Լրահոս

21.08.2009 18:26


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

2008 թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի դեմ վարչախմբի  հանցագործությանը՝ խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես  Եւրոպայի Խորհրդի՝ կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը։ Սա դիտարկվեց որպես առանցքային պահանջ, քանի որ բոլորին հասկանալի է, որ առանց մարտի 1-ի սպանդի հանգամանքները ճշտելու եւ մեղավորների պատժելու հնարավոր չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում: Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջին՝ ստեղծելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր մի հանձնաժողով։ Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենը հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին։

Այս հանձնաժողովի առաջին շրջանի կիսատ-պռատ գործունեությունը, մի քանի ձեւական հարցաքննությունները ոչ միայն ապացուցեց այդ իրողությունը, այլեւ պարզ դարձրեց, որ այն կատարում է ձգձգելու, իրողություններն ու հանցագործությունները պարտակելու իշխանական հրահանգ։ Արդեն տեւական ժամանակ այս հանձնաժողովն ամբողջությամբ պարապուրդի է մատնված եւ ընդհանրապես մատը մատին չի խփում։

Այս իրողության հանդիման, Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի եւ պահանջների ու որպես դրա արդյունք՝ միջազգային կառույցների պարտադրմամբ ստեղծվեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիման փորձագետների Փաստահավաք խումբը՝ այս անգամ արդեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների համամասնական ընդգրկմամբ։

Չնայած իշխանությունների փորձերին վիժեցնելու Փաստահավաք խմբի աշխատանքը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ստացել է Փաստահավաք խմբի 3 զեկույց՝ աղաղակող բացահայտումներով: Հանձնաժողովը, սակայն, ոտնահարելով տարրական կանոնները եւ իր իսկ հորջորջած առաքելությունից բխող պարտականությունները, ապացուցված փաստերով հիմնավորված այդ զեկույցները առ այսօր հրապարակային եւ մանրակրկիտ քննարկման առարկա չի դարձրել։ Ավելին, հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչեւ վերջնական եզրակացության հրապարակումը արդեն հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով եւ որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները:

Հանձնաժողովի նման կեցվածքը եւս մեկ ապացույց է այն իրողության, որ այն իրականում մարտի 1-ին կատարված հանցագործությունների պարտակման եւ կոծկման հանձնաժողով է, որի միակ նպատակն է  գործող ավազակախմբի սպասարկումը եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի հարյուրավոր ոտնահարումներն արդարացնելու պատվերի իրականացումը։

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը իրենց այս ստորացուցիչ դերակատարությամբ, ըստ էության, վերջնականապես եւ ամբողջովին դառնում են Մարտի 1-ի ոճրագործության մեղսակից եւ հավասարապես պատասխանատու։

Արդեն իսկ կարելի է վստահ ասել, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցը ֆիկցիա է, այն գրվելու է առկա փաստական նյութի անտեսմամբ, մեր տեղեկություններով նույնիսկ ոչ այս հանձնաժողովում, այլ գործադիր իշխանության կաբինետներում։

Նման պայմաններում Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Փաստահավաք խմբին՝ շարունակել իր փաստահավաք գործունեությունը, քանի որ այսօր, իր երեք զեկույցների հրապարակումից հետո, այն հաստատվել է որպես իրողությունների եւ ճշմարտության բացահայտման միակ ատյան, վայելում է մեր հասարակության, նաեւ միջազգային հանրության վստահությունը։ Մենք նաեւ կոչ ենք անում Փաստահավաք խմբին, բացի առանձին դրվագներով ու ասպեկտներով զեկույցներից, հանդես գալ վերջնական ամփոփիչ զեկույցով։

Այս խորագրի վերջին նյութերը