Կարծիք

11.04.2014 17:34


«ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԻ» ՆՈՍՏԱԼԳԻԱՆ

«ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿԻ» ՆՈՍՏԱԼԳԻԱՆ

Երեկ բավական հագեցած օր էր, բայց պարարտ հող մնաց նաև այս օրերին կիսատ թեմաները զարգացնելու համար:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու Սերժ Սարգսյանն օրնիբուն աշխատում է, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվում: Քանի որ ուրիշ ղեկավարներ աշխատում են և առիթից-առիթ խարդավանքների միջոցով գործն առաջ տանում, իսկ Ս.Սարգսյանն առավոտից երեկո զբաղված է միմիայն խարդավանքներով՝ իր աշխատանքը հենց դա է, որի նպատակը վերարտադրվելն է: Նա դրա համար էլ ինչի ասես, որ չի դիմել: Ինչպիսի թռչկոտումեր ու ցատկոտումներ, որի արդյունքում ձեռք է բերել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներքաղաքական «քցողի» կարգավիճակ, դարձել անհուսալի գործընկեր բոլոր մակարդակներում: Մարդ, ով հենց բերանը բացում է, դիմացինն անմիջապես հասկացնում է, որ չի հավատում նրա ոչ մի խոսքին:

Հիմա Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն է առաջարկում, որպեսզի հավերժ մնա իշխանության գլխին՝ միամիտներին խաբելով, թե նախագահ ու վարչապետ չի դառնա։ Այո՛, իրոք նա չի ուզում ապագայում նախագահ ու վարչապետ դառնալ, քանզի կեվորկովյան «շկոլան« անցած և համայնավարական մտածողությամբ օժտված մարդն ուզում է ԽՍՀՄ «հին բարի» ժամանակների ոգով՝ «ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար դառնալ ու գերագույն խորհրդի նախագահ»: Իսկ մի՞թե անուն է կարևոր, թե ինչ կլինի:

Դեռ մի քանի ամիս էր պաշտոնավարում Սերժ Սարգսյանը, երբ նրա այժմյան հավատարիմ «զինակից» Վազգեն Մանուկյանը փորձեց նրան արդարացնել՝ նախկին սխալներից տարանջատելով: Մի խոսքով՝ լավություն անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Երբ Ս.Սարգսյանին համեմատեց ԽՍՀՄ անցյալ դարի 60-70-ականների ղեկավար Նիկիտա Խրուշչովի հետ ու ներկայացրեց Ս.Սարգսյանին նրա նման բարեփոխիչ: Ես այն ժամանակ հակադարձեցի այդ տեսակետին, և կարծում էի, որ տեղ է հասել ասածս, բայց հիմա տեսնում եմ, որ հինգուկես տարի հետո, դարձյալ Սերժ Սարգսյանին հանգիստ չի տալիս Խրուշչովի «փառքը»: Ուստի ստիպված եմ հիշեցնել այն ժամանակ ասածս միտքն այդ հարցում:

. . .

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «Առավոտ», 27.12.2008, «ԿԱՐԺԱՆԱՆԱՍ ԽՐՈՒՇՉՈՎԻ ԲԱԽՏԻՆ»
«Փաստենք, որ Նիկիտա Խրուշչովից առաջ եւ հետո՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, Խորհրդային Միության բոլոր ղեկավարները պաշտոնից հրաժարվել են կյանքին հրաժեշտ տալու պարագայում: Եվ միայն Խրուշչովն էր, որ պաշտոնանկ արվեց՝ այն էլ իրեն կյանքով պարտական իր գործընկերների ձեռքերով: Պատճառն այն էր, որ Խրուշչովն իշխանությունն արժեզրկելուն զուգահեռ՝ պայման չստեղծեց, որ երկրում հաստատվի ժողովրդի իշխանություն: Արդյունքում նա կորցրեց իշխանական հենարանը՝ այդպես էլ չստեղծելով հասարակական հենարան:
Կարծում եմ, նախագահ Սարգսյանը երկիրը կառավարելու գործում թույլ է տալիս մեթոդոլոգիական սխալներ: Նա կուտակում է իր պաշտոնին անհարիր, անթույլատրելիորեն մեծ չափի ու ցածր տրամաչափի տեղեկատվություն: Ինչի արդյունքում նա այլեւս չի կարողանում լինել լայնախոհ՝ լինելով այդչափ մանրախնդիր:
Նախագահը պետք է նկատի ունենա, որ իշխանական կառավարման մեքենայի որակական նշաձողն այսպես հետեւողականորեն իջեցնելու, զուգահեռաբար երկրում ժողովրդի իշխանություն հաստատելուն այսչափ խոչընդոտելու դեպքում խրուշչովյան բախտին արժանանալու վտանգը, կարելի է ասել, անխուսափելի է»:

. . .

Մեր հասարակությունը ցանկանում է Սերժ Սարգսյանին օր առաջ հեռացնել, իսկ նա փորձում է համոզել, թե իր ձեռքը մի 4 տարի էլ վառվեք, որպեսզի սահմանադրական փոփոխությամբ էլ վառվենք այնքան մինչև որևէ մեկի մահը կբաժանի մեզ: Ի՞նչ է, ՀՀ քաղաքացիներս եկեղեցով «զագսավորվել» ենք Սերժ Սարգսյանի հետ, որ միայն մահն է, որ պետք է բաժանի մեզ:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը