Կարծիք

16.04.2014 17:05


«ԲԱԺԱՆԻ՛Ր, ՈՐ ՏԻՐԵՍ»–ԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴՐԵԼ «ՄԻԱՑԻ՛Ր, ՈՐ ՀԱՂԹԵՍ»–Ը

«ԲԱԺԱՆԻ՛Ր, ՈՐ ՏԻՐԵՍ»–ԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴՐԵԼ «ՄԻԱՑԻ՛Ր, ՈՐ ՀԱՂԹԵՍ»–Ը

Վարչապետ էլ նշանակվեց, կառավարություն էլ կձևավորվի, բայց սրանք երկրորդական հարցեր են Սերժ Սարգսյանի համար: Նա խնդիր ունի վերարտադրվելու, իսկ դա առանց սահմանադրական փոփոխության ուղղակի անհնարին է:

Ս.Սարգսյանը մշտապես ու համառորեն պնդել է, որ մեր նման երկրի պարագայում կիսանախագահական համակարգն առավել արդյունավետ է, հաշվի առնելով նաև մեր բարդ տարածաշրջանն ու պատերազմի վտանգը: Մեկ էլ հանկարծ իր իսկ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը կարծիք է հայտնում, թե խորհրդարանական կառավարման համակարգն է ճիշտ մեր պարագայում, իսկ Ս.Սարգսյանն էլ, այնուամենայնիվ պնդում է, որ ինքը համաձայն չէ հանձնաժողովի կարծիքի հետ, բայց քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ համոզում է, որ պաշտպանեն սահմանադրական փոփոխությունների Գագիկ Հարությունյանի առաջարկած մոդելը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ՍԴ նախագահն ընդամենը ներկայացրել է այն, ինչ թելադրվել է Բաղրամյան 26–ից:
Իհարկե այսքանից հետո կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք իշխանական կերակրատաշտին մոտենալու դիմաց կներքաշվեն սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ, բայց ո՞ւմ չի պարզ, որ, եթե հրաշալի իմանալով, թե ինչ նպատակ է հետապնդում Ս.Սարգսյանն այս փոփոխությամբ՝ կստանձնեն նման առաքելություն, ապա հազիվ թե նրանց հետ գլուխ դնողներ լինեն ու ներքաշվեն մասնագիտական քննարկման մեջ: Ուղղակի կասեն՝ պարոնա՛յք, թույլ տվեք ձեզ շնորհավորել, դուք այլևս ձեր պատվավոր տեղն եք զբաղեցրել իշխանամետ հաճախորդների կամ մանր ժուլիկների ակումբում:

Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ.Սարգսյանին, առաջին գիծ գցեց իր հարազատ եղբորը՝ Սաշիկին, որպեսզի նրան ծաղրեն ու քննադատեն, իսկ ինքը բոլորի աչքից հեռու պահի իրական 50/50-ին, և նուրբ խաղի միջոցով երկիրը աննկատ սեփականաշնորհի: Իրեն դրա համար հարկավոր է ընդամենը մի քանի տարի, որից հետո իսկապես ճիշտ է ասում, որ, եթե ինքը լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականատերը, էլ ի՞նչ կապ ունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու: Կարող է այդ դեպքում, իրոք, ՀՀԿ–ի գրասենյակից կառավարել երկիրը. դա արդեն ճաշակի հարց է:

Իսկ այդ բաղձալի նպատակին հասնելու համար նրան դեռ հարկավոր է շարքից հերթով հանել հինգ հզոր ֆիգուրների, որոնք անկախ են, ունեն մեծ կապեր՝ երկրի նեսում ու դրսում, ունեն նյութական, վարչական ու մարդկային մեծ ռեսուրս, և չեն ընդունում Սերժ Սարգսյանի «կրոնը»: Եթե Ս.Սարգսյանին հաջողվի այդ ֆիգուրներին չեզոքացնել, ապա հասարակական շարժումները հեշտ կլինի ճնշելն ու վերարտադրվելը։
Այս փուլում դեռ չեն կարողանում իրենց ուզածին հասնել, և այդ իսկ պատճառով ձգտում են դաշտը պղտորել ու արհեստական օրակարգեր մատուցել հանրությանը։ Խնդիր է դրված նաև ժամանակ շահել։

Իշխանությունները դեռ շատ կփորձեն կեղծ թիրախներ մատնացույց անել՝ հասարակությանն ապակողմնորոշելու համար, թե ովքեր են ձեզ թալանել կամ ինչպես կարող են այդ մարդիկ ձեր մասին մտածել, միայն թե հասցնեն այդ օդ ու ջրի պես անհրաժեշտ մի քանի տարին ամեն գնով գլորել:
Վերջին ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդի մի ստվար զանգված այլևս կորցրել է դիմադրողականությունը, չի հավատում փոփոխություններին ու շատ հանգիստ, համապատասխան գումարի դիմաց գնում ու իշխանության ներկայացուցչին ձայն է տալիս: Դրա համար իշխանությունները ժողովրդին հասցնում են չքավորության եզրին, մրցակից ուժեղներին էլ իրար հետ կռվացնելով շարքից հանում, մեծամասնական ընտրակարգի անցնելով ընտրատեղամասերը 41-ից կդարձնեն 131, այսինքն այնքան կփոքրացնեն, որ եթե մինչև հիմա թաղի հեղիակություններն էին պատգամավոր դառնում, ապա հաջորդ խորհրդարանական ընտրություններին կհաղթի նաև թաղի խուժանը: Սա ըստ Բաղրամյան 26–ի ծրագրերի։ Բայց մի բան է ծրագրելը, մեկ այլ բան՝ իրական կյանքը։
Իսկ սահմանադրական փոփոխություններ, անշուշտ, հարկավոր են, բայց ոչ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Իրեն ճանապարհենք ու հանգիտ կարող ենք քննարկել, թե կառավարման որ մոդելն է արդյունավետ մեր երկրի համար:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը