Կարծիք

19.04.2014 14:21


ՀՀԿ-ԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ «ՀՊԱՐՏ» ՄԻԱՅՆՈՒԹՅՈԻՆԻՑ

ՀՀԿ-ԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ «ՀՊԱՐՏ» ՄԻԱՅՆՈՒԹՅՈԻՆԻՑ

Այսօր, երբ արդեն ակնհայտ է, որ ոչ մի խորհրդարանական ուժ չի պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, վերջինիս այլևս ոչինչ չէր մնում, քան «կսկծու - փառք Աստծու» ռեժիմով ձևակերպում անել, թե՝ իրենք միայնակ կկազմեն կառավարություն՝ ժողովրդի հետ: Մի կողմ թողնենք, թե ժողովրդի որ մասի հետ են իրենք պատրաստվում գործակցել, երբ հենց իրենք են խոստովանում, որ իրենց ռեֆորմներին հասարակության 80 տոկոսը դեմ է:

Ուղղակի, ուզում եմ նշել, որ վերջին 6 տարվա կոալիցիոն կառավարություն կազմելու ՀՀԿ-ի դրդապատճառները ոչ մի աղերս չունեն՝ ո՛չ գործընկերային մեծահոգության, ո՛չ իրենց հանդուրժողականության հետ: Դա ընդամենը սառը հաշվարկի արդյունք էր, որն էլ այս տարիների ընթացքում ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը վստահելի գործընկեր չեն: Եվ այն, որ իրենք մինչև վերջին պահը կարծում էին, որ բոլորն էլ ցանկանում են իրենց հետ համագործակցել, իսկ այսօր պարզ դարձավ, որ ոչ ոք չի ցանկանում, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի մոտեցումները գործընկերային հարաբերությունների հարցում ոչ մեկի համար ընդունելի չեն:
Երկրում ստեղծված խորը ճգնաժամի պայմաններում վիճակը կարելի էր փրկել միայն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու պարագայում, որը միակ դեպքն է, որ կարող է մեծամասնությունը միանձնյա պատասխանատվություն չստանձնել կառավարության ձևավորման հարցում: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանի վարչակազմը համառորեն չի ընդունում, որ երկրում առկա է խորը ճգնաժամ, ուստի պահը բաց թողեց, որ կարելի էր գնալ լայն քաղաքական համախմբման՝ միասնաբար կառավարություն ձևավորելու միջոցով: Իսկ հիմա արդեն ուշ է, և իշխանությունները ստիպված են լինելու ստանձնել ամբողջական պատասխանատվություն և փորձեն երկրում իրականացնել արմատական բարեփոխումներ վերևից, բայց դա հնարավոր չէ, քանզի հայտարարվեց, որ Տիգրան Սարգսյանը լավ է աշխատել ու պետք է պահել այդ կուրսը։
Դրա համար, ոչ թե իմաստ ունի խոսել հասարակական վստահության լիմիտը սպառվելու մասին, քանի որ ի սկզբանե այդ վստահությունն այս իշխանությունները չեն ունեցել, այլ՝ համբերության բաժակի լցվելու մասին: Հիմա չափորոշիչն այլևս սա է:
Իսկ խորհրդարանական մեծամասնության կողմից կոալիցիոն կառավարություն կազմելու անտրամաբանական լինելու մասին մի անգամ չէ, որ խոսել եմ:

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «Առավոտ», 11.11.2010
«Երբ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո (2007թ.) ՀՀԿ-ն հայտարարեց, որ թեպետ կարող են միայնակ կառավարություն ձեւավորել, բայց իրենք գնում են կոալիցիա կազմելու տարբերակով, ես դեռ այն ժամանակ հրապարակայնորեն նշել եմ, որ քաղաքագիտական տեսանկյունից դա աբսուրդ է: Ընտրողներն իրենց վստահության քվեն տվել են քո թիմին ու ծրագրին, մինչդեռ կոալիցիա ես կազմում ու գործընկերներիդ առաջարկությամբ որոշ կետեր ավելացնում գործողություններիդ ծրագրում: Բայց ո՞վ է քեզ իրավունք տվել կարծել, որ այդ կետերով բարելավում ես ծրագիրդ, այլ ոչ թե վատացնում: Չէ՞ որ այդ իրավունքը վերապահված էր ընտրողին, որն էլ իր ասելիքն ասել է ընտրության միջոցով: Եւ սա միայն պատասխանատվությունից խուսափել չէ կամ էլ ընտրողին խաբել, սա ավելի՛ն է. դու վստահ ես, որ մեծամասնություն չունես, երկրորդ` թքա՛ծ ունես ընտրողի կարծիքի վրա: Ցավում եմ, որ ավելի քան 3 տարի առաջվա հորդորիս ականջալուր չեղան, այլապես հիմա չէին հայտարարի, թե մեծամասնություն ունենալու դեպքում դարձյալ կողմ են կոալիցիոն կառավարություն ձեւավորելուն»:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը