Լրահոս

19.08.2009 17:38


Հնդկաստանից միս ներմուծող ընկերությունները կեղծարարություն են կատարել

Հնդկաստանից միս ներմուծող ընկերությունները կեղծարարություն են կատարել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետությունում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու և վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին։

ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանը նշել է, որ Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակությունն օգոսոտոսի 2-ից 9-ն այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից։ Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով։ Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ։

Պատվիրակության ղեկավարը նշել է, որ խումբը եղել է նաև այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, և որ մսի ներկրումը պետք ապահովել պետական լուրջ հսկողության ենթարկվող ձեռնարկություններից։

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաև որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ։ Հնդկասատանում այդ չափանիշներին համապատասխանում է 17 ընկերություն, որոնք մսի շուկայի 85%-ն են ապահովում։ Մինչդեռ ներմուծված մսի 21%-ն է միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղի է ունեցել կեղծարարություն, այսինքն՝ Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձևակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ։

«Միայն համպատասխան սերտիֆակացված միսը մենք կարող ենք թույլ տալ ներմուծել Հայաստան, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչներին, ազգաբնակչությանը որևէ ռիսկ չի սպառնում»,- ասել Տիգրան Սարգսյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հանրապետություն ներմուծվող մսամթերքի նկատմամբ, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ օպերատիվ աշխատանքներ իրականացնել ներմուծվող ընկերությունների կողմից աղաղակող թերությունները բացառելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը