Քաղաքական

25.04.2014 15:07


Արթուր Բաղդասարյան. «Այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն չեն» (տեսանյութ)

Արթուր Բաղդասարյան. «Այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն չեն» (տեսանյութ)

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսում, «7օր»–ի հարցին ի պատասխան, անդրադարձել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին և հայտարարել.

–Այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն չեն. ունենք սոցիալ–տնտեսական լրջագույն խնդիրներ, որոնք ավելի հրատապ լուծումներ պետք է ունենան, բայց մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել: Քննարկումներից ՕԵԿ-ը երբեք չի խուսափել:

Սերժ Սարգսյանի հրաժարականը ՕԵԿ–ի օրակարգում չկա։

–Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական։ Մենք նրա հետ վեց տարի ընկերներ ենք եղել, ավելին՝ նա ինքն է հայտարարել, նույնիսկ ի զարմանս ինձ, որ այլևս հեռանում է ակտիվ քաղաքականությունից, երկրում վճռորոշ պաշտոններ զբաղեցնելուց։ Իսկ ԱԺ նախագահի պաշտոնը բավականին սիմվոլիկ է, անգամ սահմանադրական փոփոխություններից հետո այդպես կլինի,–ասել է Ա. Բաղդասարյանը։

Նա կոալիցիա ՕԵԿ–ի վերադառնալու հավանականությունը բացառում է, քանի որ նոր են դուրս եկել, և Հայաստանում բավականին բարդ քաղաքական իրավիճակ է։ Փոխարենը՝ Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ 2018թ. կառաջադրի իր թեկնածությունը։

–Բայց մինչ այդ շատ ժամանակ կա, և շատ ջրեր կհոսեն,–ավելացրել է նա՝ չբացառելով նաև սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին վերաբերող «7օր»–ի հարցին, Ա. Բաղդասարյանը նշել է.

Կառավարության հրաժարականը հիմնավորվա՛ծ էր, նույնիսկ ուշացա՛ծ: Ավելին, շարունակ ասել ենք, որ կառավարությունը պետք է գործի ավելի ագրեսիվ ու նպատակասլաց: Այդ մասին իմ տեսակետը հայտնել եմ ՀՀ նախագահին: Ասել, թե կառավարությունն իր առջև դրված խնդիրները լուծել է, միանշանակ՝ ո՛չ: Տնտեսական աճն ապահովեց ավելի քիչ, քան ասվել էր: Կառավարության փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր:

Իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին Ա. Բաղդասարյանն իմացել է նրա հրաժարականի նախօրեին՝ Սերժ Սարգսյանից։ Սակայն ՕԵԿ–ը մինչ օրս չգիտի, թե ինչու Տիգրան Սարգսյանը հանվեց։

–Չի քննարկվել՝ ինչու, ինչո՞ւ հանվեց, ինչո՞ւ նշանակվեց, և սա կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկն է։ ՀՀԿ–ն ասում է՝ մենք քաղաքական մեծամասնություն ենք, մենք էլ հիմա հաջողություն ենք մաղթում այդ քաղաքական ուժին. ում ուզում են՝ հանեն, ում ուզում են՝ նշանակեն։ Մեզ ազատություն է պետք,–ասել է Ա. Բաղդասարյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը