Մեկնաբանություն

07.04.2014 10:05


Գիտակցությամբ տրեխավորները

Գիտակցությամբ տրեխավորները

Օրեր առաջ ազգային տարազով նախագահականում հայտնված եւ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն հանձնած Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպանը դարձավ շատ լրատվամիջոցների «թոփ-հեգնանքի» զոհը:

Այդ լրատվամիջոցներն իրար հետեւից իրադարձությունը ներկայացրին ծաղրական երանգ պարունակող վերնագրով «դեսպանը տրեխներով»:

Ահագին ուրախացան, հրճվեցին, քրքջացին տրեխների վրա ու պրծան:

Դե, ծաղրելու օբյեկտ էին գտել, բա տեսեք՝ ինչ խայտառակություն է, դեսպանը տրեխներով է այցելել նախագահական պալատ: Իսկ այն, որ այդ մարդը ներկայացնում է զարգացած տնտեսությամբ երկիր՝ դա այնքան էլ կարեւոր չէ:

Լրատվամիջոցների համար կարեւորը տրեխներն էին, ինչի վրա կարելի էր «կայֆ բռնել»:

Լավ, հասկացանք, ազգային տարազով պալատում հայտնված մարդը վաղը-մյուս օրը դիվանագիտական առաքելությունը կավարտի ու կգնա մեր երկրից, բայց ի՞նչ անել գործող իշխանության հետ, որը տրեխավոր է գիտակցությամբ (չնայած, նրանցից շատերն իրենց թանկարժեք հագուկապով դարձյալ չեն կարողանում թաքցնել իրենց իրական տրեխավոր լինելը):

Միայն գիտակցությամբ տրեխավոր իշխանությունը կարող է տարիներ շարունակ խաբել ժողովրդին: Ասենք, վարել արտաքին քաղաքականություն՝ գավառական «շուստրիությամբ» հայտարարելով, թե իրականացնում ենք «և, և»–ի քաղաքականություն, բայց մնալով «կամ, կամ»–ի տակ։

Միայն գիտակցությամբ տրեխավոր իշխանությունը կարող է գլխից մեծ գործեր բռնել, հայտարարել տարածաշրջանային մասշտաբի ծրագրերի մասին, այդ ամենը տապալել եւ ժողովրդին որպես նվեր մատուցել միայն չաշխատող բիոզուգարաններ:

Միայն գիտակցությամբ տրեխավոր իշխանությունը կարող է ստել ու ժողովրդից թաքցնել գազի 300 միլիոնի պարտքը եւ նույն ժողովրդին գցել «կուտակայինի» տակ, քանի որ իրեն վռազ երկար ու էժան փողեր են պետք:

Միայն գիտակցությամբ տրեխավոր իշխանությունը կարող է քծնանքն ու շողոքորթությունը որպես անհրաժեշտ գործելակերպ ու աշխատաոճ տարածել կառավարման համակարգում, այդ համակարգն էլ լցնել ԽԾԲ-ներով:

Առաջնորդվելով տրեխավոր գիտակցությամբ սրանք ՀՀԿ գործադիր մարմինը բարձրացրել, հավասարեցրել ու նույնացրել են պետական ինստիտուտների հետ:

Ինչեւէ, չարժե թվարկել այն ամենը, ինչին բոլորն են տեղյակ եւ տեսել են անցած տարիներին, երբ մեր «տրեխավորներն» իրենց «իմաստուն» կառավարման շնորհիվ կարողացան երկիրն այն օրի հասցնել որ հայտնի կարգախոսը հանգիստ կարող ենք վերաձեւակերպել ու ասել՝ «Առա՛ջ դեպի նախնադար»:

Մինչդեռ, ոմանք օտարերկրյա դեսպանի տրեխներն են հեգնում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը