Լրահոս

22.08.2009 17:44


Հայկական համայնքը ռուսական թերթին մեղադրել է ռասայական խտրականության մեջ

Մերձմոսկովյան Կլին քաղաքի հայկական համայնքը դիմել էր տեղի դատախազություն՝ կապված Согласие и Правда շաբաթաթերում տպագրված հրապարակումների հետ։ Նշենք, որ հայկական համայնքի ներկայացուցիչների պնդմամբ՝ տվյալ հրապարակումները պարունակում են ռասայական խտրականության դրսևորումներ, սերմանում են թշնամություն ու ատելություն և միտված են նվաստացնել ազգային կամ կրոնական այլ պատկանելություն ունեցող անձնանց արժանապատվությունը։

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua կայքը, Կլինի դատախազությունն անցկացրել է հետաքննություն, որի արդյունքում պարզել է, որ 2008թ. նոյեմբերի 6-ից մինչև 11-ը տեղի բնակչության շրջանում տարածվել են Согласие и Правда թերթի համարներ, որտեղ հրապարակված են եղել «Վտանգավոր հարևանություն», «Մեզ սպանում են», «Ապօրինիները Կլինում», «Ո՞վ է վաճառում հերոինը Կլինում» անունները կրող հոդվածներ։

Մասնագետների հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ տվյալ հրապարակումների տեքստերը միտված են ատելություն և թշնամություն սերմանելուն։

Դատախազության ստուգումների արդյունքում 2009թ. օգոստոսի 21-ին Կլինի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել տվյալ դեպքի կապակցությամբ։

Բացի այդ, դատախազը Դաշնային դատարան է դիմել՝ Согласие и Правда թերթի տվյալ համարները ծայրահեղական բնույթի ճանաչելու և դրանք առգրավելու առաջարկով։

 

Այս խորագրի վերջին նյութերը