Լրահոս

21.08.2009 12:01


Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

2009թ. օգոստոսի 19-ին  ՀՀ գլխավոր դատախազությունում   ստացվել է  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության հաղորդումը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասին: Ըստ հաղորդման՝ ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի պետ Շ. Շահնազարյանը և ոստիկանության  մեկ այլ աշխատակից «դիտավորյալ խոչընդոտել են  «Շանթ» հեռուստաընկերության՝ Գյումրու հեռուստանկարահանող խմբի  աշխատանքը»:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով այն քննարկման առարկա դարձնելու և մատնանշված հանգամանքները ստուգելու համար՝ նկատի ունենալով, որ ՀՔԾ-ում է քննվում  Գյումրու ոստիկանապետի գործողությունների օրինականությունը վիճարկող մեկ այլ քաղաքացու՝ Գրիգոր Վարպետյանի ներկայացրած բողոքը:

Քաղաքացի Վարպետյանն իր  գրավոր դիմումում մասնավորապես հայտնել էր, որ 2009թ.   հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գնացել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի  բաժնի պետ Շ. Շահնազարյանի մոտ՝ իր որդուն ոստիկանություն հրավիրելու  հանգամանքները պարզելու նպատակով: Սակայն, ըստ քաղաքացի Վ. Վարպետյանի, ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի պետ Շ. Շահնազարյանը վերջինիս աշխատասենյակում  անհիմն  հարձակվել է իր վրա, հայհոյել, ձեռքերով, ոտքերով  և ռետինե մահակով  հարվածներ  հասցրել մարմնի տարբեր մասերին՝ այդպիսով մարմնական վնասվածքներ է պատճառելով նրան: Դիմումատուի համաձայն՝ Շ. Շահնազարյանի կարգադրությամբ  ոստիկանության աշխատակիցներն իրեն իջեցրել են հերթապահ մաս, ենթարկել անձնական խուզարկության և ժամանակավոր պահման խցերից մեկում ապօրինի պահել շուրջ 7 ժամ, որից հետո նրան ազատ են արձակել:

Գ. Վարպետյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Դատախազությունը հաղորդել է, որ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության և քաղաքացի Գ. Վարպետյանի դիմումներում մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն:

Այս խորագրի վերջին նյութերը