Կարծիք

18.04.2014 11:10


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏՆԵԼ Է ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ՄՆՈՒՄ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՏՆԵԼ Է ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ՄՆՈՒՄ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ

Տիգրան Սարգսյանի հրաժարականը հետագա բուռն ու հագեցած զարգացումների առիթ հանդիսացավ և նոր պատուհան բացեց քաղաքական դաշտի ակտիվ խաղացողների հետագա ծրագրերի իրականացման համար:

Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ, առավել ևս՝ վարչապետի պաշտոնանկության կարգի, ճիշտ գնահատելու համար պետք է դիտարկել 4 հարթության մեջ, որպեսզի ավելի հասկանալի դառնա, թե արդյոք վարչապետի հրաժարականը նրա համար ցանկալի՞ քայլ էր, թե՞ պարտադրված, նա շահա՞ծ դուրս եկավ, թե՞ պարտված:
1.Շախմատի տեսանկյունից (չնայած, հասկանում ենք, որ շախմատով նրա տարվածությունը էժանագին տրյուկ է ինտելեկտուալի տպավորություն թողնելու համար):
Սարգսյանը զոհաբերեց կարևոր ֆիգուր՝ իր ամրության քայլող խորհրդանիշին, սակայն արդյունքում խաղային ու դիրքային առավելություն չստացավ:
2.Ղումարի տեսանկյունից:
Նա հակառակորդին չկարողացավ «առաջքաշում» անել ու իր ինքնավստահ խաղով ստիպեր մեծ կոնի ու բարձր խաղադրույքի պարագայում «փաս» գնալ: Ս.Սարգսյանի բլեֆը չաշխատեց, ու արդյունքում՝ ստիպված ինքը «փաս» գնաց:
3.Սերժ Սարգսյանի առևտրական էության տեսանկյունից (երբ, ուզում է աշխարհը փուլ գա, նա պետք է ամեն ինչի մեջ շահ ունենա` «քեշ» փողի տեսքով):
Տիգրան Սարգսյանին պահում էր, որպեսզի հարմար պահի թանկ «վաճառեր» ու դրա դիմաց ստանար դիրքային առավելություն և, անշուշտ, իր հանդեպ պարտավորվածություններ ու նյութական միջոցների ներհոսք, և կապ չունի՝ անձնական, թե պետական գանձարան, մեկ է՝ պետական փողերն ավելի ազատ են շռայլում, քան իրենց գրպաններինը։ Բայց սրանցից ոչ մեկը նա չստացավ, քանզի նախկին վարչապետի պաշտոնանկությունը հարմար գնով չկարողացավ վաճառել՝ ոչ երկրի ներսի ազդեցիկ խաղացողների վրա, ոչ էլ՝ դրսի։ Ավելին՝ վարչապետին նա հանձնեց զուտ մարտավարական դադարի գնով, այն էլ՝ պարտադրված տարբերակով։
4.Եվ վերջապես, Ս.Սարգսյանի վերարտադրման տեսանկյունից։
Սարգսյանը միշտ ունեցել է մեկ նպատակ՝ պահել ու վերարտադրել սեփական իշխանությունը։ Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ նա թուլացել է և ստիպված է եղել գնալ վարչապետափոխության։

Եզրակացություն:
Սերժ Սարգսյանը վախից է գնացել Տ.Սարգսյանին «հրաժարացնելու» քայլին: Ու այն աստիճան, որ իր սովորության համաձայն՝ խաղը չձգեց, ասենք՝ մինչև ապրիլի 28-ի ԱԺ նիստ, քանի որ լավ հասկանում էր, որ «քառյակը» մանրակրկիտ նախապատրաստվելու է հանրահավաքի, ու կարող է անգամ Տ.Սարգսյանի պաշտոնանկությունը չկանգնացնել գործի գցած թափանիվը: Բայց սա լավ հասկացան նաև նրա դեմ պայքարողները: Եվ դա էր պատճառը, որ եթե մինչև ապրիլի 3-ը խորհրդարանական ոչիշխանական ուժերը, հաշվի առնելով երկրում առկա խոր ու համակարգային ճգնաժամը, կարող էին համաձայնվել ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը ու աստիճանաբար գնալ անցնցում իշխանափոխության, բայց դրան պատրաստ չէր Սերժ Սարգսյանը, ապա ապրիլի 4-ն արդեն ուշ էր դրա համար:
Իսկ երբ Ս.Սարգսյանի՝ «ոնց կասես, շեֆ ջան» թիմակիցները փորձում են մեզ համոզել, թե նրա դիրքերն ամուր են, մի բան են մոռանում, որ գործող նախագահին ուղնուծուծով ճանաչող քաղաքական դաշտի բոլոր ազդեցիկ խաղացողները հիմա նրա հակառակորդնեն են, և կարիք չկա նրա ցանկացած ձախողում ներկայացնել որպես խորիմաստ ու հեռահար նպատակներով արված լուրջ քայլ:
Այնպես որ, շախմատով ու թղթախաղով այս խաղը չես հաղթի, երբ դիմացդ փորձառու «որսորդներ» են, որոնք արդեն այնպես գրագետ «սուրաք» են արել, ասել է թե՝ շուրջկալ, որ «որսին» այժմ թողնված է մի պարտադրված ճանապարհ՝ «մարդասիրական միջանցքով» անցնցում հեռանալը։

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը