Քաղաքական

04.04.2014 17:20


Սերժ Սարգսյան. «Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար»

Սերժ Սարգսյան. «Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար»

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Նա պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:

Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին նա պատասխանել է.

«Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը:

Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը