Հարցազրույց

25.04.2014 11:40


Տիգրան Ուրիխանյան. «Մինչ օրս կառավարությունը մերժել է ԲՀԿ–ի գրեթե բոլո՛ր նախագծերը»

Տիգրան Ուրիխանյան. «Մինչ օրս կառավարությունը մերժել է ԲՀԿ–ի գրեթե բոլո՛ր նախագծերը»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Կառավարությունն ապրիլի 23–ի իր նիստում մերժեց «ՀՀ ընտրական օրենսգրքում» լրացում կատարելու մասին Ձեր օրինագիծը, որով առաջարկում էիք բացառել հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Ինչո՞վ եք պայմանավորում կառավարության նման դիրքորոշումը։

–Ճիշտ է, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց, այնուամենայնիվ, ես պատրաստվում եմ պայքարել և շատ լուրջ զինանոց ունեմ պայքարի համար, որպեսզի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին ներկայացնեմ, և օրինագիծը ներառվի խորհրդարանի օրակարգ։ Եվ այս դեպքում արդեն բոլոր նրանք, ովքեր դեմ կքվեարկեն այդ նախագծին, կնշանակի՝ կողմնակից են վճարովի ձայներ ձեռք բերելուն, կեղծված, ոչ թափանցիկ ընտրություններին։

–Կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարության բերած հակափաստարկները հիմնավո՞ր էին։

–Արդարադատության նախարարի տեղակալի հիմնավորումները մանկական էին, երեխայական։ Մեկ ձևակերպում կա իմ նախագծի մեջ՝ քվեաթերթիկը տարբերակող ծալվածքներ։ Դանով ամեն ինչ արդեն պարզ է, և որևէ ողջամիտ մարդ դրա տակ չի կարող այլ բան հասկանալ, քան բուն իմաստը։ Եթե քվեաթերթիկը տվյալ ծալվածքով տարբերակվում է, ուրեմն վե՛րջ, դա հակասում է օրենքին, փակ–գաղտնի քվեարկությանը։ Մինչդեռ կառավարության ներկայացուցիչը, չգիտես՝ ինչու, զարմանում է և ասում, թե հիմնավորումը բերված չէ. ի՞նչ է նշանակում անհամաչափ ծալվածք։ Ես էլ, որպես օրինակ, բերում եմ Արարատի ընտրությունները, որտեղ քվեաթերթիկը ծալելով՝ մարդիկ տարբերակում էին ոչ միայն կոնկրետ թեկնածուի օգտին կատարված ընտրությունը, այլ նաև՝ ըստ տեղամասերի, բնակավայրերի։ Ու խոսքը ոչ թե մեկ, տասը, հարյուր, այլ հազարավոր քվեաթերթիկների մասին է։ Ճիշտ այնպես, ինչպես արգելվում է որևէ այլ միջոցով տարբերակել քվեաթերթիկը, պիտի արգելվի նաև ծալելու միջոցով տարբերակելը։ Իսկ կառավարության ներկայացուցչի «հիմնավորումը», թե դրանով ընտրական հանձնաժողովներին լիազորություն է տրվում մեկնաբանելու ցանկալին, որևէ լրջություն ունենալ չի կարող, որովհետև նույնը կարելի է ասել քվեարկության նշանը՝ թռչնակը մեկնաբանելու մասին։

–Կառավարության բուն մտավախությունը ո՞րն է, որ մերժեց այս օրինագիծը։

–Սա արդեն իմ երկրորդ նախագիծն է, որ մերժվում է կառավարության կողմից՝ առանց որևէ տրամաբանության։ Մյուսն էլ առողջապահական ոլորտին էր վերաբերում, բայց տնտեսական հարթության մեջ էր։ Չնայած հանձնաժողովի նիստին նախարարը խոստովանեց, որ բավականին լուրջ և մարդկանց շահերից բխող նախագիծ է։

–Կարծում եք՝ խնդիրը կոնկրետ Ձեր անձի՞ հետ է կապված, թե կուսակցության։

–Մինչ օրս եղել է հստակ որդեգրված քաղաքականություն. կառավարությունը մերժել է ԲՀԿ–ի գրեթե բոլո՛ր նախագծերը։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Արդարադատության նախարարությանը, ապա այդտեղ որևէ բան ասելը տեղին չէ. մեր հանրությանն ամե՛ն ինչ հայտնի է արդարադատության նախարարի և իր տեղակալների գործելաոճի մասին։ Ժողովրդի շահերից բխող որևէ նախագիծ իրենց համար առաջնային չէ, ինչի համար ցավում եմ և ողջամտության կոչ եմ անում։ Նորից եմ կրկնում՝ նրանք, ովքեր դեմ կլինեն այս նախագծին, դեմ կլինեն արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններին։ Ի դեպ, գործող ընտրական օրենսգրքում սա միակ հնարավորությունն էր՝ քվեաթերթիկները տարբերակելու և ազատ ընտրություններ չիրականացնելու։

–Կարո՞ղ ենք արդեն ասել, որ կառավարությունը, փաստորեն, դեմ է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

–Ես հանձնաժողովի նիստին պատրաստվում եմ հնչեցնել այդ հարցը։ Ինձ համար էլ է հարց՝ սա կառավարությա՞ն մոտեցումն էր, թե՞ Արդարադատության նախարարության հերթական դրսևորումը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը