Լրահոս

20.08.2009 16:01


ՀՀ ոստիկանությունը՝ Մարիամ Սուխուդյանի առաջադրած մեղադրանքի վերաբերյալ

2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի և այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.2008 թ. «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման լազերային սկավառակը, որի վերարտադրությամբ առկա տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 11.02.2009 թ. հարուցվել էր քրեական գործ և կատարվում էր նախաքննություն։
Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության ր հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թ. մարտին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում «Կրթական մուլտիմեդիոն նյութերի և աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր իրականացնելու համար, հայտ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, որը հավանության է արժանացել, ապա ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիոն ՀՀ դրամ, որը փոխանցվել է կրթահամալիրի ֆոնդին։ Նշված ծրագրի շրջանակներում՝ 2008 թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում Նուբարաշենի թիվ 11 կրթահամալիրում բացվել է համակարգչային սենյակ, ձեռք է բերվել համակարգիչ, կազմակերպվել են խոհարարական դասընթացներ, ինչպես նաև՝ էքսկուրսիաներ, անգլերեն և ռուսերեն լեզուների ուսուցում, որոնք իրականացվել են Մ. Սուխուդյանի, Բ. Հովհաննիսյանի, Ա. Ղարիբյանի և Լ. Նուրիջանյանի կողմից։
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում՝ դեռևս 2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված և դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել և տրամադրել իրեն՝ ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մ. Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն՝ իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի և այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։
Կրթահամալիրի սաներ Լ. և Դ. Ամիրխանյանները, Մ. Դավթյանը, Ա. Պողոսյանը, Մ. Շամամյանը և Դ. Մկրտչյանը կտրականապես հերքել են Լ. Ավագյանի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ամիրխանյանը նշել է նաև, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով։ Նա նաև հայտնել է, որ 2008 թ. հուլիսին Մ. Սուխուդյանը և մյուսները այցելել են իր բնակարան, որտեղ Մ. Սուխուդյանն իրեն ուղղորդելով և հարցերի պատասխանները նախապես սովորեցնելով՝ տեսանյութ է պատրաստել։
2009 թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մ. Սուխուդյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը