Կարծիք

19.04.2014 10:50


Խորտակվող նավում մնալ, որ ի՞նչ անել

Խորտակվող նավում մնալ, որ ի՞նչ անել

(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Ապաշնորհ «նավավար» Սերժ Սարգսյանի «յունգաները» ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո, լուտանքներ թափեցին նրանց գլխին, թե առնետները լքում են խորտակվող նավը: Բայց այդ դիտարկումն այդքան պարզունակ չէ, ինչպես փորձում են ներկայացնել:
Նախ՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ է խորտակվում նավը, և արդյոք մեղավոր չե՞ն այդ հարցում նավավարն ու անձնակազմը:
Երկրորդ՝ ո՞վ է ասել, որ միայն առնետներն են լքում նավը: Պարզապես առնետները լքում են առաջինը, երբ շարքային մահկանացուներին դեռ հայտնի չէ խորտակման փաստը: Իսկ մի՞թե գլխի ընկնելով նավի կործանման մասին՝ մարդիկ պետք է ոչինչ չձեռնարկեն ու այդպես էշ-էշ կործանվեն, որպեսզի հանկարծ առնետ չորակվեն:
Իհարկե, մի մասը կընկնի առնետների «խելքին» ու անմիջապես կհեռանա նավից: Մյուս մասը հույսը կդնի «մեծ կոմբինատոր» Ազատիչի հմտությունների վրա, որ նրան ու անձնակազմին կհաջողվի նավը փրկել: Մի մասն էլ, իրավիճակը սթափ գնահատելով, կփորձի նավի ղեկավարումն իր ձեռքը վերցնել և փրկել այն: Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչինչ չստացվի, բոլորն են լքելու նավը. մնան, որ ի՞նչ անեն:
Իհարկե, պատվախնդիր նավավարը վերջինն է լքում խորտակվող նավը, կամ էլ խորտակվում է նավի հետ միասին: Սիրտս վկայում է, որ եթե Սերժ Սարգսյանին թողնենք՝ նավը «հաջողությամբ» խորտակի, ապա նա էլ կմնա մինչև վերջ, բայց այստեղ պատվախնդրության մասին խոսք լինել չի կարող: Պարզապես, Ազատիչի համար նավը, ավելի ճիշտ՝ նավի ղեկավարի «աթոռը», իր կյանքից էլ է թանկ: Բացի այդ, նա այնպես է կորցրել ռեալության զգացումը, որ մինչև վերջին վայրկյանն էլ կարծելու է, թե ամեն ինչ կարգին է: Իսկ երբ վերջապես հասկանա, որ խորտակվում է նավը, միևնույն է, իրեն թվալու է, թե կկարողանա վիճակը փրկել: Դե իր ենթակա ջահելներն էլ չեն ասելու, որ նավը կործանվում է, որպեսզի Ազատիչի տրամադրությունը չընկնի: Իրենք կա՛մ մի հարմար առիթով կթռնեն նավից, կամ էլ կանցնեն նավի ղեկավարումն իրենց ձեռքը վերցնելու պատրաստ ուժերի կողմը (եթե, իհարկե, հասցնեն):
Մնում է, որ ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով օգնենք Զորի Մագելանիչի գաղափարական ընկեր Սերժ Ազատիչին՝ նավի ղեկից հեռացնելու գործին լծվածներին: Այ սա է ամենից կարևորը, թե չէ, որ կործանվեցինք, բոլորս միասին ենք կործանվելու, ու մեղավոր-անմեղն արդեն այս աշխարհում չէ, որ մեզ հետ պարզելու են:
Թե չէ, եթե հույսներդ դրել եք, որ ՍԱՍ-ը «SOS» է կանչելու, աչքներովդ էլ տեսնեք, չհավատաք. նա աթոռին կառչած տեսակ է ու կյանքը կտա աթոռի համար:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը