Լրահոս

03.04.2014 11:59


Մերի Մովսիսյան. «Լայն համախմբում. սկիզբը՝ ապրիլի 28-ին»

Մերի Մովսիսյան. «Լայն համախմբում. սկիզբը՝ ապրիլի 28-ին»

Երեկ Սահմանադրական դատարանի «որոշումը» ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը չի ուզում գնալ զիջումների ճանապարհով։ Սակայն սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել. դա պարզից էլ պարզ է։

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության շարժման առաջին իսկ օրերից ոչ մեկ անգամ է նշվել, բարձրաձայնվել ու բազմիցս գրվել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին խնդիրը քաղաքական է, ու հարցը պետք է քաղաքական հարթության մեջ դիտարկել։ Ինչ–ինչ պատճառներով քաղաքացիական հասարակության մի մասը հրաժարվում էր քաղաքականացնելուց՝ կարծելով, որ դրա անհրաժեշտությունը չկա (գուցե դա չափից ավելի ինքնավստահության հետևանք էր, գուցե այլ պատճառների հետևանք... Եկեք ընդունենք, որ իշխանությունը, մեծ հաշվով, դեմ չէ, որ ժամանակ առ ժամանակ հասարակությունը ցույցեր անի, պայքարի սեփական իրավունքների համար։ Մի բան էլ լավ է. ժողովրդավարության միֆ կստեղծվի, կարևորը՝ իշխանափոխություն չպահանջեն)։

Խնդիրն այն է, որ Հայաստանը կայացած ժողովրդավարություն չէ, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա սեփական ներուժի հիման վրա ինչ–ինչ խնդիրներ լուծել։ Հայաստանը դեռևս չի ձերբազատվել ավտորիտար վարչակարգին բնորոշ հատկանիշներից։ Ինչպես ավտորիտար համակարգերում է թույլատրելի ամեն ինչ, բացի քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանում իշխանությունը կողմ է ամեն ինչին, բացի քաղաքականացնելուց։

Հասկանալի է, որ չքաղաքականացնելով՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, անկախ սեփական կամքից, անուղղակի կերպով նպաստեց ՍԴ–ի լղոզված որոշմանը։ Մի բան էլ նպաստեց, որ խնդրի լուծումը երկարի, ինչը բխում է այս իշխանության շահերից։ Ժամկետների երկարաձգումն իշխանությանը խոր շունչ քաշելու հնարավորություն տվեց, իսկ հասարակությանը, մեծ հաշվով, ոչինչ, բացի նորից սկիզբ առնող պայքարից, որը խլում է վերջինիս կենսական էներգիան։ Այս իրավիճակից դուրս գալու միջոց դեռևս մնացել է, այնուամենայնիվ։

Ապրիլի 28-ին 4 ոչ իշխանական ուժերը բարձրացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, և երեք օր շարունակ շուրջօրյա հանրահավաք է լինելու։ Ուզում է մեր հասարակությունը, չի ուզում, ճիշտ է գտնում, սխալ է գտնում, կասկածանքով է լցված, թե ոչ, պե՛տք է գնա համախմբման առաջիկա քաղաքական գործընթացի շրջանակում։ Հակառակ դեպքում դժգոհությունները կլինեն անպատեհ։

Ինչպես ներկայիս զարգացումները ցույց տվեցին, հասարակության մի մասի դիրքորոշումն առիթ տվեց իշխանությանը թուլանալ և ոչինչ չձեռնարկել, այդպես էլ հետո կլինի, եթե քաղաքացիական հասարակության բոլոր շերտերն ու քաղաքական ուժերը լայն համախմբման չգնան։ Դա է պահանջում անցում–համախմբում փուլում գտնվող երկրների ժողովրդավարացման գործընթացը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը