Լրահոս

08.04.2014 17:32


Ստեփան Դանիելյան. «Վարչապետի հրաժարականով թուլանում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը»

Ստեփան Դանիելյան. «Վարչապետի հրաժարականով թուլանում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը»

Hetq.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ
-Վարչապետի հրաժարականն ի՞նչ քաղաքական տեղաշարժ կարող է ունենալ: Մասնավորապես, ի՞նչ կփոխի այն կառավարությանն անվստահություն հայտնած խորհրդարանական 4 ուժերի քաղաքական կուրսում:

-Վարչապետի հրաժարականը, բնականաբար, փոխում է քաղաքական դասավորվածությունը: Նախ թուլանում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը: Այն, որ Սերժ Սարգսյանը ասաց, որ կնշանակի մի այնպիսի վարչապետ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, արդեն իսկ նշանակում է, որ թուլանում են և իր դիրքերը, և Հանրապետական կուսակցության դիրքերը:

Մինչ այդ հանրապետականների հայտարարությունների տոնայնությանը բնորոշ էր ջունգլիների օրենքներին: Նրանք միշտ հայտարարում էին, որ հզոր են, սակայն մյուս ուժերի հետ հաշվի նստելը վարչապետի ընտրության հարցում արդեն իսկ նշանակում է, որ հարաբերությունները փոխվում են: Այսինքն` արդեն այդքան էլ հզոր չեն:

Եվս մի կարևոր միտում. քանի որ նոր վարչապետը ընդունելի է լինելու նաև մյուսներին, դա նշանակում է, որ նոր վարչապետը չի լինելու միայն հանրապետականների թեկնածուն` անկախ նրանից, թե Հանրապետական կուսակցության անդամ կլինի, թե ոչ: Այսինքն` նոր վարչապետը խորհրդարանում ոչ միայն խորհրդարանական մեծամասնության վրա է հենվելու:

Մենք բոլորս ենք հասկանում, թե ինչ փիլիսոփայության վրա է կառուցված այդ կուսակցությունը: Ոհմակը միավորվում է առաջնորդի շուրջը, և երբ կասկածի տակ է դրվում առաջնորդի ամենազորությունը, ապա ոհմակը սկսում է քայքայվել: Այս առումով մենք կարող ենք ևս մեկ միտում աձանագրել. չի բացառվում, որ մոտ ժամանակները Հանրապետական կուսակցությունը սկսի տարանջատվել տարբեր խմբավորումների:

Բնականաբար, այս նոր իրավիճակը ենթադրում է, որ 4 խորհրդարանական ուժերը պետք է սրբագրեն իրենց մարտավարությունը, ինչպես նաև ռազմավարությունը:

Ըստ էության կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը սկսել է իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու գործընթաց:
-ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն բացառել նորից կոալիցիա մտնելը: Դա չի՞ ենթադրում, որ քաղաքական դասավորությունը կդառնա այնպիսին, ինչպիսին 2008թ. ապրիլին էր` Սերժ Սարգսյանի պաշտոնավարության սկզբում:
-2008-Սերժ Սարգսյանը դեռ նոր էր սկսել նախագահ աշխատել և քաղաքական օրակարգը այլ էր: Հիմա Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, և պայքարը գնում է իշխանության համար: Եթե հիմա կոալիցիա կազմվի, ապա այդ կոալիցիայի արդյունքում հանրապետականների դերը երկրորդական կլինի: Սերժ Սարգսյանը շատ քիչ լծակներ կունենա իրավիճակի վրա ազդելու համար: Առանց խորհրդարանական մեծամասնության՝ նախագահի ազդեցությունը բավականին սահմանափակ է:

-Դուք բավականին վստահ եք խոսում Սերժ Սարգսյանի` իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու մասին: Ո՞րն է այդ վստահության հիմքը:
-Իմ կարծիքով, երկու պատճառ կա այդպես մտածելու համար: Առաջին պատճառը Սերժ Սարգսյանի անհատական վարքագիծն է: Նա ոչ թե առճակատման գնացող, այլ ստվերային գործարքների հակված անձնավորություն է. հակապես եթե հաշվի առնենք այն, թե իր գործուեության ընթացքում որքան իրավախախտումներ է թույլ տվել: Նա կաշխատի պայմանավորվել, քան ճակատամարտ տալ: Երկրորդ պատճառը` արտաքին ուժերի վստահությունը բացակայությունն է: Ես նկատի ունեմ միաժամանակ բոլոր արտաքին խաղացողներին: Նա ոչ մի ճակատում հենման կետ չունի:
Հարցազրույցն ամնողջությամբ՝ hetq.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը