Լրահոս

09.04.2014 22:24


Անի Գրիգորյան. Կառավարական թաղումներից «ատկատ» անողի՞ն պետք է վստահվեր տնօրենի պաշտոնը

Անի Գրիգորյան. Կառավարական թաղումներից «ատկատ» անողի՞ն պետք է վստահվեր տնօրենի պաշտոնը

Պարադոքսների երկրում ենք ապրում:

Բավական է մեր իրականության մեջ հայտնվի մի չարատավորված դեմք՝ թողած իրապես արատավորված ու կասկածելի «հեղինակություն» ունեցող անձանց, շատերը հարձակվում են դեռեւս ոչ մի արատավոր գործունեությամբ աչքի չընկած անձանց վրա:

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, դրա շուրջ «աղմկոտ զարգացումները» ասածիս վառ ապացույցն են:

Այն, որ անկախությունից ի վեր մինչ օրս երկրի գլխավոր թատրոնը չի կարողացել գտնել իրեն, այն է՝ տարածել օպերային եւ բալետային արվեստը՝ փաստ է:

Այն, որ անցած 23 տարիներին թատրոնից կոնկրետ պատճառներով հեռացել եւ եվրոպական ու մոսկովյան հեղինակավոր բեմերում հաջողությամբ հանդես են եկել եւ շարունակում են հանդես գալ հայ սքանչելի տենորներ ու մեցցո-սոպրանոներ, բալետային արտիստներ՝ նույնպես փաստ է:

Այն, որ այս թատրոնում միջազգային չափանիշներին համահունչ կառավարում (մենեջմենտ) չի իրականացվել՝ սա եւս փաստ է:

Ավելի քան 600 աշխատակից ունեցող թատրոնը միշտ էլ անկյուն մղվածի կարգավիճակ է ունեցել, ինչը պայմանավորված է եղել բազմաթիվ հանգամանքներով:

Երբ, մանավանդ, Թատրոնի շենքի ներսում մարդիկ չեն տեսել ակտուալ, ժամանակի շնչին համահունչ թեմաներ ու նման բեմադրությունների իրականացման փորձեր:

Սա խորքային հարց է, որ խոր ուսումնասիրման կարիք ունի:

Բայց ահա հանկարծ այս ամենը թողած, շատ լրատվամիջոցներ եւ մրցույթի մասնակիցներ ու նրանց սատարողներ սկսեցին աղմուկ բարձրացնել թատրոնի տնօրենի մրցույթի շուրջ: Իբր մինչ այդ տապակվում էին Օպերայի եւ բալետի թատրոնում բովանդակային պարապության խնդիրներով, հիմա էլ սրանց անասելի հետաքրքրում է, թե ով է լինելու տնօրենը:

Իբր նախորդ տնօրենը՝ Կամո Հովհաննիսյանը, որ նշանակվել էր մի 15 տարի առաջ՝ հանրության հայտնի դե՞մք էր, որ հիմա էլ սրանք մի աշխարհացունց աղմուկ են բարձրացնում, թե ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը, որ պետք է նշանակվի Օպերայի տնօրեն:

Շատ հետաքրքիր է, իսկ ո՞վ էր Կամո Հովհաննիսյանը 15 տարի առաջ: Ոչ ոք նրան չէր ճանաչում եւ, ի դեպ, այդպես էլ նա հանրությանը անհայտ մնաց մինչեւ վերջերս՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պահը:

Ամենազավեշտականն այն է, երբ այս երիտասարդ կառավարչի դեպքում ոմանք հեգնում են նրա՝ մի քանի լեզուների տիրապետելու փաստը եւ նաեւ ծաղրում մարդուն, ով 2005-2011 թթ. Ալեքսանդրիայում եղել է Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավարը եւ հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության փոխհյուպատոսը Եգիպտոսում:

Ա՛յ, քեզ բա՜ն:

Հայ արդի մշակույթն այնքա՜ն հետընկած վիճակում է, որ մի 100 տարի է պետք, որ կարողանա մի կերպ վազել ու հասնել այսօր աշխարհում նկատվող արվեստի միտումներին, հասու լինել դրանց ու հասկանալ, թե ինչ է կատարվում համաշխարհային մշակութային ասպարեզում:

Ծմակուտից նայում եք աշխարհին ու կարծում եք՝ դուք եք, որ կա՞ք:

Աշխարհն ամեն օր է փոխվում, նոր ու հետաքրքիր արժեքներ ստեղծելու եւ դրանք հանրահռչակելու գործընթացները լույսի արագությամբ են ընթանում:

Իսկ մեզանում, մշակութային օջախի տիրացած ամեն ոք մտածում է, թե էլ ի՞նչ կարող է սեփականել՝ ոչ մի արժեքավոր բան ստեղծելով կամ գոնե իր գործը մարդավարի անելու առումով: Ոչ մի նման բան, միայն պոկել իրեն «հասանելիքը» ու անպատիժ հեռանալ:

Այս մրցույթը նախ առիթ պետք է տար պարզելու եւ գնահատելու, թե ովքեր են մասնակցում դրան: Մինչդեռ, նման բան տեղի չունեցավ: Հակառակը՝ մրցույթի հանձնաժողովի կողմից ամենաշատ «կողմ» ձայներ ստացած (9) թեկնածուի դեմ մինչ օրս հերյուրանքներ է տարածում մրցակիցը, ով ստացել է 7 «կողմ» ձայն:

Իսկ ո՞վ է Հայաստանի ֆիլհարմոնիկի տնօրեն Գագիկ Մանասյանը, որին հանիրավի «օծել» են մի քանի կոչումներով (մշակույթի վաստակավոր գործիչ, գիտությունների թեկնածու, ավելին՝ ՀԽ անդամ ու ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամ):

Հիմա նա բողոքում է, թե այս կամ այն մարդու «դաբրոյով» անցավ Ա. Արզումանյանը:

Լավ, ենթադրենք: Իսկ դո՞ւ ում «դաբրոյով» ժամանակին ստացար Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Քո աներձագի՝ այդ ժամանակվա նախարարի «դաբրոյով»: Եվ տարիներ շարունակ մնալով այդ պաշտոնին, հասցրեցիր նույն աներձագիդ «դաբրոյով» մայրաքաղաքի կենտրոնում սեփականաշնորհել հսկայական տարածքներ, որոնք, ինչպես նշում են, լավատեղյակները, հիմա վարձով ես տալիս:

Այս պաշտոնից ազատվելուց հետո էլ նույն «դաբրոյով» ստացար Ֆիլհարմոնիկի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, քեզ էր վստահվել նաեւ Դպրոցական ֆիլհարմոնիայի տնօրինման գործը: Ի՞նչ աշխատանքներ ես իրականացրել դպրոցականներին արժեքավոր երաժշտություն քարոզելու ուղղությամբ: Ոչինչ, բացի՝ աղանդավոր մի երգչուհու եւ նրա դստերը դահլիճ տրամադրելուց եւ նրանց աղանդավորական «երգացանկը» դպրոցականներին հրամցնելուց:

Կամ՝ Պետական Ֆիլհարմոնիկի դեպքում, ո՞րն է եղել քո «առաքելությունը»: Նայում ենք ազդագրերին, միայն ռաբիս ու անճաշակ, թամադայական ոճի համերգներ են:

Հիմա Մանասյանն ասում է՝ «Ժողովուրդը սովին կդիմանա, բայց անարդարությանը՝ ոչ»:

Ժողովուրդը խաբա՞ր է քո «հայրենանվեր» գործունեությունից, երբ նրան հոգեւոր սովի մատնելուց բացի, այլ բան չես արել:

Ժողովուրդը տեղյա՞կ է, որ քեզ են վստահել կառավարական թաղումների համար պետբյուջեից հատկացվող գումարները:

Ա՛յ, էս մի գործը շատ լավ ես անում:

Հիմա ի՞նչ, Օպերայի թատրոնի տնօրենի աթոռին նստելուց հետո նոր բա՞ն էիր անելու, բացի այն, ինչ արել ես մինչ օրս: Իհարկե, ոչ:

Ի դեպ, մի քանի տարի առաջ էլ Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում տեղի ունեցած բացօթյա համերգ-հանդիսության կազմակերպիչն էլ դու էիր, երբ բեմը փլվեց, ինչի հետեւանքով երեխա մահացավ, իսկ ելույթով հանդես եկած օպերային երգիչն էլ դարձավ հաշմանդամ, ով այլեւս չի կարողանում երգել:

Կրկնում եմ, նախ ցանկացած մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց «փառապանծ» գործունեությունը պետք է քննել:

Մեծ երգիծաբանի ոճով ասած՝ «Հատ մը աս ապիկարներուն արածներին նայինք»:

Մենք փորձեցին մի փոքր նայել: Դեռ ոչ ամբողջությամբ, մի փոքր միայն:

Անի Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը