Կարծիք

17.04.2014 14:45


ՕԵԿ–ի հեռացումը իշխանական բուրգի փլուզման ինդիկատորներից ևս մեկն է (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

ՕԵԿ–ի հեռացումը իշխանական բուրգի փլուզման ինդիկատորներից ևս մեկն է  (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հայտարարությունից հետո համացանցը պայթում է պահանջներով, թե չպետք է թույլ տալ, որ դառնան ընդդիմադիր. չէ՞ որ ժամանակին այսպես են վարվել, այնպես են վարվել:

Բայց ի՞նչ եք առաջարկում, որ ՕԵԿ-ը մնա կոալիցիայո՞ւմ, թե՞ ընդհանրապես վերանա քաղաքական դաշտից: Այսինքն, ժողովրդի ձայնը հարմար գնով վաճառի Ս.Սարգսյանին ու 6 տարի իշխանության բարեհաճությունից օգտվելով՝ կուսակցության վերնախավի «կարկառուն» ներկայացուցիչները դառնան մեծահարուստներ, ու կա՛մ շարունակեն թալանել, կամ էլ թողնեն այդպես սուսուփուս հեռանա՞ն:
Այո՛, կուսակցությունն իր գործունեության ընթացքում կարող է իշխանությունից դառնալ ընդդիմություն և հակառակը, սա նորմալ է: Բայց ՕԵԿ-ին այս հարցում չէ, որ մեղադրում ենք, այլ ներկայացնում ենք կոնկրետ մեղադրանք, որ 2008-ին, եթե նա չկանգներ Ս.Սարգսյանի կողքին ու չստորագրեր կոալիցիոն հուշագիրը, դրանով Ազատիչի ձեռքերին ազատություն չտար, ապա չէին լինի մարտի 1-ի արյունալի դեպքերը: Այսինքն, եթե իրենք անձամբ ինքնաձիգի ձգանը չեն քաշել, դա դեռ չի նշանակում, որ ձեռքերը արյունոտ չեն, և սա մոռանալ հնարավոր չէ, առավել ևս, որ հայ ժողովուրդը սկլերոզով չի տառապում:
Բայց մեղքերը քավելու համար ՕԵԿ-ն անելիք ունի: Հասկանալի է՝ զոհվածներին հետ չի բերի, բայց ժողովրդին վերադարձնելիք ունի, թողեք անի, էլի՛: Ռուսական ասացվածքն ասում է. «Այն, ինչ սթափի մտքում է, հարբածի լեզվի վրա է»:

Հիմա արդյոք պե՞տք է վարենք հարբածի քաղաքականություն ու միայն հիշեցումներով զբաղվենք:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պոլիցիան ավելի դաժան էր պայքարում երբեմնի յուրայինների դեմ, քանի որ նրան չէին վստահում՝ որպես օտարի, իսկ նա ամեն քայլի պետք է ապացուցեր իր նվիրվածությունը: Հիմա ՕԵԿ-ն իր քայլերով, իր քվերակությամբ ամեն քայլափոխի պարտավոր է ավելի դաժան լինել իշխանությունների հանդեպ, քան մեր պատկերացրած՝ դասական ընդդիմությունը: Ճնշենք՝ թող քննադատի իշխանություններին, քվեարկությամբ օգնի՝ տապալելու նրանց ներկայացրած հակաժողովրդական օրենքների նախագծերն ու ծրագրերը: Եթե իր քննադատության մեջ «կխնայի» Ս.Սարգսյանին, կասենք, որ խաղեր մի տա. դու հասարակական նշանառության տակ ես, համ էլ՝ զրոյական վարկանիշ ունես, ու ինչքան խաղ տաս, այնքան Սերժին վնաս:
Երբ Երրորդ Ռեյխի օրոք պատերազմի ժամանակ օպերատիվ տեղեկություն էր ստացվել, թե շատ կարևոր մի հետախույզ է գաղտնի հատել սահմանը և հայտնվել իրենց տարածքում, ու բոլոր հակահետախույզները գլուխ էին ջարդում, թե ինչպես բռնեն նրան, նացիստական Գերմանիայի զինվորական հետախուզության ու հակահետախուզության (ԱԲՎԵՐ) պետ ադմիրալ Կանարիսն ասել էր, թե՝ ինչո՞ւ եք ձեզ կոտորում, եթե ռեզիդենտը եկել է, նա պետք է գործի, դե կգործի, հետք կթողնի,կբռնենք, էլի, տնաշեններ:
Հիմա թող ՕԵԿ-ը գործի ընդդիմադիր դաշտում, ուզի թե չուզի՝ հասարակության համար ընդունելի սցենարով, իսկ ընտրողն իր որոշումը, մեկ է, կայացնում է քվեատուփի մոտ ու միայնակ:
Դուք ուրիշ բան ֆիքսեք ՕԵԿ–ի հեռացումից. եթե Արթուր Բաղդասարյանը հեռացել է Սերժ Սարգսյանից, ուրեմն ներսից է տեսել, որ իշխանական բուրգը փլվում է։ Արթուրն այդ առումով յուրօրինակ սուրհանդակ է դարձել։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը