Մեկնաբանություն

03.04.2014 15:05


Աշխարհի ամենաանհեթեթ օրենքները. այո՜, Գագո՜

Աշխարհի ամենաանհեթեթ օրենքները. այո՜, Գագո՜

Աշխարհի տարբեր վայրերում գործում են օրենքներ, որոնք իրենց անհեթեթությամբ կարող են միայն անզուսպ հռհռոց առաջացնել։ Դրանք թղթի վրա կան, բայց այնքան աբսուրդային են, որ «օրենք» ասվածին ոչ ոք, բնականաբար, լուրջ չի վերաբերվում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դատե՛ք ինքներդ։

Օկլահոմայում շներին արգելված է խմբերով հավաքվել, եթե նրանք չունեն քաղաքապետի հատուկ թույլտվություն։

Ալաբամայում արգելված է մեքենան վարել փակ աչքերով։

Ֆրանսիայում արգելված է խոզերին Նապոլեոն անունը տալ։

Իսրայելում արգելված է ուրիշի քթին ձեռք տալ շաբաթ օրը։

Կալիֆոռնիայում արգելված է կենդանիներին զուգավորել ցանկացած հասարակական հիմնարկից 500 մ ոչ պակաս հեռավորության վրա։

Ֆիլիպիններում 1 կամ 2 թվերով ավարտվող պետհամարանիշերով ավտոմեքենաներին արգելված է փողոցներով երթևեկել երկուշաբթի օրերին, 3 և 4 թվերով ավարտվողներին՝ երեքշաբթի օրերին, 5 և 6 թվերով՝ չորեքշաբթի օրերին...

Մեծ Բրիտանիայում երկար ժամանակ հակաօրինական էր համարվում Խորհրդարանի շենքում մահանալը։

Հունաստանում մազերի բնական գույն ունեցող ուսանողուհիներին թույլատրվում է պարապմունքներից հեռանալ 15 րոպե շուտ։

Հնդկաստանում մինչև 18 տարեկանն արգելված է քնել ձկան հետ։

Հռհռո՞ւմ եք... Իսկ հիմա ուշադրություն՝ Հայաստանում օրենքի վիճարկվող դրույթները ճանաչվել են հակասահմանադրական, բայց մնացել են ուժի մեջ։ Ստացվում է՝ Հայաստանում ցանկացած հակասահմանադրական գործողություն մինչև սեպտեմբերի 30-ը օրինական է։ Այո՜, Գագո՜...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը