլ ավելի ազատություն տար փոքր ու միջին բիզնեսին և իրականացներ միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհի արգելքների վերացում, ինչպես նաև տարանջատեր իշխանությունը բիզնեսից։ Դա արդեն, իրոք, կդառնար երկրորդ սերնդի բարեփոխում։  

 Իսկ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը։ Երբ 2007-ի  խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից փաստացի անցավ Սերժ Սարգսյանին (նոր ԱԺ-ում Ս. Սարգսյանն ուներ 50 տոկոսից ավելի յուրայիններ և միանձնյա կարող էր կառավարություն ձևավորել և 2008-ի նախագահական ընտրություններում իրեն պարտադրել որպես իշխանության թեկնածու), վերջինս արեց ճիշտ հակառակ քայլերը։ Նոր խորհրդարանը,  սարգսյանական թիմի պնդմամբ, նախ պարզեցված հարկի փաստացի վերացման մասին օրենք ընդունեց, իսկ 2008-ի համար առաջարկվեց 2007-ի համեմատ շուրջ  800 միլոն դոլարով ավելի ծախսային մաս ունեցող պետբյուջե՝ 2,5 միլիարդ դոլարանոց բյուջեն նախընտրական տարում «ռասկրուտկա» անելու, ինչպես նաև մեծացված բյուջեով այլոց փողերը հավաքելու անթաքույց նպատակով։ Իսկ դա, Հայաստանում գործող տնտեսական խաղի կանոնների պայմաններում, նշանակում էր տոտալ հարձակում բիզնեսի վրա՝ «Մեկ մարդու տնտեսության» մոդելը կառուցելու նպատակով։ Իսկ թե ո՞վ էր լինելու այդ «Մեկ մարդը», հասկանալի է։  

2008-ի նախագահական ընտրություններից հետո բիզնեսի նկատմամբ ճնշումներն ավելի մեծացան։ 2009-ի համար ընդունվեց 2008-ի համեմատ մոտ 700 մլն դոլոր ծախսային մասով ավելի մեծ բյուջե։ Առաջինը հարվածն իրենց վրա ընդունեցին  փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց ՝ բառի բուն իմաստով հարկային քամիչի տակ էին գցել արդեն 2008-ի ընթացքում,  իսկ 2009-ից՝ բիզնեսի այդ շերտն ուղղակի կլինիկական մահ է ապրում։ Այն ինչ 2008 թվականին արեցին փոքր ու միջին բիզնեսի հետ, որի մեջ ներգրավված է (գործատուի, աշխատուժի և կերակրվողի տեսքով) ավելի քան 400 հազար մարդ, ենթադրվում էր, որ 2009-ին իսկական ողբերգության էր հանգեցնելու։ 2,5 միլիարդանոց բյուջեն նախորդ տարի կատարվեց, բայց այս տարի արդեն շատերն ուժասպառ վիճակում են հայտնվել ու դա է պատճառը, որ հիմա դրսի ոչ մի վարկ չի կարողանում շտկել դրությունը։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարզիկին պատասխանատու պայքարից  առաջ չորսից հինգ ժամ վազեցնեն ու անմիջապես ուղարկեն մրցամարտի։ Բնական է, որ այդ մարզիկը կպարտվի հոգնածությունից։ Այդպես էլ մեզ մոտ եղավ։ Փոքր ու միջին բիզնեսն արդեն սնանկության էին հասցվել նախորդ տարի։ Դա ակնհայտ էր մասնագետների համար, սակայն աննկատ մնաց հանրության այն շերտերի մոտ, ովքեր իներցիայով էին ապրում, քանի որ դեռ պահպանվել էին դրսից ուղարկվող մասնավոր տրանֆերտները, ու սպառման ծավալների կտրուկ անկում դեռ չկար։

Այս տարի արդեն երկրորդ համակարգային հարվածը հասցվեց փոքր ու միջին բիզնեսին. ներդրվեց ՀԴՄ-ն։ ՀԴՄ-ի առկայությունը վատ գաղափար չէր, բայց այն ձևով, որով իրականացվեց դա, պարզապես անթույլատրելի էր։ Բանն այն է, որ ՀԴՄ կտրոն տրամադրող սուբյեկտը եթե չի կարողանում իր ծախսերը հիմնավորել հաշիվ-ապրանքագրով, փաստացի հայտնվում է ավելի մեծ հարկային բեռի տակ։ Եվ այդպես էլ եղավ։ Չփաստաթղթավորված ապրանքի 11 տոկոսը տնտեսվարող սուբյեկտը վճարում է որպես տուգանք։ Այնինչ հարկավոր էր մեծածախ վաճառք իրականացնողների համար փոխընդունելի հարկային բեռ սահմանել, դրանից հետո ներդնել փաստաթղթերի պարտադիր տրամադրման համակարգն ու նոր միայն անցնել մանրածախերի մոտ ՀԴՄ-ների կիրառմանը։ Բայց արվեց լրիվ անհեռատես ու այսրոպեական բյուջետային մուտք ապահովող քայլ։  Արդյունքներն ակնհայտ են։

Էլի շատ ու շատ օրինակներ կարելի է բերել, ինչից պարզ կդառնա, որ տնտեսական քաղաքականությունը սխալ ուղով է ընթացել։ Ի՞նչ կապ ունի միջազգային ճգնաժամը հարկային տեռորի հետ։ Ի՞նչ կապ ուներ դոլարի ֆիքսված փոխարժեքը միջազգային ճգնաժամի հետ, որի հետևանքով արտահանումը գրեթե ոչնչացվեց։ Այս և այլ երևույթները զուտ ներքին հիվանդություններ են։

Ինչ մնում է խոշոր բիզնեսին, որին վարչապետն այս  տարվա սկզբին թիրախ էր հայտարարել, ապա այդ շերտի ներկայացուցիչներն այժմ կա՛մ  փախցնում են իրենց կապիտալը Հայաստանից, կա՛մ փորձում են արտաիրավական դաշտում լեզու գտնել իշխանության հետ, կա՛մ էլ խուլ դիմադրութուն են ցույց տալիս։  Դա էլ է սխալ, երբ բիզնեսի որևէ շերտի թիրախ ես հայտարարում։ Պետք է բիզնեսի բոլոր շերտերի համար նորմալ խաղի կանոններ սահմանել, հրաժարվել պետական պաշտոնը բիզնեսմենի կարգավիճակի հետ համատեղելուց ու դրանից հետո խստորեն կիրառել այդ կանոնները, այլ ոչ թե պետական մակարդակով  լյումպենահաճ պոպուլիզմով զբաղվել ու «Մատյան ողբերգության» հոգևոր տողերն արտասանելով՝  շատ նյութական շահեր հետապնդել։

Ստվերային տնտեսության դեմ պայքարի լոզունգի տակ իրականում խնդիր է դրված հարկային տեռորի միջոցով  գերկենտրոնացված տնտեսություն կառուցել, որտեղ մասնավոր սեփականություն հասկացությունը խիստ պայմանական կլինի։ Վարչապետ նշանակված  Տիգրան Սարգսյանի հիմնական գործունեությունն  այն է, որ նա փորձի գաղափարական հիմնավորում  տալ «Մեկ մարդու տնտեսությանը»՝ դեմագոգիկ ելույթներով ու տերտերական առոգանությամբ։ Ասել է թե՝ Տ. Սարգսյանի մասնագիտական կարողության, հոգևոր-բարոյական նկարագրի ու քրեական գիտակցության վրա է մնալու մեր երկրում ստեղծված իրավիճակը։

Ամփոփենք. Հայաստանի տնտեսության  անկումը պայմանավորված է  3 հիմնական գործոններով.

1.      ՀՀ տնտեսության կլանային կառուցվածքով, որը մշտապես վտանգում է առողջ բիզնեսի զարգացումը և կարող է պարբերաբար ճգնաժամեր ստեղծել՝ անկախ արտաքին գործոններից։

2.      Միջազգային տնտեսական ճգնաժամի առկայությամբ, որն իր ազդեցությունն է թողել դրսից (առավելապես՝ Ռուսաստանի Դաշնությունից) ՀՀ ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումների ծավալների վրա։ Բացի այդ, համեմատաբար ընկել են պղնձի և մոլիբդենի միջազգային գները, որոնց արտահանումը մեր արտաքին առևտրի գլխավոր սեգմենտներից էր։

3.      ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությամբ, որի հիմնական պատասխանատուն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս երրորդ գործոնն ամենաշատն է ազդում մեր տնտեսության վրա։ Պետական բյուջեն դարձնելով գործիք՝ բիզնես դաշտը վերաձևելու և մեկի ձեռքում կենտրոնացնելու նպատակով գործադիր իշխանությունը տնտեսությունը հասցրեց այս վիճակին։ Հետևաբար, եթե նույնիսկ միջազգային ճգնաժամ էլ չլիներ, ապա, միևնույն է, այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում է գործող  իշխանությունը՝ տանելու էր տնտեսությունը դեպի ռեցեսիա։ Իսկ վիճակագրական ցուցանիշների դինամիկան վերլուծելն արդեն երկրորդական հարցի է վերածվում։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, այլ մասնագիտությունների հետազոտման շրջանակում է։ Այս ամենով պետք է զբաղվեն քաղաքագետները, հոգեվերլուծաբանները և  քրեագետները։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է սիրում հղում անել քաղաքակիրթ աշխարհում տիրող բարքերին ու, մասնավորապես, լոպազություն է համարում 21-րդ դարում ճանապարհային երթևեկության կանոների խախտումը վարորդների կողմից։ Համաձայն եմ, չի կարելի ռաբիզավարի մեքենա վարել ու պարբերաբար խախտել վարչական օրենսդրությունը։ Սակայն նկատենք, որ լոպազություն է նաև առանց պետհամարանիշերի երթևեկելը, ինչը նկատվում է վարչապետի մոտ. երկակի ստանդարտներով ապրելն ամենևին էլ քաղաքակիրթ բան չէ, երբ քարոզում ես մի բան, բայց անում հակառակը։ Բացի այդ, վարչապետը լավ պետք է իմանա, որ նույն իր սիրած քաղաքակիրթ աշխարհում և այն էլ 21-րդ դարում, երբ կառավարությունը և նրա ղեկավարը պարբերաբար սխալվում են իրենց տնտեսական կանխատեսումներում ու հաշվարկներում, երբ տնտեսությունը անընդհատ գահավիժող ցուցանիշներ է արձանագրում, ապա տվյալ կառավարության ղեկավարը կամ կառավարությունն ամբողջությամբ հրաժարական են ներկայացնում։ Իսկ 21-րդ դարում պաշտոնից կառչած մնալը, այն էլ շարունակվող ֆիասկոների ֆոնին, արդեն ոչ թե լոպազություն, այլ գավառական զոռբայություն է։  

21-րդ դարում ամոթ է ոչ միայն լոպազավարի մեքենա վարելը, այլ զոռբայի պես աթոռին հրաժեշտ չտալը՝ հատկապես երբ ձախողվել ես բոլոր ուղղություններով։ Խնդրեմ. 2009թ. առաջին 7 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 12 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 10,5 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,1 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 0,5 տոկոսով, արտահանումը՝ 44,5 տոկոսով, ներմուծումը՝ 29,5 տոկոսով, իսկ գործազրկությունը շարունակ աճում է։

Միակ ոլորտը, որտեղ «աճ» է արձանագրվել,  մանրածախ առևտուրն է՝ 0,1տոկոս։ Դա էլ ՀԴՄ-ների ներդրման հետևանք է, և ցույց է տալիս, թե ինչպիսի տեռորի են ենթարկվում մանրածախ առևտրականները, երբ համատարած անկումների, դրսից ուղարկվող մասնավոր գումարների և վճարունակ պահանջարկի նվազեցման ֆոնին վիճակագրությունը մանրածախ առևտրում աճ է արձանագրում։

Փաստորեն, որքան շատ է պետությունը պտտեցնում «Շահում ես դու, շահում է պետությունը» տեսահոլովակը, այնքան  ավելի մեծ տեմպերով է տնտեսական անկում արձանագրվում։ Բայց իշխանությունն անդրդվելի է և  շարունակում է «շահել»։ Սա արդեն իրո՛ք զոռբայություն է։

Այս խորագրի վերջին նյութերը