Մեկնաբանություն

17.04.2014 10:45


Ուրիշի կռվի մեջ չմտնելու գիտակցությունը

Ուրիշի կռվի մեջ չմտնելու գիտակցությունը

Տարածված միտք է, լավ խորհուրդ՝ «Ուրիշի կռիվն ինչո՞ւ ես վերցնում քեզ վրա»:

Մանավանդ որ այդ ուրիշը քեզ տեր չի կանգնելու, եթե քեզ մի բան պատահի: Ավելին՝ արդեն տեր չի կանգնում, քանի որ քո դեմ է հանել սեփական լրատվամիջոցներին: Քեզ՝ սրտի խոր ցավով վարչապետի պաշտոն «շնորհելու» հաջորդ իսկ օրվանից:

ՀԱԿ-ի հայտարարություններին միշտ արձագանքել է Շարմազանով-Աշոտյան-Կարեն Ավագյան եռյակը: Առաջինը՝ որպես կուսակցության մամլո խոսնակ, երկրորդն ու երրորդն էլ՝ որպես կուսակցության ոչ ֆորմալ մամլո խոսնակներ և ֆեյսբուքյան հաստիքային ակտիվիստներ:

Այս եռյակը ՀԱԿ-ին հակադարձել է նախկին վարչապետի պաշտոնավարման ողջ ընթացքում։

Հիշյալ եռյակն ինքն է ստանձնել Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության պաշտպանության գործը՝ թույլ չտալով, որ վերջինս «իջնի իր բարձրունքից» ու հակադարձի ՀԱԿ-ին:

Իսկ հիմա, երբ ՀԱԿ-ը որեւէ անձի վրա շեշտադրում չի անում եւ ընդամենը հայտարարում է, որ մերժում է Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես, և որ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, նույն եռյակը լռում է:

Բայց հանկարծ, Հանրապետական կեղծված մեծամասնության փոխարեն, ՀԱԿ-ին պատասխանում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Անհասկանալի է, թե ինչու է կեղծված մեծամասնության փոխարեն «կրակն իր վրա վերցնում» մեկը, ում դեմ չէ ուղղված ՀԱԿ հայտարարությունը:

Ինչո՞ւ հանկարծ «Վերջի բոլշեւիկը» հիշյալ հարվածային եռյակին քշեց հետին պլան ու առաջ մղեց Աբրահամյանին: Մի՞թե վերջինիս համար դժվար էր նկատել դա:

Որ «Վերջի բոլշեւիկը» մշտապես ջանացել ու փորձել է շատերին դարձնել իր խամաճիկը ու դարձրել է, ակնհայտ է: Ինչո՞ւ բավարարել նրա այդ ցանկությունը, այն էլ՝ սեփական շահերը ստորադասելու տարբերակով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը