Քաղաքական

16.04.2014 20:16


ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից. «Կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ»

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից. «Կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ»

Քիչ առաջ ավարտված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է, որ ՕԵԿ-ը կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու:

«Բավականին երկար քննարկվեցին վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիայից դուրս գալ: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց և աննպատակահարմար է մնալ կոալիցիայում»,-նիստից հետո լրագրողներին հայտնել է Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ քվոտայով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել կուսակցությունից

Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուն, ապա վերջինը այդ մասին կհայտարարի ապրիլի 25-ին հրավիրվելիք ասուլիսում:

Մհեր Շահգելդյանը ընթերցել է նաև ՕԵԿ քաղխորհրդի որոշումը, որտեղ մասնավորապես ասվում է.

ՕԵԿ քաղխորհրդի գնահատմամբ ՀՀ նախագահի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել են նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող, կենսունակ, ամուր, նորարարկան, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները, թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից, միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի իրագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը, գնահատելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը արձանագրում է, որ անցած վեց տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը օրինակ՝ ավելի քան երկու տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ գտնվելով ԱԺ-ում օրենքներ չեն դառնում:

Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ:

Այս խորագրի վերջին նյութերը