Մեկնաբանություն

05.04.2014 16:54


Տիգրան Սարգսյանի վերջին րոպեների «սրբերը»

Տիգրան Սարգսյանի վերջին րոպեների «սրբերը»

Եվ այսպես, ապրիլի 3–ի երեկոյան Տիգրան Սարգսյանն իմացավ, որ իր «փորն» է ցավում կամ էլ «քունն» է տանում։

Սերժ Սարգսյանը ԱԺ ոչիշխանական ուժերի ու հանրային ճնշման ուժգնացումից, սպասվող շուրջօրյաներից ու «ռասկաչկայից» վախեցավ։ Արդյունքը եղավ այն, որ նա ստիպված էր «հիշեցնել» «տիրացուին», որ վերջինս մեկ ամիս առաջ է հրաժարականի դիմում գրել։ «Հիշեցրեց» ու ընթացք տվեց Տիգրանի «դիմումին»։

Տ. Սարգսյանի հրաժարականից հետո շատ ախմախ վիճակում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր ինքնավստահ պնդում էին, թե Տիգրան Սարգսյանն ընդմիշտ է ինչպես «Կոկա–Կոլան»։

Ի՞նչ պետք է հիմա ասի, օրինակ, Սամվել Նիկոյանը, ով Տիգրան Սարգսյանին պաշտպանելուն զուգընթաց այնպես էր քծնում նրան, որ «տիրացուն» հաստատ ցավեր էր ունենում մարմնի 5–րդ կետում (թերևս, լավ զգալով այդ ցավերից)։

Ի՞նչ պետք է սրանից հետո խոսի ԺՊ Արմեն Աշոտյանը, կամ նրա բախտակից Դավիթ Սարգսյանը։

Ծանր է նաև Կարեն Ավագյանի, Հերմինե Նաղդալյանի, Ներսես Երիցյանի ու մյուս «մահապարտների» վիճակը։

Սրանք բոլորը հիմա հայտնվել են «Recycle Bin»–ում՝ մի այլ կարգի «Delete» լինելուց հետո։ Անգամ «քիմմաքրումից» հետո «մահապարտները» և Տիգրան Սարգսյանի վերջին րոպեների «սրբերը» ենթակա չեն վերականգնման։

Ոչ պակաս ախմախ վիճակում են նաև Տիգրան Սարգսյանի «փիառ»–ով զբաղվող «անկախագույն» թերթերն ու կայքերը, և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ», ով զբաղված էր հոգի կանչելով ու շամանություն անելով, բայց միևնույն է չկարողացավ փրկել իր «սրբին»՝ ստիպված լինելով հոգեդարձ կազմակերպել «ֆեյսբուքյան» տիրույթում։

Ամենաախմախ վիճակում, բնականաբար, ինքը Տիգրան Սարգսյանն է, ով ամիսներ առաջ մոսկայություն արեց «7or.am»–ի և «Zham.am»–ի դեմ, բայց դե կյանքը ցույց տվեց, թե ով ով է։

Ներքաղաքական ճնշման արդյունքում հեռացված Տ. Սարգսյանն իրեն նախագահի ժառանգորդից հինգ պակաս էր զգում, բայց խիարը թարս բուսնեց (մենք այդ մասին բազմիցս էինք զգուշացրել, իսկ վերջին անգամ դա արեցինք հրաժարականից մի քանի ժամ առաջ

Որքան էլ հիմա իշխանություններն իրենց մանր ու միջին «դհոլների» օգնությամբ շրջանառության մեջ դնեն այն թեզը, թե իբր Տիգրան Սարգսյանի հեռացումն արտաքին ուժերի և մասնավորապես՝ Կրեմլի միջամտության հետևանք է, դա այդպես չէ։

Ծիծաղելի է «վերլուծություն» ներկայացնելը, թե Տիգրան Սարգսյանը աշխատանքային ժամերին սլանում էր դեպի Մաքսային միություն, իսկ ահա գլուխը բարձին դնելիս մտածում էր ԵՄ–ի հետ ասոցացվելու մասին։ Եվ ահա ռուսները վերծանեցին նրա հոգու խորքում գրված կոդն ու հանել տվեցին աշխատանքից։

Եթե մեր երկրում կան ոչխարներ, ովքեր կհավատան «Կրեմլը հանել տվեց Տիգրան Սարգսյանին, քանզի կասկածում էր նրա «մաքսայնացման» անկեղծությանը» կամ «Սերժը Տիգրանին հանեց, որպեսզի կարողանա չեզոքացնել Լևոն Տեր–Պետրոսյանից ու Ռոբերտ Քոչարյանից եկող վտանգները և միաժամանակ ռուսներին ապացուցի իր հավատարմությունը» հեքիաթներին, ապա մենք ոչնչով չենք կարող նրանց օգնել։ Ոչխարներին չեն օգնում։ Դրանց կամ խուզում են, կամ մորթում։ Կամ էլ ոչխարներն ընկնում են գայլի բերան։ Ինչևէ։

Եվ ուրեմն, ևս մեկ անգամ արձանագրենք հետևյալը. Տիգրան Սարգսյանին հեռացնելու նպատակ Սերժ Սարգսյանը չի ունեցել, ինչպես նաև չի եղել Տիգրան Սարգսյանի հեռանալու ցանկություն (մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում տալու պատմությունն իշխանության դեմքը փրկելու պես մի բան է)։ «Տիրացուն» հեռացվել է ոչիշխանական քառյակի ու հանրության ակտիվ շերտերի ճնշման արդյունքում։ Վե՛րջ։ Մնացածը դատարկաբանություն է։

Տիգրանին թվում էր, թե ինքը մնալու է այնքան, ինչքան Սերժ Սարգսյանը, քանզի սիամական երկվորյակներ էին դարձել, բայց դե քաղաքական ու հասարակական ճնշումն այպիսին բան է, որ ստիպում է վիրահատական ճանապարհով տարանջատվել «երկվորյակներին»։

Դեռ երեկ Տիգրանն անսասան էր թվում, իսկ այսօր նա արդեն պետք է պատրաստվի դատախազությանը տրվելիք ցուցմունքներին՝ օֆշորի, միլիարդավոր դոլարի հասնող վարկերի, բյուջետային «ատկատների» ու այլ հոդվածների գծով։ Թե չէ հրաժարականը երկրային դրախտի կվերածվի Տիգրանի համար. մարդը եկավ, վեց տարի երկրի հերն անիծեց, երիտթուրքերի պես հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ դարձավ, աղքատության աճի ֆոնին ավելացրեց անձնական եկամուտները և հիմա պետք է հանգիստ մեկնի Իսպանիա՝ վայելելու համար թալա՞նը։ Չի՛ կարելի նման բան թույլ տալ։ Տիգրանի քրեական պատասխանատվության հարցը պետք է դառնա քաղաքական օրակարգի գլխավոր կետերից մեկը։ Որպեսզի մյուսներին էլ դաս լինի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը Տիգրանին հեռացնելով ցույց տվեց, որ ուժ տեսնելիս պատրաստ է «փուռը» տալ ցանկացածին, միայն թե մի քիչ էլ մնա։ Թե ինչքան կլինի այդ «մի քիչը», կրկին կախված է ոչիշխանական ուժերի և հանրության լայն շերտերի համախմբվածությունից։ Պետք է շարունակել և զարգացնել հաջողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը