Լրահոս

19.08.2009 17:42


Բողոքում են Վանաձորի Ճշգրիտ հաստոցաշինական գործարանի բաժնետերերը

  Վանաձորի Ճշգրիտ հաստոցաշինական գործարանի   խաբված բաժնետերերի բողոքներն ավելի հաճախակի են դառնում:  Նրանք պահանջում են  բաժնետիրական  ընկերության  սեփականաշնորհման  բաժնետոմսերում  նշված գումարները' շուրջ 140 մլն ՀՀ դրամ կամ 375 հազ ԱՄՆ դոլար, որը գործարանի  հիմնական  ֆոնդի ընդամենը 20%-ն է, իսկ    80%-ն, ըստ 1994թ. բաժնետերերի ժողովի, պատկանում է պետությանը:  Հենց այստեղ է, որ գործարանի բաժնետերերը կանգնում են միանգամից մի քանի խնդրի առաջ. նախ՝ նրանք չեն գտնում այսօրվա սեփականատիրոջը:  Չիմանալով՝ ումից պահանջեն իրենց հասանելիք գումարները՝ նրանք   բաց նամակ  են հղել ՀՀ   Ազգային ժողովի նախագահ Հովիկ  Աբրահամյանին՝ խնդրանքով, որ ԱԺ-ն ստեղծի հատուկ հանձնաժողով և պարզի, թե ով է պատասխանատու  Լոռու մարզի ամենահարուստ հիմնարկ-ձեռնարկությունը  71. 857մլն  արժողությամբ գործարանը  թալանելու մեջ:

 Ըստ բաժնետերերի կողմից լիազորված անձ  Միքայել Սարգսյանի՝ 1998-ից ի վեր գործարանը սնանկ ճանաչվելուց և լուծարվելուց հետո մի քանի անգամ վերավաճառվել է,  և հիմա նրանք չգիտեն, թե  ումից պահանջեն իրենց հասանելիք բաժնեմասը: Բացի այդ, 1994-1996 թթ. առաջացած 20 մլն շահույթից նրանց ոչ մի կոպեկ չի վճարվել, նրանք էլ չեն պահանջել. «Էն ժամանակ, որ ուզում էիք,ասում էին ժամանակը կգա, կստանաք, բայց 2008-ին տուն ուղարկեցին՝ ասելով, թե 2 ամիս հետո կաշխատենք, ու անընդատ ձգձգեցին, մենք էլ ամենքս մեր գլխի ճարը տեսանք, հիմա էլ բոլորը չեն այստեղ, շատերը Ռուսաստաններում են»,-ասում է 1961-ից գործարանում աշխատած բանվորներից մեկը:

 Ընդանուր առմամբ, գործարանի բաժնետերերի թիվը 1410 է։ Մինչև հիմա ստորագրահավաք է տեղի ունենում, որպեսզի 1994թ. տվյալներով գնահատված 700 մլն դոլարի 20%-ից բոլորն ստանան իրենց հասանելիքը:

   Գործարանի լուծարման արդյունքում 2050 բնավորներ մինչև հիմա չեն ստացել հասանելիք աշխատավարձը և վերջնահաշվարկը: Կարծես դա էլ բավական չէր. կենսաթոշակային տարիքի  հասած մարդիկ  խնդիրներ են ունենում կենսաթոշակային ֆոնդի հետ և բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնում. աշխատանքային ստաժը  հանելով պետարխիվներից ' 1996-ից  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության սոցիալական ապահովագրության պետական ծառայությանը չեն փոխանցվել համապատասխան վճարումները;

Այսօր նրանք զարմանում են՝ տեսնելով գործարանի փլված պատերը, և հիշում, որ երկրաշարժից տուժած մասնաշենքերը 1989-1993 թթ. հիմնովին վերանորոգվեցին։ Ընդհանուր առմամբ, 15 մլն ԽՍՀՄ ռուբլի ծախսվեց.-«Երկրաշարժից հետո ստեղծվեց միավորում, որի կազմում էին Մարգահովիտի, Մեծավանի, Ալավերդու և Զագոտզեռնոյի մասնաճյուղերը։ Գործարանի հաշվեկշռին էին նստած մանկապարտեզը, «Թեժ լեռ» հանգստյան տունը, 2 բնակելի շենք Տարոն 4 թաղամասում, որը կառուցվելուց հետո պետք է հատկացվեր անօթևան բանվորներին,   3 հա հողատարածք։ Դրանք բոլորը,  ներառյալ՝ գործարանի շենք-շինությունները, նաև հաստոցները,  վաճառվել են խիստ գաղտնի մթնոլորտում»-ասում է բաժնետերերի ներկայացուցիչ  Միքայել Սարգսյանը:  Հիմա դրանք տարբեր սեփականատերեր ունեն, սակայն ոչ մեկին նրանք չեն ճանաչում և երբևէ չեն տեսել:

Նրանք լուրջ կասկածներ ունեն, որ այսօրվա սեփականատերերը թալանել են նաև պետությանը, և հուսով են, որ Աժ-ի հատուկ հանժնաժողովը կպարզի, թե պետությանը պատկանող 80% բաժնեմասն ինչ է եղել:

Գործարանի  բաժնետերերը  բաց նամակներ ու դիմում-խնդրանքներ են ուղղել  նաև ՀՀ Մարդու իրավունքներիպաշտպանին ու փաստաբանների միությանը:                                                                                                                                         Նելլի Դավթյան

Վանաձոր

Այս խորագրի վերջին նյութերը