Մեկնաբանություն

08.04.2014 13:30


Ապրել ու չմահանալ «Ապահով Հայաստանում». սա՛ է խնդիրը

Ապրել ու չմահանալ «Ապահով Հայաստանում». սա՛ է խնդիրը

Պատմության դեպքերն իրական են, գործող անձանց անուններն են փոխված։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։

Գյուղատնտեսության նախարարը բացում է պահածոյացված կարմիր պղպեղն ու սկսում ուտել։ Երկու ժամ հետո նախարարի մոտ հանկարծակի էպիգաստրալ շրջանում ցավեր են սկսվում, ևս մեկ ժամ հետո՝ սրտխառնոց, փսխում, լուծ։

Պաշտոնյան մի կերպ իրեն գցում է դեպի ծառայողական հեռախոսը (բջջային կապը չէր աշխատում) ու զանգում Առողջապահության նախարարին. «Հասի՛ր»։

Առողջպահութան նախարարը հասնում է ու տեսնելով գործընկերոջը՝ հասկանում ՝ բոտուլիզմ։ Երբ իմանում է, թե ինչից է սկսվել, քարանում է. մեկ ժամ առաջ ինքն էլ էր նույն պղպեղից կերել։ Նախարարի մոտ անմիջապես բարձրանում է շաքարը՝ հասնելով վտանգավոր կետի։ Նա էլ իրեն գցում է դեպի ծառայողական հեռախոսն ու զանգում շտապ օգնություն. «Հասե՛ք»։ Շտապ օգնությունը հասնում է, բայց ավելի լավ է՝ չգար. «Ինսուլին չկա՛, ոչ մի հիվանդանոցում չկա՛»։

-Ո՞նց չկա, բա ի՞նչ կա։

-Անալգին, դիմեդրոլ...

-Դատի եմ տալու,– գոռում է առողջապահության նախարարն ու ծառոյական հեռախոսով կապվում է Ֆինանսների նախարարի հետ. «Անմիջապես կատարե՛ք ինսուլին գնելու համար նախատեսված փոխանցումները»։

-Չենք կարող,–ասում է ֆիննախը,–դրանք օֆշորում են։ 10 օրից նոր կլինեն։

-Դատի եմ տալու.– գոռում է առողջապահության նախարարը...

-Վա՜տ եմ,– ցավերից գալարվում է գյուղատնտեսության նախարարը։

Առողջապահության նախարարն իր վարորդին ուղարկում է հայտնի դեղատների ցանց։ Վարորդին կանգնեցնում են պետավտոտեսուչներն ու երկար-բարակ սկսում խախտումներից խոսել։ Վարորդի հուզական բացատրությունները, թե թողեք՝ դեղերը հասցնեմ մարդկանց, ի՜նչ մարդ, նախարարներին, չեն անցնում... Ոստիկանները ստիպված բացատրում են՝ օրվա պլան կա. պարտավոր ենք։

-Կսպանե՜մ,– գոռում է առողջապահության նախարարը։ Ուզում է զանգել արդարադատության նախարարին, բայց հիշում է, որ արդարության վիճակն իրենից վատ է։ Բացի այդ էլ՝ «Ես զանգեմ դրա՞ն»։

-Աստվա՜ծ ջան,– մղկտում է գյուղատնտեսության նախարարը,– էս ինչի՞ սենց եղավ...

«Աստված» բառի վրա դուռը բացվում է, ու մտնում է արքեպիսկոպոսը։ Նրան տեսնելուն պես նախարարները սկսում են լացել։

-Տե՛ր հայր, դու միայն գնա՛, խնդրում ենք, գնա՛...

Նեղացած արքեպիսկոպոսը դուրս է գալիս՝ չհասնելով ներկայացնել իր «ինչքան ցանկանում եք, այնքան տվեք» ծառայությունների ցուցակը։

Սրանով նախարարների ծանր օրը չավարտվեց։ Օրվա հարվածները հետևեցին մեկը մյուսին։ Կարիք չկա շարունակելու Հայաստանի շարքային քաղաքացուն լավ ծանոթ իրավիճակների թվարկումը։

Պարզ է նաև, թե ինչ եղավ նախարարների հետ. սա «Ապահով Հայաստանն է»...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը