Կարծիք

22.04.2014 18:29


ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Փորձառու և ինֆորմացված քաղաքական գործիչները տեղյակ էին, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհները վաղուց էին բաժանված, բայց հիմա այդ բաժանումը, ինչպես ասում են, «փաստաթղթային» տեսք ստացավ: Ու կարելի է փաստել, որ գործող նախագահն, իր նախաձեռնողական բնավորության համաձայն, այրեց, թերևս, վերջին կամուրջը:

Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին դեռ անդրադառնալու առիթ կլինի, բայց հիմա փորձեմ ընդամենը առաջին տպավորությամբ կիսվել:
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում անընդհատ փորձել է տարանջատվել 2-րդ նախագահից: Չեմ ուզում հատուկ կանգ առնել ապերախտության կամ նման գնահատականների վրա, քանի որ հայկական իրականությունը ցույց է տվել, որ նման որակները վաղուց արդեն քաղաքական կատերգորիա չեն: Ու, անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում մեր երկրի 3 նախագահների անձնական փոխհարաբերությունները, եթե դրանք չեն առնչվում հրապարակային քաղաքականությանը:
Բայց այն, որ մեր երկրի ամենաբարդույթավորված անձը մեր երկրի ամենաբարձր աթոռին է բազմել շուրջ վեց տարի ու ցանկություն ունի հավերժացնել իր տխրահռչակ գոյությունը երկրի ղեկավարի պաշտոնում, դա արդեն սարփասելի է:
Գաղտնիք չէ, որ Սարգսյանը չի հանդուրժում իր շրջապատում ոչ մի ուժեղ, սեփական կարծիքն ունեցող և ինքնուրույն տեսակետ հնչեցնող անձնավորության: Բայց սա դեռ ամենը չէ։
Սարգսյանն ամեն օր կռիվ է տալիս պաշտոնաթող նախագահների հետ (հատկապես՝ Քոչարյանի) ապացուցելու համար, թե ինքն ավելի լավ է ղեկավարում, քան իր նախորդները: Այդ տարանջատվելու մոլուցքն արդեն, կարծում եմ, պարանոյայի է հասցրել, որ նա պատրաստ է անգամ գիտակցված սխալներ թույլ տալ, միայն թե իր քայլերը տարբերվեն նախորդների արածներից: Ու երբ սխալվում է ու խայտառակ արդյունքներ գրանցում՝ սկսում է հետին թվով կռիվ տալ, թե իբր իր անհաջողությունների վրա չարախնդում են (Սերժ Սարգսյանն այդպիսով ցույց է տալիս, որ իր արշինով է չափում մյուսներին)։
Իհարկե, ոմանք շարունակ պնդում են, թե ինչ էլ լինի, միևնույն է, Քոչարյանի ու Սարգսյանի միջև տարաձայնություններ լինել չեն կարող, և այս ամենը խաղ է: Ավելի կատեգորիկներն ավելի առաջ են գնում ու հայտարարում, թե այդ երկուսը մի մարդ են: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Կարծում եմ, գոնե հիմա շատերը կհամոզվեն, որ այդ երկու գործիչները հրապարակայնորեն տարանջատվեցին իրարից, ու անգամ երկրորդական եմ համարում, թե ում նախաձեռնությամբ կամ մեղքով:
Ռոբերտ Քոչարյանը 2005–ին փոփոխված սահմանադրությունը չօգտագործեց վերարտադրվելու համար։ Նա արդեն 6 տարի է նախագահ չէ, բայց նրա խոսքին մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ սպասում են շատերը: Անգամ նրանք, ովքեր ժամանակին եղել են 2-րդ նախագահի ընդդիմախոսը նրա պաշտոնավարման ժամանակ:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին էլ՝ իր հրաժարականից հետո մշտապես սպասում էին, իսկ 2007-ից՝ նաև ուշադրությամբ հետևում։
Բայց, սիրտս վկայում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից 6 օր հետո անգամ նրա կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրի: Այ դա է պատճառը, որ գործող նախագահի իրավահաջորդը կարող է լինել միայն ինքը, ու կապ չունի ինչ կարգավիճակով՝ վարչապետի, ԱԺ նախագահի, շահինշահի, գենսեկի, թե թագավորի, քանի որ նման հոգեբանության տեր մարդիկ ժառանգորդ չեն ունենում:
Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյանն անվստահելի գործընկեր է բոլորի համար, նշանակում է՝ ինքն էլ գիտի, չէ՞, որ չկա մեկը, ում՝ հանուն սեփական շահի, ինքը չի դավաճանի: Դրա համար էլ վստահ է, որ իրեն էլ կարող են նույն կերպ դավաճանել, և անդավաճանը միայն սեփական մարմինն է իր համար:
Քոչարյանը հստակ հասկացրեց, որ դեմ է Ս.Սարգսյանի վերարտադրությանը միտված սահմանադրական փոփոխություններին։ Ըստ իս՝ սա՛ էր նրա երկրորդ գլխավոր մեսիջը։
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեջ, բացի սահմանադրական փոփոխություններից, էլի հարցեր արծարծվեցին, նաև՝ տողատակերում, բայց կարևորը վերը նշված մեսիջներն էին՝ ա. Սերժից հրապարակավ տարանջատում և բ. Սերժի վերարտադրության ծրագրի վերաբերյալ բացասական գնահատականի հնչեցում։
Բացի այդ՝ այս հարցազրույցով Քոչարյանը հստակ հայտարարեց, որ Սարգսյանն իր ծրագիրը չի շարունակում, և ինքը որևէ պատասխանատվություն չի կրում այս ձախողումների համար: Կնշանակի ուղղակի թե անուղղակի, ակտիվ ձևով, թե՝ պասիվ, նպաստելու է գործող նախագահի հեռացմանը: Սարգսյանն ինքը նախաձեռնեց «ուրացումը» և թող չզարմանա ու չզայրանա, որ համարժեք պատասխան է ստանալու բոլորից, այդ թվում ու նախևառաջ՝ Քոչարյանից։
Եվ այն, որ գործին տեղյակ որոշ վերլուծաբաններ պատկերավոր ասում են, թե իշխանությունը հիմա փողոցում գցած է ու հարկավոր է գնալ ու գրագետ քայլերով վերցնել այն, կարծում եմ ավելի քան ակնհայտ է դառնում:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը