Մեկնաբանություն

07.04.2014 22:50


«Դե, մի հատ կամեռային այ սենց ձեռով արեք»

«Դե, մի հատ կամեռային այ սենց ձեռով արեք»

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Տարոն Մարգարյանը որշել էր կանանց եւ աղջիկներին ծաղիկ ու բացիկ նվիրել: Հատուկ իր անունից:

Հավանաբար, կարմիր կետագծերի, նկարահանող սարքերի կամ արագաչափերի 30–տոկոսանոց փայաբաժնից մի քիչ գումար էր հետ գցել եւ ծաղիկներ ու բացիկներ էր գնել, որ ուրախացնի երեւանցիներին:

Ծաղիկներն ու բացիկները բաժանելու վայր էր ընտրել Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից տարածքը, ուր տեղադրված մեծ զամբյուղի միջից երիտասարդ աղջիկն ու տղան բաժանում էին «նվերը»:

Տեսարանը, մեղմ ասած, վհատեցնող էր, ահավոր ամոթալի ու խայտառակ: Ինչեւէ, տեսանյութը հնարավոր չէ հանգիստ դիտել: Վրա էին թափվել լիքը կանայք ու աղջիկներ, որոնց ղժժոց-ճչոցներից կարելի էր խլանալ, բոլորը ձեռքերն առաջ մեկնած, իրար հրելով փորձում էին ստանալ իրենց հասանելիք «նվերը»: Կռիվ-ղալմաղալ, վեճ, գոռգոռոցներ. բաժանողների մեջքին խփելու ձեւով հավաքվածները փորձում էին ստանալ իրենց ծաղիկներն ու բացիկները:

Բաժանող եիտասարդն ու աղջիկն էլ իրենց հերթին էին գոռում, թե համբերե՛ք, բոլորիդ էլ կհասնի՝ «Հեսա էլի կբերեն, սպասեեեե՛ք, վա՛յ», «Ա՛յ, մորքուր ջան, մի բրդի՛»:

Նայում էի ու մտածում՝ լավ, էս ժղովուրդն էս երբ այսպես «վայրենացավ», կամ ավելի ճիշտ՝ ե՞րբ վայրենացրին։ Նույնիսկ «ցրտի ու մթի տարիներին» ձրի բաժանվող լոբին ու ձեթն ստանալիս այսպես իրենց չէին «կոտորում», այսպես չէին բղավում ու հրմշտում իրար:

Աբովյանում տեղի ունեցած հայտնի արարողության ժամանակ կրկին հրմշտոց էր։

Մեկ ամիս առաջ էլ նույն տեսարանն էր «Երեւան-Մոլ» առեւտրի կենտրոնի բացման ժամանակ, երբ տորթ էին բաժանում:

Բայց՝ ոչ, այսօրվա տեսարանն իր «դեցիբելներով» մի քանի անգամ գերազանցում էր նախորդին:

Մտածում ես, լավ, հարս ու աղջիկ, սկեսուր ու մորքուր, տատիկ ու մայր ինչու են այսպես գրոհում, իրենց տանը տղամարդ չունե՞ն, հայր, եղբայր, ամուսին չկա՞:

Երեւի: Հնարավոր է մեկնել են օտար երկրներ՝ աշխատելու:

Ամեն դեպքում, չորրորդ թարմության մի հատ վարդի ու մի բացիկի համար արժե՞ «Պոմպեի վերջին օրը» սարքել, որ իրենց էլ հասնի Տարոնի «նվերից»:

Մյուս կողմից էլ այս ամենը այլ բացատրություն ունի: Երեւանի քաղաքապետարանն այնքան էլ անտեսել երեւանցիներին, այնքան երկար ժամանակ ոչինչ չի արել մայրաքաղաքում ապրողների համար (բացի, որպես փող լվանալու միջոց համարվող կեղծ «Էրեբունի-Երեւան» հանդիսությունները), որ «անակնկալից» գլուխները կորցրել են:

Սակայն ամենաուշագրավն այն պահն էր, երբ քրտնփչած ծաղիկ բաժանող երիտասարդը հանկարծ գործը կիսատ թողեց ու դիմելով հավաքվածներին գոռաց՝ «Դե, մի հատ կամեռային սենց ձեռով արեք»:

Ասեց ու նայելով տեսախցիկին՝ օրինակ ցույց տվեց եւ նրա ձեռքի շարժումը կրկնեցին կանայք:

Ոնց որ նախընտրական շրջան էլ չէ, հետաքրքիր է, Տարոնն իր ծաղիկաբաժանման «գործընթացն» ի՞նչու է նկարում: Թեպետ, ո՞վ գիտե:

Տիգրան Սարգսյանն էլ ապրիլի 3–ի առավոտյան էր «ծաղիկ» բաժանում, բայց իջավ երկոն և ...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը