Կարծիք

16.04.2014 09:50


Մասնագիտությամբ Սպարապետի եղբայր Արամ Զավենի Սարգսյանի տվայտանքները

Մասնագիտությամբ Սպարապետի եղբայր Արամ Զավենի Սարգսյանի տվայտանքները

(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Այսօր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և մասնագիտությամբ Սպարապետի եղբայր Արամ Զավենի Սարգսյանի պարզաբանումն աչքովս ընկավ կայքերից մեկում: Թե ինչո՞ւ իշխանությունները ԲՀԿ-ի հետ չեն վարվում այնպես, ինչպես մնացած ընդդիմախոսների հետ են սովորաբար վարվել: Նրանց ունեզրկել են, ինչպես Արամ Սարգսյանին, իսկ ահա ԲՀԿ-ի հետ նման կերպ չեն վարվում, քանի որ ստվերային պայմանավորվածություններ ունեն: Ահա այսպիսի «էվրիկայոտ» եզրահանգման է եկել Զավենիչը:

Ուզում եմ պարզաբանել մեծն պարզաբանող Արամ Զավենիչին, որ այո իշխանություններն ունեզրկել են իրենց ընդդիմախոսներին ու դրանից հետո կա՛մ ասպարեզից հանել՝ որպես իրենցից այլևս վտանգ չներկայացնողների, կամ էլ էժանով գնել, որպեսզի հիմա էլ իրենց ծառայեն:

ԲՀԿ-ի ղեկավարի հարցում չեն կարողանում անել անգամ առաջին քայլը՝ ունեզրկելը, որ նոր կարողանան անցնել հաջորդ քայլին: Եթե կարողանային, կանեին։ Տիգրան Սարգսյանին չկարողացան, չէ՞, պահել։ Հիշեցնեմ, որ ԲՀԿ–ն այն ուժերից էր, որը պահանջում էր կառավարության հրաժարականը։

Իսկ գուցե Արամ Զավենիչն ի՞ր մեջ ման գա պատճառը, թե ինչու Գագիկ Ծառուկյանին այսքան տարվա համառ պայքարից հետո չեն կարողանում «կոտրել», իսկ իրեն՝ այդքան հեշտությամբ կարողացան:

Գուցե մտածի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իր թիմակիցների պահանջով դարձավ վարչապետ, բայց մի քանի ամիս հետո, երբ հանեցին, ոչ մի թիմակից նրան չպաշտպանեց: Ավելին, եթե ամուր կանգնած լինեին պաշտոնավարման ժամանակ, հազիվ թե գործն այդքան արագ պաշտոնանկության հասներ:
Հավանաբար դեռ այն ժամանակ մոտիկից Զավենիչի խելքը չափեցին ու հասկացան, որ նրա հետ կարող են վարվել այնպես, որ սովորաբար դրանից հետո դեն են նետում։
Գուցե Զավենիչը մտածի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ժամանակին Արեմտյան ուղղությունը մեր երկրի համար քաղաքակրթական ընտրություն էր համարում, նարնջագույն փողկապ կապում, բայց մի օր որոշեց ու իր գաղափարական և արժեհամակարգային ընտրությունն այդպես էժանով տարավ գցեց Բաղրամյան 26-ի մուտքի դռան տակ՝ դառնալով նրանց շարքային «սազանդար»՝ ընդդեմ արժանապատիվ պայքարողների:

Եթե քաղաքական դաշտում դու Վազգենի կիսատ թողած գործը չես շարունակում, քո գաղափարական ընտրության համար չես պայքարում, քեզ ու քո նմաններին ունեզրկողների դեմ պայքարին չես միանում, հարցազրույց ես տալիս ու ԲՀԿ-ին քննադատում, որ ի՞նչ անես: Հաճախորդությունը կյանքի սկզբու՞նք է դարձել։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը