Մեկնաբանություն

10.04.2014 19:24


Գագիկ Հարությունյանի լեզվինն ու Սերժ Սարգսյանի մտքինը

Գագիկ Հարությունյանի լեզվինն ու Սերժ Սարգսյանի մտքինը

Շատերն են հիմա քննարկում այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանն անկե՞ղծ էր, երբ հայտարարում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնում նախագահի կամ վարչապետի պաշտոնին։

Բոլորս էլ գիտենք, որ ՀՀԿ ղեկավարը ստախոս է։ Դա նորություն չէ։ Բացեք նրա բոլոր հայտարարությունները և համամետեք դրանք արված գործողությունների հետ։ Դրանից հետո միակ դիագնոզն այն է, որ գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի կամ էլ սեփական խոսքի արժեքը չգնահատողի հետ։

Ահա այս ամենից ելնելով էլ մարդիկ համոզված են, որ նա հիմա խաբում է և սահմանադրական փոփոխություններից հետո մտքափոխ կլինի ու կգնա վարչապետի աթոռին։

Հակառակ գերակշռող կարծիքի, ես համոզված եմ, որ այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ Սերժ Սարգսյանի չի ստել։

Նա, իրոք, չի պատրաստվում ապագայում մնալ պետական կառավարման համակարգում նախագահի կամ վարչապետի կարգավիճակով։ Սերժը սահմանադրական այնպիսի փոփոխություններ է հրամցրել, ըստ որի՝ Հայաստանում նախագահի ու վարչապետի պաշտոնները ստորադասվում են ԱԺ նախագահի և համատեղությամբ իշխող ուժի ղեկավարի պաշտոնին այնպես, ինչպես Սովետական միության տարիներին էր ՍՄԿԿ–ի ու Գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնն ավելի բարձր, քան Մինիստրների սովետի (կառավարության) ղեկավարի պաշտոնը։

Սերժ Սարգսյանը վերարտադրվելու համար գտել է լիսկայական ու բուռնաշական խորհրդարանի ձևավորման օգնությամբ հավերժ իշխելու և մեր երկիրը սովետական տարիների միջինասիական հանրապետությունների մակարդակին իջեցնելու տարբերակը (սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, առաջարկվում է Մայր օրենքում ֆիքսել մեծամասնական ընտրակարգը)։

Սերժն ուզում է հանցագործների բանդայով խորհրդարան ձևավորել, ժողովրդին հրամցնել խամաճիկային նախագահ ու ամեն ինչով ենթակա վարչապետ, իսկ ինքն էլ ԱԺ նախագահի կարգավիճակով ցմահ «ատկատահան» անել բյուջեն ու իր ձեռքում կենտրոնացնել տնտեսությունը, այսինքն՝ անել այն, ինչ անում են հետամնաց աֆրիկյան, արաբական ու ասիական երկրների ղեկավարները տասնամյակներ շարունակ՝ թաքնվելով «Բարձրացնենք խորհրդարանի դերն ու ժողովրդավարացնենք կուսակցական համակարգը» կարգախոսի հետևում։

Բայց ինչպես ասում են, «շուստրի» աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։ Սերժի խաղերը «օդում» բռնած է, և եթե հիմա նա չհրաժարվի մինչև համապետական ընտրությունները սահմանադրական հանրաքվե անցկացնելու գաղափարից, ապա իշխանափոխության փաթեթային տարբերակը կա ու կա։

Սերժը Տիգրան Սարգսյանին «փուռը» տվեց, որպեսզի «փողոց» չստանա ու կարողանա «տակից» անցկացնել վերարտադրվելու իր սցենարը, բայց նման մանկական կոմբինացիաներով նա կարող է իր շրջապատին զարմացնել, բայց ոչ նրա քայլերը հեռվից կարդացողներին։

Ի դեպ, առանձնահատուկ ուզում եմ ընդգծել, որ այսօր պարզվեց, որ հայկական էժանագին սերիալներն իրենց որակին համահունչ դերասաններ են կորցրել ի դեմս Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի։

Բանն այն է, որ Գագիկ Հարությունյանի ձեռքերով Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ ու վերարտադրության սեփական սցենարն է առաջ տանում, բայց տեսախցիկների առաջ հայտարարում է, թե դա այնքան էլ իր սրտովը չէ։

Գագիկ Հարությունյանն էլ «զարմանում» և «անակնկալի» է գալիս Սերժ Սարգսյանի այն խոսքերից, թե նախագահ չեմ ուզում, վարչապետ նույնպես չեմ ուզում, այլ ուզում եմ երկիրը բարեփոխվի։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Իրականությունն այն է, որ այն ինչ ներկայացրեց Գագիկ Հարությունյանն իր բերանով՝ Սերժ Սարգսյանի մտքինն էր։ Սովետական «շկոլայի» ներկայացուցիչներ Սերժի ու Գագիկի ուղեղում այլ բան չէր էլ կարող ծնվել։

«Վերջի բոլշևիկը», փաստորեն, ուզում է «գենսեկ» աշխատել ու Լիոնիդ Բրեժնևի պես իշխանական կաբինետը լքել միայն ոտքերով առաջ տարբերակով, բայց դե հայ ժողովուրդը 21–րդ դար չի հասել, որ անկախ Հայաստանը զոհաբերի բոլշևիկների մնացուկներին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը