Մեկնաբանություն

04.04.2014 10:10


«Հրաշալի քառյակի» և քաղհասարակության համատեղ հաղթանակը. ճնշումը պետք է ուժեղացնել

«Հրաշալի քառյակի» և քաղհասարակության համատեղ հաղթանակը. ճնշումը պետք է ուժեղացնել

Որքան էլ Սերժ Սարգսյանը Էդվարդ Շարմազանովի շուրթերով հայտարարի, թե Տիգրան Սարգսյանը դեռևս մեկ ամիս առաջ է հրաժարականի դիմում ներկայացրել, և ինքն ընդամենն այդ դիմումը բավարարել է՝ սպասելով «կուտակայինի» թեմայով ՍԴ որոշմանը, դա այդպես չէ (մանավանդ որ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում «կուտակայինի» պահը չի նշում որպես հրաժարականը մեկ ամիս հետաձգելու պատճառ)։

Նույն Շարմազանովն ու այլ հանրապետականներ վերջին մեկ ամսում պարբերաբար հայտարարում էին, որ կառավարության հրաժարականի հարց ՀՀԿ–ի օրակարգում չկա։ Հիմա պարզվում է, որ մեկ ամիս շարունակ սուտ են խոսել մեծամասնության ներկայացուցիչները։ Թեև, հանուն արդարության, պետք է նկատել, որ կառավարության հրաժարականի հարցով նրանք չեն ստել։ Նրանք հիմա են ստում։

Կարող եք չկասկածել։ Տիգրան Սարգսյանը միայն երեկ երեկոյան է իմացել, որ մեկ ամիս առաջ ինքն ուզեցել է հրաժարական տալ, սակայն միայն «կուտակայինի» հարցով ՍԴ որոշումից հետո է բավարարվել իր ցանկությունը։

Դեռ երեկ առավոտյան վարչապետը հայտարարում էր, թե մինչև սեպտեմբերի 30–ը «կուտակայինը» պարտադիր գանձելու են։ Դեռ երեկ կեսօրին նա մարտական տրամադրություն ուներ և հոխորտում էր կառավարության նիստի ժամանակ։

Ասելս այն է, որ Տիգրան Սարգսյանի վերջին մեկ ամսվա և հատկապես երեկվա պահվածքն ամենևին չէր հուշում, որ նա մեկ ամիս առաջ դիմում է գրել, և օրվա վերջում անհամբեր սպասում է, թե ինչպես են իր դիմումին ընթացք տալու։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կադրային ու այլ հարցերում կայացնում է «գիշերային» և միանձնյա որոշումներ։ Սա այդ դեպքն է, և Տիգրան Սարգսյանը թող գոնե հեռանալիս չստի։

«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված»,– գրում է Տիգրան Սարգսյանն իր միկրոբլոգում։

Հարկ է նկատել, որ եթե Տիգրան Սարգսյանը հրաժարականի որոշման մասին մտածեր, ապա այն պետք է կայացներ 2009թ. մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո, երբ դրանից մեկ տարի առաջ խոստացել էր 8-10 տոկոս տնտեսական աճ, սակայն Հայաստանի ՀՆԱ–ն դրամական արտահայտությամբ կրճատվեց 14,4 տոկոսով (դոլարային հաշվարկով՝ ՀՆԱ անկումը կազմել է շուրջ 40 տոկոս)։

Եթե Տիգրան Սարգսյանը խոսում է հասունացած ու գիտակցված որոշումից, ապա այն կարող էր կայացնել նաև օֆշորային սկանդալից, բիոզուգարանային պատմությունից կամ միլիարդավոր վարկային միջոցների փոշիացումից հետո։

Իշխան Զաքարյանի գլխավորած պետական մարմնի ստուգումներից ու բյուջետային միջոցների թալանի հայտնաբերումից հետո Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարականի ուղարկեր Տիգրան Սարգսյանի կառավարությանը, սակայն ՀՀԿ ղեկավարը քննադատեց Զաքարյանին չարաշահումների մասին հրապարակավ հայտարարելու համար։

Եթե փետրվար ամսին հրաժարականի դիմում կար, և իշխանական երկյակն ընդամենը սպասում էր «կուտակայինի» թեմայով զարգացումներին, ապա ինչո՞ւ էր նույն փետրվար ամսին Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ հեռակա կռիվ տալիս ոչիշխանական ուժերի ու հանրության 80 տոկոսի հետ՝ արդարացնելով տնտեսական աճի իր իսկ հանձնարարած ցուցանիշների չապահովումն ու պաշտպանելով «Ժամանակի մեքենա» որակված կենսաթոշակային «բարեշրջումը»։

Եվ վերջապես, Տիգրան Սարգսյանը կարող էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ մեկ գիշերվա մեջ Հայաստանը ԵՄ–ի հետ ասոցացման կուրսը փոխարինեց ՄՄ–ի հետ ինտեգրացիայով։

Եվրաջատագով ներկայացող և Մաքսային միության հետ ինտեգրացիան բացառող Տիգրան Սարգսյանը պետք է նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին քաղաքական ու սկզբունքային որոշում կայացներ և դիմումը գրեր։ Մինչդեռ նա հայտարարում է, թե փետրվարին է դիմում տվել (ի դեպ, այս հարցում էլ Էդվարդ Շարմազանովի և Տիգրան Սարգսյանի խոսքերը չեն բռնում, քանզի առաջինը նշում է, թե մեկ ամիս առաջ է եղել հրաժարականի դիմում, այսինքն՝ մարտ ամսին, իսկ ահա երկրորդը նշում է փետրվար ամիսը)։

Հիմա հարց է առաջանում, թե ի՞նչ գործոնների ազդեցության տակ և ինչու՞ է Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին «հիշեցրել», որ վերջինս մեկ (կամ էլ՝ երկու) ամիս առաջ է ուզեցել լքել կառավարության շենքը, իսկ վարչապետն էլ «հիշել» է, որ հրաժարականի դիմում է գրել ու մեծ ուրախություն է ապրել «հասունացած ու խոր գիտակցված» իր որոշումն ի կատար ածվելու կապակցությամբ:

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացրել է ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ ապրիլի 28–ին կառավարության հրաժարականի հարցի բարձրացումից ու ոչիշխանական ուժերի համատեղ շուրջօրյա հանրահավաքին ակցիաների անցկացումից խուսափելու համար։

Ասել է թե՝ կառավարության հրաժարականը «Հրաշալի քառյակի», «Դեմ եմ»–ի և հասարակական ակտիվություն ցուցաբերող այլ խմբերի հաղթանակն է։ Ու արդեն կապ չունի, թե ինչպես են մեկնաբանում վարչապետի հրաժարականը ՀՀԿ–ում։

Սերժ Սարգսյանն ուժ տեսավ և վախից որոշում կայացրեց։ Նա մեկ անգամ չէ, որ ապացուցել է. ընկրկում է հանրային ալիքի առաջ։

Իսկ սա նշանակում է, որ պետք է ճնշումն ուժեղացնել։ Ոչիշխանական ուժերը առաջ են քաշել երկու խնդիր, այն է՝ 1. գործող կառավարության հրաժարական, և 2. նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորում։ Սա ամբողջական իշխանափոխության փուլային ու անցնցում տարբերակն է։

Սերժ Սարգսյանը բավարարել է չորս ուժերի առաջին պահանջը՝ տուն ուղարկելով Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ Այժմ հերթը քառյակին գործադիր իշխանության լծակները հանձնելունն է։ Եթե դա չի արվելու, այլ Ս. Սարգսյանը գնալու է անձերի, այլ ոչ թե քաղաքականության փոփոխության, ապա ուժի մեջ են մնում ոչիշխանական ուժերի և մասնավորապես ԲՀԿ–ի այն նախազգուշացումները, որ կարող են լինել ցնցումներ և բարիկադներ, որի պատասխանատուն կլինի իշխանությունը։

Սերժ Սարգսյանը «ա»–ն ասել է, պետք է ասի նաև «բ»–ն։ Այսինքն, կիսաքայլերը ոչինչ չեն փոխելու և լարվածություն չեն թուլացնելու։

Եթե Սարգսյանը համապատասխան հետևություններ է արել աշխարհում տեղի ունեցող զարգացումներից և ուզում է համարժեք գտնվել իրավիճակին, ապա պետք է ընդունում–հանձնում նախաձեռնի։ Հակառակ պարագայում կարող է իզուր տեղն իր սիրելի Տիգրան Սարգսյանի «հրաժարականը» չընդունել. միևնույն է՝ «հրաժարականը» հարց չի լուծելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը