Մեկնաբանություն

04.04.2014 22:34


«Նոր աչքով» նայել ավերակներին

«Նոր աչքով» նայել ավերակներին

Սերժ Սարգսյանն այցելել է Կենտրոնական բանկ, որտեղ պատասխանել է նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին։

«Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, նա խոստովանել է, որ վեց տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սարգսյանը չի կարողացել լուծել անգամ նվազագույն խնդիրները, տնտեսական աճ չի ապահովել, «բարեշրջումները» թողել է թղթի վրա եւ, որ ամենակարեւորն է՝ երկրի քաղաքացիները երբեք չեն հավատացել եւ չեն վստահել Տիգրան Սարգսյանին եւ նրա կաբինետի գործունեությանը:

Նույնն է, թե ժողովուրդը չի հավատացել եւ չի վստահել իրեն՝ Սերժ Սարգսյանին, քանզի հենց ինքն է վեց տարի վարչապետի աթոռին պահել ու պահպանել Տիգրան Սարգսյանին: Ի հեճուկս ՀՀ քաղաքացիների:

Ու հիմա, երբ արդեն, ինչպես ասում են, բանը բանից անցել է, երբ երկրի բոլոր ոլորտներում տիրող իրավիճակը ծանր է՝ Սերժ Սարգսյանը որոշել է «նոր աչքով» նայել եղած խնդիրներին ու ոլորտներին:

Երեւի, այսուհետ ինքն ու իր թիմն իրենց քաղաքական ընդդիմախոսներից կվերցնեն «սեւ ակնոցները», ինչում շարունակ մեղադրում էին ընդդիմախոսներին եւ իրենք կկրեն այդ «սեւ ակնոցները»:

Ամեն դեպքում, մի քիչ դժվար է պատկերացնել, թե նոր ձեւավորվող կառավարությունը եւ ինքը՝ Ս. Սարգսյանն անձամբ եթե այսքան ուշացումով եւ թեկուզ «նոր աչքով» սկսեն նայել ավերակներին, ապա որքանո՞վ կարող է նրանց օգնել այդ «նոր աչքը»՝ սեփական ձախողված ծրագրերը կյանքի կոչելու հարցում:

Այս առումով ահա նույնքան դժվար է ասել, թե ինչ են տալու կառավարությունում կատարվող էական փոփոխությունները, եթե նոր կազմը շարունակելու է կենսագործել հին կառավարության հաստատած սոցիալ-տնտեսական ծրագիրը:

Եթե շարունակելու են իրականացնել նույն քաղաքականությունը, ապա ոչ մի դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ:

Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանը նաեւ «անկեղծացել» է՝ ներկայացնելով վարչապետի հրաժարականի պատմությունը. «Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը»:

Նախ, այդպես էլ անհասկանալի է մնում, հիմա Տիգրան Սարգսյանը մարտի 3-ին հրաժարականի գրավոր դիմո՞ւմ է ներկայացրել, թե՞ «մտադրություն» հայտնել:

Ինչպես նաեւ պարզ չէ, թե ի վերջո, երբ է այդ քայլն արել Տիգրան Սարգսյանը՝ մարտի 3-ին, թե փետրվարի 3-ին: Ինքը՝ Տիգրան Սարգսյանը նշել է փետրվար ամիսը:

Ամսաթվերի խառնաշփոթն ու այլ հանգամանքներ վկայում են, որ Տիգրան Սարգսյանին պարտադրվել է հրաժարական:

Բայց սա արդեն երկրորդական հարց է, և այն կարելի է մի կողմ դնել:

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ առաջնորդը, ով թեեւ արդարանալու պես ասում է, թե երբ ինքը նշել է մարտի 3-ը, դրանով չի ցանկացել, որ ասվի՝ «տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել», սակայն ՀՀԿ վերնախավի մի քանի անդամներ եւ նախարարներ երեկ հենց դա էին շեշտում՝ շարունակ հայտարարելով, թե վարչապետի հրաժարականը չի եղել ոչիշխանական ուժերի ճնշման տակ:

Հետաքրքիր է, եթե Սերժ Սարգսյանը ցանկություն չի ունեցել ցույց տալու, որ քաղաքական ուժերի ճնշման տակ չի արել այդ «բանը»՝ ի՞նչու էին նրա թիմակիցները առաջին հերթին հենց դա շեշտում, որ «հրաշալի քառյակի» գործողությունները կապ չունեն Տ. Սարգսյանի հրաժարականի հետ: Երբ, մանավանդ, իրենց առաջնորդն, ըստ էության, իր խոսքում ակնարկում է, որ «ինչ-որ քաղաքական ուժերի» ճնշման գործոնն իր դերն ունեցել է:

Այնուհետ, Սերժ Սարգսյանը գնահատելով Տիգրան Սարգսյանի «տիտանական ջանքերը» նշել է. «Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»:

Շատ զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտական, երբ անցած վեց տարին Սարգսյանը բնորոշում է որպես «ամենածանր», «ամենատաժանակիր», իսկ Տիգրան Սարգսյանի աշխատանքն էլ «ամենաանշնորհակալ»:

Մարդն իր համար քեֆ էր քաշում, մեռելոցների թիվն էր ավելացնում, մխրճվել էր օֆշորային սկանդալի մեջ, արտաքին պարտքն էր ավելացնում, 300 հազար մարդու էր երկրից քշում…Սրա ի՞նչն է տաժանակիր կամ ծանր ու անշնորհակալ գործ: Հատկապես որ Սերժ Սարգսյանը շնորհակալ է եղել ու վեց տարի պահել Տիգրան Սարգսյանին։ Ու դեռ էլի կպահեր, եթե չլինեին քառյակի քայլերն ու ուժի ցուցադրումը։

Դե, իսկ կառավարության անդամների տեսքն էլ տեսնում ենք, ապրուստն ու կենսամակարդակն էլ հայտնի է: Ամեն մեկը մի բիրդան աղա է:

Այսպե՞ս էին չարչարվում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է խոսում 20 տարի հետոյի մասին: Սակայն ճիշտ կաներ նախ այսօրը տեսներ, թե ինչ վիճակի է հասցրել երկիրն ու ժողովրդին:

Երկիրն այսօր այնպիսի ծանր իրավիճակում է հայտնվել, որ եթե մի քիչ էլ պահպանվի այս իրավիճակը, ապա անգամ 10 տարի հետոն է վտանգված:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը