Լրահոս

18.04.2014 22:06


«Պարտադիրը» գործնականում դառնում է «կամավոր»

«Պարտադիրը» գործնականում դառնում է «կամավոր»

Երեկ կառավարության նիստից հետո վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Նոր վարչապետը փորձում է բարեփոխումնե՞ր իրականացնել, թե փափուկ բարձ դնել «Դեմ եմ»-ի գլխի տակ, թե՞ մեկ այլ բան է թաքնված այս ամենի ետևում: Դժվար է ասել, թե որոնք են նորանշանակ վարչապետի դրդապատճառները, բայց այն, որ սա շատ լուրջ քայլ է, հաստատ:

Տեսե՛ք, եթե ԱԺ-ն մոտ օրերս նման օրինագիծ ընդունի, ապա, ըստ էության, դա կնշանակի, որ գործատուները կարող են շատ հանգիստ ոչ մի վճարում չանել առանց իրենց աշխատակիցների համաձայնության: Կարճ ասած՝ «Պարտադիրը» գործնականում դառնում է «կամավոր», առնվազն մինչև «պարտադիրի» բարեփոխված տարբերակի կամ էլ առհասարակ նոր օրենքի ընդունումը: Այս պարագայում չեմ կարող չհիշեցնել, որ ընդամենը օրերս, երբ նախագահը ներկայացնում էր վարչապետի իր նոր թեկնածուին, շատ հստակ հասկացնել տվեց, որ բոլոր բարեփոխումները շարունակվելու են և հատկապես շեշտեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը»: Ի՞նչ կարելի է սրանից եզրակացնել: Սա պարզապես մարտավարակա՞ն քայլ է՝ հանդարտեցնելու կրքերը հասարակության շրջանում, թե՞ վարչապետը դեմ է դուրս գալիս նախագահի ծրագրին:

Ես ավելի հակված եմ մեծ հաշվով մտածել, որ մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ: Չեմ կարծում, որ ընթանում է ներիշխանական պայքար: Բայց մյուս կողմից էլ, եթե փորձ է արվում ժամանակ շահել նոր օրենքի մշակման համար, ապա ես, անկեղծ, չեմ պատկերացնում, թե այդ ինչ նոր օրենք են մշակելու կամ էլ ինչպես են բարեփոխելու ներկայիս օրենքը, որպեսզի «պարտադիրը» շարունակի գործել: Ինչպես հիշում եք, ՍԴ-ն, իր որոշման մեջ մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելով, այդպիսին է ճանաչել նաև պարտադիրի բաղադրիչը, և անկախ նրանից, թե այս որոշումը երբ է ուժի մեջ մտնելու, այն ի վերջո մտնելու է: Իսկ սա նշանակում է, որ ինչ նոր օրենք էլ ընդունեն ներկայիս իշխանությունները, դրանք այլևս չեն կարող լինել պարտադիր:

Եթե այս վերջին հանգամանքն էլ հաշվի առնենք, ապա, իրոք, ամեն ինչ խճճվում է, և մարդ այլևս չի հասկանում, թե ինչ եզրակացության հանգել այս ամենից հետո: Բայց դե ամեն դեպքում սա, թերևս, «վարչապետն ընդդեմ նախագահի» սցենար չէ: Գուցե պարզապես իշխանությունները հասկացել են, որ «Պարտադիրը» պարտադրելն այլևս անհեռանկարային է և այս պայքարում իրենք ցանկացած պարագայում տանուլ կտան: Երբ ասում եմ՝ տանուլ կտան, նկատի չունեմ միայն այն, որ քաղաքացիական շարժումը կարող է «մայդան»-ի համար հիմքեր ստեղծել: Անխոս, սա էլ է տարբերակ, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս պայքարի ետևում հիմնականում կանգնած են ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու ձեռնարկատերերը: ՏՏ ոլորտն այսօրվա դրությամբ դինամիկ զարգացող ամենահեռանկարային ճյուղն է մեր տնտեսության մեջ և պետք է ցավով նշել, որ այսօրվա դրությամբ շատ գործարարներ մտածում են դուրս հանել իրենց բիզնեսը Հայաստանից, իսկ նման պայմաններում մեր տեղից չնչին բյուջեն կկրի միլիոնավոր դոլարների վնաս:

Այնպես որ, հուսանք, որ մեր կառավարությունը համապատասխան հետևություններ արել է, ինչպես նաև հուսանք, որ սա «Պարտադիր»-ի վերջն է, այլ ոչ թե անհեռանկարային հնարք կառավարության կողմից:

Տիգրան Հակոբյան –ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը