Կարծիք

18.04.2014 11:20


Գևորգ Անդրիկյան. «Հայերի դատը մարդկության դատն է»

Գևորգ Անդրիկյան. «Հայերի  դատը  մարդկության  դատն  է»

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաժան ճակատագիր էր վիճակված արևմտահայությանը: 1915–1916 թթ. երիտթուրքական կառավարության կիրառած ցեղասպան քաղաքականության հետևանքով արևմտահայությունը կանգնեց իսպառ ոչնչացման վտանգի առջև: Զանգվածային տեղահանումներն ու կոտորածները Արևմտյան Հայաստանի քաղաքներում և գյուղերում, հայության բնաջնջման հարցը նախօրոք մշակված և որոշված էր երիտթուրքերի կողմից: Եվ նրանք ցեղասպանության միջոցով ցանկանում էին իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ պանթուրքիստական ու պանիսլամիստական ծրագրերը, որի միջոցով կստեղծվեր «Մեծ Թուրան»- ը, որը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ: Իսկ այդ ծրագրերի իրականացմանը խանգարում էր հայ ժողովուրդը, որ իր պատմական հայրենիքով սեպի պես խրված էր համաթուրանականության մեջ: Հայկական հարցը լուծելու համար երիտթուրքերն ընտրել էին արևմտահայությանը իսպառ բնաջնջելու ճանապարհը: Հայերի զանգվածային բռնագաղթի ու գազանային կոտորածների լուրը շուտով տարածվեց ամբողջ աշխարհով մեկ` ամենուրեք առաջացնելով բուռն զայրույթ ու բողոք: Առաջադեմ մարդկության ներկայացուցիչները, դատապարտում էին երիտթուրքերի գործադրած բարբարոսային ցեղասպանությունը և պահանջում անհապաղ դադարեցնել այն:

Երիտթուրքերի կառավարությունը, սակայն, անողոք դաժանությամբ շարունակեց իրականացնել իր որդեգրած քաղաքականությունը, որի զոհ դարձան ավելի քան մեկուկես միլիոն հայեր: Արևմտահայության բնաջնջման ծրագիրը խարսխված էր նախորդ ժամանակներում սուլթանական Թուրքիքյի գործադրած ջարդարարական քաղաքականության վրա: 1878թ. Բեռլինի վեհաժողովից հետո, երբ Հայկական հարցը միջազգային բնույթ ընդունեց, սուլթանական կառավարության ազգային ու կրոնական հալածանքները, ավելի մեծ չափերի հասան, խիստ հսկողության տակ առնվեցին հայ պաշտոնյաները և հայկական հրատարակությունները, արգելվեց «Հայաստան» բառի, հայ ժողովրդի պատմությանը և աշխարհագրությանը վերաբերող անունների հիշատակումը: 1894–1896 թթ. Սասունում ու հարակից հայաբնակ նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում տեղի ունեցան սոսկալի կոտորածներ: Հայերին զանգվածաբար բնաջնջելով և նրանց թիվը արհեստականորեն նվազեցնելով՝ թուրքական կառավարությունը ձգտում էր ազատվել Բեռլինի դաշնագրի 61 – րդ հոդվածից, և ընդհանրապես բարենորոգումների պարտավորված ծրագրերից: Մինչև համիդյան բռնապետության տապալումը երիտթուրքերը աշխատում էին ոչ թուրք ժողովուրդներին ներշնչել այն միտքը, որ 1876 թ. սահմանադրության վերահաստատումով կվերանա ազգային խտրականությունը և Օսմանյան կայսրության բոլոր հպատակները հավասար կլինեն օրենքի առջև: Մինչդեռ 1909թ. իշխանության գլուխ անցնելուց հետո, երիտթուրքերը ոչ միայն մոռացան իրենց խոսք տված խոստումները, այլև հպատակ ժողովուրդների նկատմամբ տրամադրվեցին բացահայտ թշնամանքով: Այսպիսով, երիտթուրքերը ամբողջապես որդեգրեցին Աբդուլ Համիդի այրունարբու քաղաքականությունը՝ իրենց դաժանությամբ գերազանցելով նրան: Կայսրությունում ազգային հարցը լուծելու հմար նրանք ընտրեցին այլազգիներին ոչնչացնելու ճանապարհը: Նրանց այս հանցավոր մտահղացման առաջին դրսևորումը եղավ 1909 թ. Ադանայում և Կիլիկիայի մի շարք բնակավայրերում հայերի կոտորածը: Արևմտահայությունը ամենադաժան հալածանքների և ֆիզիկական ոչնչացման ենթարկվեց հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարության գործադրած նենգ ու բարբարոսական քաղաքականության հետևանքով:

Գերմանիան ևս հանցավոր ու պատասխանատու է հայկական ջարդերի համար: 1915 թ. հուլիսի 4 – ին թուրքական կառավարությանն ուղղված գաղտնի գրությամբ Գերմանիան լիովին հավանություն է տվել և պաշտպանել երիտթուրքերի հայաջինջ ծրագիրը:Գերմանական հյուպատոսները խրախուսել, իսկ գերմանացի սպաները մասնակցել են երիտթուրքերի վայրագություններին: Տեղահանության և կոտորածի ընթացքում գործի է դրվել նաև հայերին մահմեդականացնելու քաղաքականությունը:

Եվ այդ ցեղասպանությունն իրագործվեց ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ և նրանք ոչինչ չարեցին հայոց եղեռնը կանխելու համար: Ինչպես միշտ, աշխարհի գերտերությունները Հայկական հարցը շահարկեցին իրենց ծրագրերին ծառայեցնելու համար:

Այսօր էլ նույն գերտերությունները ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձյալ շահարկում են՝ սոսկ իրենց շահերի տեսակետից ելնելով:

2014 թ. ապրիլի 24–ին նշվելու է Հայոց Ցեղասպանության 99 տարին: Թուրքիքյին և աշխարհին ուղղված՝ Ցեղասպանությունը ճանաչելու մեր կոչերն արդարացի են: Եթե Թուրքիան իսկապես ուզում է ժամանակակից եվրոպական պետություն դառնալ, ապա պարտավոր է դատապարտել Օսմանյան Թուրքիայի իրականացրած 20-րդ դարի հրեշավոր հանցագործությունը: Հարկ է նկատել, որ վերջերս փոքր – ինչ նվազել է եվրոպացիների սուր հետաքրքրությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման և ընդհանրապես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հանդեպ: Քանի որ ԵՄ – ից Թուրքիայի ունեցած ակնկալիքները սկսում են նվազել, Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի վերջնական հանգուցալուծման հեռանկարները գրեթե ամբողջովին կախման մեջ են ընկնում Եվրոմիություն–Թուրքիա հարաբերությունների հիմնական «համադրողի»՝ ԱՄՆ – ի քաղաքականությունից: Անցել է գրեթե մեկ դար, բայց հայը զենքերը վայր չի դրել ու չի էլ պատրաստվում մինչև չվերադարձնի այն, ինչն իր սեփականն է: Հայաստանն անկախացել է ու դարձել ինքնիշխան պետություն: Հազարավոր հերոսների կյանքի ու արյան գնով ազատագրվեցին մեր պատմական Արցախի շեներն ու գյուղերը, մեր պապենական հողերի մի մասը: Սակայն եղեռնի պատճառով հայաջինջ եղած Արևմտահայաստանը դեռ օտարի տիրապետության տակ է: Մի խոսքով, հայոց ցեղասպանության դասը հետևյալն է, հայի միակ ու ամենահավատարիմ դաշնակիցը դարերով եղել է ու կլինի զենքը...

Բայց գալու է մեր խլված Հայրենիքը վերագտնելու ժամանակը:

Գևորգ Անդրիկյան

Այս խորագրի վերջին նյութերը