Կարծիք

25.04.2014 11:05


Լիարժեք երջանկության համար Գալուստի բարի գալուստն էր պակասում

Լիարժեք երջանկության համար Գալուստի բարի գալուստն էր պակասում

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը քուն ու դադար չունի՝ մեր շահերից ելնելով որոշումներ կայացնելու համար: Ու պատահական չէ, որ նա իր բոլոր ազգանպաստ վճիռները գիշերով է կայացնում:

Ասեց մարդը, որ նոր վարչապետը կլինի բոլորի կողմից ընդունելի, ու խոսքի տերն եղավ: Հիշում եք, չէ՞, թե Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ինչ համընդհանուր ցնծություն էր երկրում: Ժողովուրդն ինքնաբուխ փողոց էր լցվել ու տոնում էր իր հաղթանակը, իսկ համացանցում շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «լրահոսում» էին գետի պես: Բա որ լայն լիազորություններով օժտված նորանշանակ վարչապետը սկսեց էականորեն թարմացնել կառավարության կաբինետը, երջանկությունից «խելռեցինք»: Հենց առաջին իսկ նշանակումից պարզ դարձավ, որ այս նոր դեմքերը հույս ու հավատ կներշնչեն մեզ, որ հիմա կարող ենք գնալ հեղափոխական բարեփոխումների, քանի որ առաջին քայլն արված է՝ կառավարությունում մի իսկական կադրային հեղափոխություն տեղի ունեցավ:
Բայց դե, ազգիս դարդից էրվող-խորովվող Սերժ Ազատիչը հո չի՞ կարող բավարարվել այս հաջողություններով: Նա պետք է, չէ՞, Հայաստանը դարձնի համայն հայության հայրենիք, երբ արդեն բոլոր կարգի համաշխարհային կենտրոններ ստեղծել ենք մեր երկրի տարբեր քաղաքներում, բայց Երևանը չենք կարողացել դարձնել համայն հայության մայրաքաղաք: Դրա համար Երևանը պետք է, չէ՞, լինի գրավիչ արտերկրի մեր հայրենակիցների համար, իսկ մի կրկեսն ի՞նչ է, որ չունենք:
Ուստի, Ս.Սարգսյանի կողմից արդեն կայացվել է որոշում, որ այս թատերաշրջանի ապրիլի 28-ի առայժմ չորս գործողությամբ ներկայացման ժամանակ Գալուստ Գրիգորիչը պետք է ընտրվի ոչ միայն երկրի երկրորդ դեմք, այլև՝ համատեղության կարգով, երկրի թիվ մեկ ծաղրածու:
Ի դեպ, պաշտոնի հետ նրան շնորհվելու է նաև բեմական անուն: Այնպես որ, առաջարկություններ ներկայացնելու համար ընդամենը մի քանի օր ունենք, շտապե՛ք:
Սրանով բավարարվում է նաև կոնկրետ պրոֆեսիոնալ խմբերից մեկի լրագրողական համքարության խնդրանքը, որի ներկայացուցիչները ԱԺ նիստերի դահլիճում «բանտարկված» են առանձնացված սենյակում։ Նրանք պարբերաբար ստիպված են լինում դուրս գալ միջանցք, մի փոքր տրամաչափի իշխանամետ ծաղրածու գտնել ու հարցազրույց վերցնել։ Գալուստի նշանակումից հետո այլևս ծաղրածուների պետք չի լինի փնտրել միջանցքում, քանի որ գլխավոր ծաղրածուն նստած կլինի դահլիճի գլխավոր աթոռին ու կզվարճացնի հոգսերի տակ կքած մեր դարդիման ժողովրդին։
Այնպես որ, եթե Ազատիչը շարունակի մեզ ամեն օր ուրախություն պարգևել, իսկապես կհամաձայնվենք Սահմանադրությունը փոխել ու նրան հավերժացնել իր աթոռի վրա:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը