Քաղաքական

22.04.2014 16:26


Հովիկ Աբրահամյանն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների խնդիրը (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների խնդիրը (տեսանյութ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ-ից ներկա են եղել Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, ՀՀԿ-ից` Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ–ից՝ Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը: ՀԱԿ-ը քննարկմանը չի մասնակցել։

Մինչ հանդիպումը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է՝ ԲՀԿ–ի դիրքորոշումը չի փոխվելու՝ օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է և մերժելի:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում՝ տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով:
«Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահագրգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար»,–ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քննարկումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում դրական է գնահատել հանդիպումը՝ ավելացնելով.

«Շատ ենք կարևորում, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ տալ»։

Արծվիկ Մինասյանի խոսքի մանրամասները՝ yerkir.am–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը