Լրահոս

25.04.2014 01:07


Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Նրանք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Նրանք անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Այս խորագրի վերջին նյութերը